Բաքվի երկու թերթեր երեկվա իրենց համարներում անդրադարձել են ԱՄՆ-ում լույս տեսած մի նոր քարտեզի, որտեղ Լեռնային Ղարաբաղը չի մտցվել Ադրբեջանի կազմում եւ նշվում է «վիճելի տարածք» անունով:
Բաքվի «Զերկալո» թերթը «Ադրբեջանն առանց Ղարաբաղի՞» հոդվածում գրում է, որ քարտեզը հեղինակել է ԱՄՆ-ի Ազգային աշխարհագրական կենտրոնը: Լեռնային Ղարաբաղից բացի քարտեզի հեղինակները «վիճելի տարածք» անունով եւ այլ գույներով են ներկայացրել Հորդանան գետի արեւմտյան ափը, Հյուսիսային Կիպրոսը, Աբխազիան եւ Հարավային Օսիան: Ըստ թերթի, քարտեզի քաշը համարյա 5 կգ է, գինըՙ 165 դոլար:
Ադրբեջանի արտգործնախարարությունն օրերս պատրաստվում է Վաշինգտոնում ադրբեջանական դեսպանությանը հանձնարարել սկսելու հետաքննություն, թե ինչպես է ստացվել, որ Լեռնային Ղարաբաղը չի մտցվել Ադրբեջանի կազմում, չի նշվել այն գույնով, ինչ Ադրբեջանը եւ համարվել «վիճելի տարածք»:
Բաքվի «Ենի զաման» օրաթերթը գրում է, որ ԱՄՆ-ը միակ երկիրն է Հայաստանից հետո, որը պետական մակարդակով ուղղակիորեն օգնում է Ղարաբաղի հայերին: Ըստ թերթի, ամեն տարի ԱՄՆ-ը բյուջեի առանձին տողով հումանիտար օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղի կառավարությանը, որը 2005 թ. կկազմի 3 մլն դոլար:
Թերթը նշում է, որ տակավին 1970-ական թթ., համաձայն Կենտրոնական հետախուզական վարչության արդեն գաղտնազերծված փակ փաստաթղթերի, «Լեռնային Ղարաբաղը համարվում է պատմական հայկական տարածք, Լեռնային Ղարաբաղը հետեւողականորեն փորձել է օրինական ճանապարհով միավորվել Հայաստանին»:
«Ենի զամանը» մեջբերում է Կենտրոնական հետախուզական վարչության պատրաստած զեկույցից, որում մասնավորապես ԿՀՎ-ն դեռ 1988 թ. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որակել է «հայկական մշակութային եւ կրոնական կենտրոն»: Հատկապես շեշտվում է, որ «դարեր ի վեր Ղարաբաղը եղել է կիսաինքնավար միավորում եւ ղեկավարվել է հայկական իշխանների կողմից նույնիսկ այն ժամանակներում, երբ Հայաստանի մնացած մասը գտնվել է թուրքական եւ պարսկական գերիշխանության տակ»: