«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2004-12-17 | #228, 2004-12-18 | #229, 2004-12-21


ԱՎԱՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԽԱՅԾԸ ԽԱԽՏԵՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԽԱԲՈՒՍԻԿ ԱՆԴՈՐՐԸ

Հմայակ Հովհաննիսյանի թեթեւ ձեռքով ներքաղաքական իրականության մեջ նետված խայծը սպասված պտուղները տվեց: Ով էլ լինի այս նախաձեռնության կնքահայրը, կարող է հպարտանալ, որ իր հեղինակած քաղաքական սցենարը հաջողեց: Կամ խայծն էր ճիշտ ընտրված, կամ խորհրդարանի մեծամասնական համերաշխությունն էր վաղուց սպառել իրեն եւ հեշտությամբ ընկավ իր համար ժամանակին լարված թակարդը:

Հնարքն անվրեպ գործեց միանգամից մի քանի թիրախներով: «Օրինաց երկրի» հիմնադիր, ԱԺ նախագահին այն զգուշացում էր, որ խորհրդարանի գլուխ ու հանրապետության երկրորդ մարդ լինելը դեռ չի նշանակում, որ փայփայված խնդրի իրագործման համար նույնիսկ անհրաժեշտ քվորում կարող է հավաքել:

66 խորհրդարանականներով ստորագրահավաքն էլ այլ բան չէր նշանակում, քան որ խորհրդարանում մեծամասնություն ունենալու վարչապետի ու հանրապետականների համոզմունքը եւս ընդամենը հովեր են, որ թեթեւ քամուց ի չիք կարող են դառնալ: Եվ վերջապես գոլորշիացավ կոալիցիայի խաբուսիկ համերաշխության առասպելը, ինչը ժխտելու մշտական ճիգեր էին անում դրա ներկայացուցիչները:

Խորհրդային միության խնայբանկերում ավանդադրված գումարների վերադարձման հարցով արտահերթ նստաշրջանը երեկ չկայացավ քվորումի բացակայության պատճառով: Ներկա էին ընդամենը 43 պատգամավոր`«Արդարություն», «Ազգային միաբանություն», «Օրինաց երկիր» խմբակցություններից: «ՄԱԿ» խմբակցությունից 5 հոգի էր եկել, «Ժողպատգամավորից»` 4: Դաշնակցությունից ստորագրահավաքին միացած միակ պատգամավոր Միքայել Վարդանյանը եւս չկար, չնայած նրա ստորագրությունը, իբրեւ դաշնակցության կողմից լիազոր անձի, առկա է նաեւ այն օրինագծում, որը նախատեսում է 10 կամ 20 տարի անց ավանդները փոխհատուցել 1000 ռուբլին 30 դոլարի հարաբերակցությամբ:

«Օրինաց երկրից» չէին ներկայացել Սայադ Զախարյանը (Երեւանի քաղաքապետի եղբայրը), Արշակ Մխիթարյանը, Ալեքսան Պետրոսյանը: Արտահերթ նիստի տապալմանը հաջողությամբ մասնակցեցին Էմմա Խուդաբաշյանը, ով առաջինն էր ստորագրել ցուցակը, եւ նույնպես անկախ պատգամավոր Մանուկ Գասպարյանը:

Ստորագրահավաքի հեղինակ Հմայակ Հովհաննիսյանը, որի ձայնը մինչեւ կեսօր չէր դադարում խորհրդարանի միջանցքներում, իր նախաձեռնության պես անսպասելի մի հայտարարություն էլ արեց. «Համոզված չեմ, որ այն պատգամավորները, որ այսօր ԱԺ չեն ներկայացել, հիմա տնային կալանքի տակ չեն: Քանի որ չեմ կարծում, որ այս խորհրդարանում կան մարդիկ, ովքեր չեն հարգում սեփական ստորագրությունը, եւ ստորագրելուց հետո կհրաժարվեն մասնակցել այս նստաշրջանին, ուր այդքան կարեւոր խնդիր էր քննարկվելու»:

Հմայակ Հովհաննիսյանը, ինչպես եւ նիստին մասնակցած պատգամավորների մեծ մասը, համոզված է, որ նախօրեին ՀՀ նախագահի այն հայտարարությունը, թե նպատակահարմար չի համարում այս պահին ավանդների հարցով խորհրդարանի նիստ գումարել, ուղղակի հրահանգ էր ստորագրահավաքին մասնակից պատգամավորների համար` չներկայանալ եւ տապալել արտահերթ նստաշրջանը:

Համենայն դեպս, Հմայակ Հովհաննիսյանը ձախողումից չի հուսահատվել: Նա մտադիր է ավանդատուների շահերը ներկայացնել դատական ատյաններում, եւ թող «վերջիններս պատրաստ լինեն ընդունելու 2 մլն հայցեր»:

Արցախում ավանդների վերադարձն սկսվել է Ռոբերտ Քոչարյանի անմիջական աջակցությամբ

Արտահերթ նիստի տապալումից անմիջապես հետո ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ճեպազրույց տվեց լրագրողների համար: Իրադարձությունների անցանկալի ընթացքը խորհրդարանի նախագահին էլ չի վհատեցրել: Ավանդների հետագա բախտը հիմա նա կապում է ուրբաթ երեկոյան հանրապետության նախագահի արած այն հայտարարության հետ, թե ավանդների հարցով փետրվարին կստեղծվի նախագահին կից պետական հանձնաժողով: Դրանում կընդգրկվեն գործադիր, օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ եւ պարզապես փորձագետներ: «Մենք ողջունում ենք նախագահի նախաձեռնությունը, համարում ենք դրական քայլ: Ես այստեղ ողբերգություն չեմ տեսնում, գուցե փետրվարին, երբ հանձնաժողովն ստեղծվի, ավելի ամբողջական եզրահանգումներ արվեն: Մենք կգնանք այդ ճանապարհով, եւ կունենանք բարենպաստ լուծում»:

Անդրադառնալով ավանդների վերադարձման հավանականությանն ու հնարավորություններին, Արթուր Բաղդասարյանը մեջբերեց ԱՊՀ երկրների օրինակը, նաեւ եվրոպական ճամփան բռնած Խորվաթիայի: Այդ երկրներում նման գործընթաց վաղուց է մեկնարկել, բայց նրանց քաղաքական գործիչներին ոչ ոք պոպուլիստներ չի համարում: Եթե այդ երկրներում հնարավոր է ավանդները վերադարձնել, ապա ինչու Հայաստանում` ոչ: Եվ բացի այդ` «ԼՂՀ-ում ավանդներն այսօր վերադարձվում են, եւ սկսել են վերադարձնել Ռոբերտ Քոչարյանի անմիջական աջակցությամբ»:

ԱԺ նախագահը հիշատակեց այն ռեսուրսները, որոնց միջոցով կարելի է ավանդների վերադարձը կազմակերպել նաեւ Հայաստանում. «Եթե 43 մլրդ դրամ ավելանում է մինչեւ 2005 թվականի պետական բյուջեն, ես կարծում եմ, արդարացի է 2 մլրդը տրամադրել ավանդներին... Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավանդների վերադարձը պետք է կապել աղքատության վերացման ռազմավարական ծրագրի հետ: Դա նշանակում է, որ գործընթացն առաջին հերթին պետք է ուղղենք ընտանեկան նպաստի ցուցակներում ընդգրկված քաղաքացիներին: Չունեւորները պետք է ստանան, ոչ թե նրանք, ովքեր դրա կարիքը չունեն»:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4