«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2004-12-17 | #228, 2004-12-18 | #229, 2004-12-21


ՀԱՎԻ ՁՎԻ ԳՆԵՐԸ ԹԱՆԿԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԸ

Թռչնաֆաբրիկաներն իրենց ապրանքը վաճառում են նույն գներով

Ինչպես տեղեկացանք տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի լրատվության ծառայությունից, Նոր տարվա նախաշեմին հավի ձվի գների կտրուկ թանկացումների առնչությամբ այս ապրանքային շուկայում հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել: Դրա համար նկատի է առնվել այն հանգամանքը, որ այստեղ առկա են գերիշխող դիրք ունեցող ընկերություն եւ կենտրոնացվածության բարձր աստիճան: Մասնավորապես, գերիշխող դիրք ունի Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան, որը երկու այլՙ Արզնիի եւ Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկաների հետ զբաղեցնում է շուկայի 90 տոկոսը: Սակայն վերոնշյալ ընկերությունները հանձնաժողովին ներկայացրել են ապացույցներ, որ նոյեմբեր ամսվա համեմատ իրենց ապրանքի գինը չի փոփոխվել, այսինքն չի թանկացել: Բացի այդ, վերոնշյալ ընկերությունները ներկայացրել են առեւտրի այն մանրածախ կետերի վայրերը, որտեղ իրենց արտադրանքը վաճառվում է նույն գներով: Այդ խանութների ցանկը, ինչպես տեղեկանում ենք լրատվությունից, կարելի է ձեռք բերել ֆաբրիկաներից:

Հանձնաժողովը հավի ձվի գների թանկացումները համարել է խանութների եւ մանրածախ առեւտրի այլ կետերի նախաձեռնությունը, որը գերշահույթ ստանալու նպատակ է հետապնդում: Այդ պատճառով հանձնաժողովը դիմել է հարկային պետական ծառայությանըՙ «հերթական ստուգումների, հարկերի (շահութահարկի) հաշվարկման եւ հավաքման ժամանակ նկատի ունենալ այս փաստը եւ հաշվի առնել գները բարձրացրած խանութների շահութաբերության մակարդակը»:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4