«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2004-12-18 | #229, 2004-12-21 | #230, 2004-12-22


ԹՈՒՐՔ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱՎԱԼՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ

Դրանց հիմքում Եվրոմիության հետ Թուրքիայի մերձեցումն է

Դեկտեմբերի 18-ին Անկարայի կենտրոնական «Քըզըլ այ» հրապարակում «Եվրոմիության տոնախմբություններն» էին: Հրավառություններով հավաքված այս տոնախմբություններին կառավարության անդամների, Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի պատգամավորների եւ հոծ բազմության հետ, վերադառնալով Բրյուսելից, մասնակցել էին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը:

Դեկտեմբերի 20-ին Անկարայում ներքին գործերի նախարարությանը հարող հրապարակում կազմակերպվեց թուրքական անվտանգության ծառայության 5 աշխատակիցների հուղարկավորությունըՙ մասնակցությամբ Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի, թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հիլմի Օզքյոյքի, վարչապետ Էրդողանի, կառավարության անդամների, Մեջլիսի պատգամավորների, բարձրաստիճան զինվորականների, ինչպես նաեւ զոհվածների հարազատների եւ գործընկերների:

Հատկանշական է, որ հուղարկավորության պահին գործադիր իշխանությունների ներկայացուցիչներին է մոտեցել անվտանգության ծառայության աշխատակից, «Գորշ գայլեր» քաղաքական կազմակերպությանՙ Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելիի թիկնապահ Իսմայիլ Հ. Օզքանը եւ գոռացել նրանց վրա. «Անիծյալ լինեք դուք: Թոլոն փաշայի չափ չեղա՞ք: Չէր կարելի՞ նրանց զրահապատ մեքենա տրամադրել: Երբ Բարզանին եւ Թալաբանին գալիս էին, տրամադրում էիք: Մի՞թե նրանք չէին կարող ինքնաթիռով գնալ»:

Տոնախմբությունները կազմակերպվել էին Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները սկսելու ԵՄ-ի գագաթաժողովի դեկտեմբերի 17-ին ընդունած որոշման առթիվ: Այդ նույն օրը անվտանգության ծառայության աշխատակիցներին Անկարայից Բաղդադ տեղափոխող մեքենան Մոսուլի մոտակայքում հարձակման էր ենթարկվել, որի հետեւանքով աշխատակիցներից 5-ը երկու արաբ վարորդների հետ սպանվել էին, մեկ աշխատակից վիրավորվել էր: Նրանք ուղեւորվում էին Բաղդադՙ փոխարինելու Թուրքիայի դեսպանատանը իրենց գործընկերներին, որոնց ծառայության ժամկետը լրացել էր:

Ակամա հարց է ծագումՙ ինչո՞ւ Օզքանը վարչապետ Էրդողանի եւ կառավարության անդամների վրա գոռալիս հիշատակել էր թուրքական առաջին բանակի զորահրամանատար, գեներալ Հուրշիթ Թոլոնին: Որովհետեւ նա դեկտեմբերի 11-ի ելույթով Մոսուլում թուրքական անվտանգության ծառայության 5 աշխատակիցների սպանության առնչությամբ անուղղակի մեղադրել էր ԱՄՆ-ինՙ սպանությունը վերագրելով ամերիկյան վերահսկողության տակ գտնվող Քրդստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Մասուդ Բարզանիին ենթակա միավորումներին:

Մեղադրանքը հասկանալի է այն առումով, որ Մոսուլը Հյուսիսային Իրաքի մաս է կազմում, իսկ տարածքն ամերիկյան զորքերի հետ սերտ համագործակցությամբ վերահսկում են քուրդ առաջնորդները: Սակայն գեներալ Թոլոնը սոսկ այս մեղադրանքով չի սահմանափակվել, այլեւ ԱՄՆ-ին ակնարկել էՙ ասելով. «Մենք էլ սպանության այս փաստն ենք գրանցում»: Թերեւս նա դրանով պատասխանել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Ռիչարդ Բաուչերին:

Ի՞նչն էր ստիպել թուրք գեներալին, որ նա պատասխանի պետքարտուղարության խոսնակին: Ամենայն հավանականությամբՙ նոյեմբերի 27-ին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատանը կազմակերպված ընդունելության առթիվ Ռիչարդ Բաուչերի սպառնալից հայտարարությունը: Ինչպես հայտնի է, այդ ընդունելությունը կազմակերպվել էր ԱՄՆ-ի Ուղղափառ եկեղեցիների հոգեւոր առաջնորդների պատվին, որոնք, այցելելով Թուրքիա, հանդիպել էին Կ. Պոլսո հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսին, քննարկել հույն հոգեւոր ճեմարանի վերաբացման հարցը, իսկ ԱՄՆ-ի դեսպանատունըՙ պատրիարքին ընդունելության էր հրավիրել «Տիեզերականի» կարգավիճակով:

Բարդուղիմեոս պատրիարքի հետ հանդիպման համար թուրքական իշխանությունները հրաժարվել էին պատշաճ մակարդակով ընդունել ԱՄՆ-ի Ուղղափառ եկեղեցիների պատվիրակությանը, իսկ պատրիարքին «Տիեզերականի» կարգավիճակով դեսպանատուն հրավիրելու համար ընդունելությունը բոյկոտել էին կառավարության անդամները, Մեջլիսի պատգամավորները եւ երկրի քաղաքական շրջանակները: Դեռ ավելինՙ նոյեմբերի 30-ին Մեջլիսը 110 պատգամավորի ստորագրությամբ բողոքի նամակ էր հղել ԱՄՆ-ի դեսպանատուն:

Ահա այս պայմաններում ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Բաուչերը, նկատի ունենալով ամերիկյան Ուղղափառ եկեղեցիների պատվիրակության անտեսումն ու դեսպանատան ընդունելության բոյկոտումը, հայտարարել է. «Մենք այս փաստերը գրանցել ենք»:

Դեկտեմբերի 16-ին «Ազգը», անդրադառնալով ԱՄՆ-ի դեսպանատան ընդունելության բոյկոտին, դա պայմանավորել էր թուրք-ամերիկյան հակասությունների նոր դրսեւորումներով: Դրանց հիմքում ԵՄ-ի հետ մերձեցման ներկա փուլում Թուրքիայի դեմ ազդեցության նոր լծակներ ձեռք բերելու Վաշինգտոնի նկատառումներն են: Ակնհայտ է, որ մերձեցումն ամրապնդում է ԱՄՆ-ի նկատմամբ Թուրքիայի միջազգային դիրքերը, նա ձեռք է բերում Վաշինգտոնից անկախ գործելու, առավել եւս տարածաշրջանային երկրների հետ համագործակցելու եւ ԵՄ-ին տարածաշրջան հրավիրելու հնարավորություն:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4