Պնդում է Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը
Իր վերջին մամուլի ասուլիսում Հայաստանի արտգործնախարարը լրատվամիջոցներին ասաց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հանրային կարծիքը պետք է թելադրի, թե որ մոտեցումներն ու տարբերակներն են ընդունելի: «Իսկապես, եթե կա ժողովրդական պահանջ, ենթադրենք, գնալ փուլային տարբերակով, այդ հարցն իսկապես պետք է բարձրացվի, խորհրդարանը քննարկի, իշխանությունների առաջ խնդիր դնի եւ ասվի, որ ժամանակ ենք կորցնում, իշխանությունները սխալ են գործում, պետք է գնալ փուլային տարբերակով», ասել էր Վարդան Օսկանյանը: Հայաստանի նախկին արտգործնախարարներից Ալեքսանդր Արզումանյանը կարծում է, որ Օսկանյանը եւ գործող իշխանությունները հասարակական կարծիք են նախապատրաստում, որպեսզի անցում կատարվի փուլային տարբերակին:
- Պրն Արզումանյան, Հայաստանի առաջին նախագահը վերջերս հայտարարեց, որ այն, ինչ կարող էինք ստանալ 97-ին, այլեւս չենք ստանա: Դուք համաձա՞յն եք այդ տեսակետին:
- Իրավիճակը 1997-ին ավելի բարենպաստ էր հայկական կողմերի համար եւ սեղանին դրված առաջարկները հնարավորություն էին տալիս հասնելու մի կարգավորման, որը բխեր ՀՀ եւ ԼՂՀ ժողովրդի շահերից: Լեւոն Տեր-Պետրոսյանը գտնում էր, որ ժամանակն աշխատում է Ադրբեջանի օգտին եւ պետք էր այն ժամանակ բանակցությունների գնալ, ապագայում նման բարենպաստ պայմաններ չենք ունենա: Կարծում եմ, անցած 7 տարիները ցույց տվեցին, որ առաջին նախագահն իրավացի էր:
- 97-ին մեզ առաջարկում էին ուժերը դուրս բերել վերահսկվող տարածքներից, սակայն դրա դիմաց հստակ չէր ասվում, թե ինչ է ստանում Լեռնային Ղարաբաղը: Դա հաջողությո՞ւն եք համարում:
- 97-ի առաջարկները հրապարակվել են մամուլում: Խոսքն այն մասին է, որ ԼՂ կարգավիճակի վերաբերյալ կար հակադիր, իրար բացառող երկու մոտեցումՙ ադրբեջանականը եւ ԼՂ-ինը: Քանի որ այդ երկու հակադիր մոտեցումները հնարավոր չէր բերել ընդհանուր հայտարարի, այդ պատճառով որոշվեց տարանջատել այդ հարցերի քննարկումները, անցնել փուլային տարբերակի, որն առաջին մասով պարունակում էր հակամարտության դադարեցում, խաղաղ պայմանագրի ստորագրում, որը ենթադրում էր նաեւ ազատագրված որոշ տարածքներից զորքերի դուրսբերում, փախստականների վերադարձ, որոնց դիմաց ԼՂ բնակչությանը տրվում էին միջազգային անվտանգության հստակ երաշխիքներ, Հայաստանն էլ ճանաչվում էր ԼՂՀ անվտանգության երաշխավոր, իսկ կարգավիճակի հարցը դառնում էր բանակցությունների առանձին խնդիր: Այն ժամանակ եւ հիմա էլ կրկնում եմ, որ ամեն մի կոնֆլիկտ համապարփակ չի լուծվում, լուծվում է ինչ-ինչ փուլերի իրականացման միջոցով: Փաստն այն է, որ այսօր սեղանին դրված այսպես կոչված Աստանայի առաջարկները նույն փուլային, սակայն մոդիֆիկացված փուլային տարբերակն են: Այս մասին ոչ մի բանավեճ չկա, եւ ես ողջունում եմ ձեր թերթի ցանկությունըՙ խոսելու այս թեմայի շուրջ: Սոֆիայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստից առաջ իշխանությունները համառորեն պնդում էին, թե իբր կողմերին որեւէ առաջարկ չի ներկայացվել: Ավելինՙ «Արմատ» կազմակերպությունը մեղադրվեց հանրությանը ապակողմնորոշելու, ՀՀ «դիվանագիտական մեծ հաջողությունները» արժեզրկելու, ադրբեջանական կողմին ոգեւորելու եւ մի շարք այլ մեղքերի մեջ: Իրականում «Արմատ» կազմակերպությունը հայտարարություն տարածեց, որում ընդամենն արձանագրվում էր, որ ՄԱԿ-ում ԼՂ հարցի քննարկումների համատեքստում ի հայտ եկավ, որ կողմերին արվել են առաջարկներ: Խոսքը ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սյուզան Մուրի ելույթի մասին էր, որում նա ասաց, որ կողմերին երկու ամիս առաջ արվել են առաջարկներ, համանախագահները սպասում են պատասխանի, այդ պատճառովՙ նպատակահարմար չէ այս պահին գլխավոր ասամբլեայում ադրբեջանական բանաձեւը դնել քվեարկության: Իսկ արդեն Սոֆիայում ԵԱՀԿ նախարարների խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որում կրկին մատնանշեց, որ կողմերին Աստանայում արվել են առաջարկներ եւ կոչ արեցՙ այդ առաջարկների հիման վրա շարունակել բանակցությունները: Բացի այդ, կա մեկ այլ նախադասություն, որի մասին քիչ է խոսվում: ԵԱՀԿ նախարարների խորհուրդն իր հայտարարության մեջ նաեւ նշում է, ինչի մասին հիմա շատ քիչ է խոսվում, որ Պրահայի գործընթացի շրջանակներում հնարավոր եղավ հակամարտության բոլոր չափորոշիչների վերանայում: Սա նշանակում է, որ խոսքը փուլային տարբերակին վերադառնալու, ինչ-որ մոդիֆիկացիայի մասին է:
Աստանայում կողմերին առաջարկվել էր ԼՂ-ից դուրս գտնվող ադրբեջանական տարածքներից հայկական ուժերի դուրսբերում, որի դիմաց անցկացվում են երկու հանրաքվեներ Ադրբեջանում եւ ԼՂՀ-ում: Այս առաջարկը ոչ այլ ինչ է, եթե ոչ փուլային առաջարկ:
- Դուք, լինելով փուլայինի կողմնակից, այսօր էլ կողմնակի՞ց եք այդ մեթոդաբանությանը:
- Նորից գալիս ենք նպաստավոր պայմաններին: Ես կողմնակից էի այն փուլային տարբերակին, որը հնարավոր էր 97-ին: Բայց այս 7 տարիներին մենք ի՞նչ ենք ձեռք բերել: Ընդամենը մենք միջազգային հանրության կողմից լիակատար շրջափակման մեջ ենք, այսինքնՙ 97-ին առկա մեր տնտեսական շրջափակմանը ավելացել է քաղաքական մեկուսացումը, ԼՂ հակամարտության վերաբերյալ միջազգային հանրության ընկալումն էապես փոխվել է: Եթե առաջ խոսք էր գնում ԼՂ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրականացման, ապա այսօր խոսք է գնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճի մասին, բանակցային ձեւաչափը փոխվել է, եւ ԼՂ-ն դուրս է մնացել իր ճակատագրի մասին ընթացող բանակցություններից: Այս փուլայինն այն փուլայինը չէ, որին կողմ էինք մենք, իսկ իրավիճակն ու պայմաններն այսօր նվազ նպաստավոր են հայկական կողմերի համար:
- Պրն Արզումանյան, Դուք կարդացե՞լ եք այն առաջարկը, որը կողմերին ներկայացվել է Աստանայում, եթե անգամ գրավոր նման փաստաթուղթ կա:
- Անշուշտՙ ոչ, դրանք չեն հրապարակվել, եւ ես կարծում եմ, որ ցանկացած բանակցային հիմք հանդիսացող առաջարկի մանրամասները պետք է քննարկվեն կոնֆիդենցիալության պայմաններում: Սակայն ես հիմա մանրամասների մասին չեմ խոսում, այլ այն սկզբունքների, որոնց վրա հիմնվում են առաջարկները: Այս առումով ինֆորմացիան, որին ես այսօր տիրապետում եմ, ինձ հիմք է տալիս պնդելու, որ խոսք է գնում մոդիֆիկացված փուլային տարբերակի մասին:
- Դուք խոսում եք Հայաստանի այսօրվա քաղաքական լիակատար մեկուսացվածության մասին: Չե՞ք կարծում, որ Հայաստանը նման մեկուսացվածության մեջ էր 96-ին Լիսաբոնից հետո, երբ ԵԱՀԿ մյուս բոլոր երկրները դուրս եկան Հայաստանի դեմ:
- Ամենեւինՙ ոչ: Լիսաբոնում փորձ արվեց Հայաստանին պարտադրել կարգավորման տարբերակ, որն անընդունելի էր եւ չէր բխում Հայաստանի եւ ԼՂ ազգային շահերից: Այդ պատճառով Հայաստանը, առաջնորդվելով իր ազգային շահերով, օգտվեց վետոյի իր իրավունքից եւ թույլ չտվեց, որպեսզի Հայաստանին պարտադրվի անընդունելի տարբերակ: Հայաստանը մեկուսացված չէր եւ կարողանում էր միջազգային հանրության շրջանակներումՙ որպես այդ հանրության լիիրավ եւ պատասխանատու անդամ, իր դիրքորոշումները հստակ ձեւակերպել եւ իր մոտեցումներն ընկալելի դարձնել: Այսօրվա մեկուսացված Հայաստանը չի կարողանա վետո դնել, որովհետեւ մթնոլորտն է փոխվել: Այսօրվա Հայաստանը հասել է այնպիսի իրավիճակի, երբ այսօր ՀՀ-ն դիտարկվում է Ադրբեջանի տարածքներն օկուպացրած պետություն: Անցյալում Հայաստանը երբեք չի մեղադրվել այլ երկրի տարածքների ապօրինի իրացման, բնակեցման, էթնիկ զտումներ իրականացնելու մեջ:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ