«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2004-12-18 | #229, 2004-12-21 | #230, 2004-12-22


ԺԱՄԱՆԱԿՆԵ՞ՐՆ ԵՆ ՄԵՐ ԴԵՄ, ԹԵՙ ՄԵՆՔ

«Օրեր» ամսագրի վերջին համարը մտորումների առիթ տվեց. խմբագրականում մեկ անգամ եւս իբրեւ հուսահատ ահազանգ հնչեցվում էին հայի ինքնության նորօրյա ըմբռնումները: Այդ ինքնությունը կազմող երեք հիմնական տարրերը (լեզու, հավատ, մշակույթ) այսօր խեղաթյուրված ենՙ XXI դարի մարդու արժեքային համակարգին զարնվելով: Եկեղեցի, թերթ, գրականություն հասկացություններին այսօր փոխարինելու են եկել ուծացման տանող առետուրը, փողը: Եվրոպական կյանքի փորձը խմբագիր Հակոբ Ասատրյանին հնարավորություն է տվել ուշադիր հայացքով հետեւել իր համերկրացիների կենսագործունեությունը եւ գալ այն հետեւության, որ «նոր սփյուռքահայությանը» բնորոշ է յուրացնել վատագույնը: Պրահայի մեր գործընկերոջն ավելի հուսահատեցրած չենք լինի, եթե ասենք, որ այդ երեւույթը համատարած է նաեւ Հայաստանում: Բաց համակարգ դառնալու անկախության ընձեռած հնարավորությունը պատուհաս դարձավ մեզ համար: Այստեղ մենք էլ ոչ միայն մշակութային եւ բարոյականության, նաեւ կենցաղային մակարդակներում սպունգի պես վերցնում ենք ցածրաճաշակն ու գռեհիկը: Եվրոպական քաղաքակրթության եւ մշակույթի լավագույն արժեքները մնում են սակավաթիվ մարդկանց «սեփականությունը»:

Խմբագրականում Հակոբ Ասատրյանն այսօրվա մեր ամենախոցելի տեղն է շոշափում: Այս ժամանակահատվածում պատմության դաժան հայելու մեջ մեր անկախացած պատկերի այլանդակությունները մեզ ցայտնոտի մեջ են գցել: Բայց սա նաեւ մեր սնապարծության հետեւանքն է, երբ բանը հասնում է նրան, թե իբր մենք ենք եգիպտական բուրգերի հեղինակը: Այսօր էլ ենք բուրգեր «կառուցո՜ւմ»: Բնության մեջ, ի դեպ, օրինաչափության խախտումներ էլ լինում են, երբ հանճարեղ մարդու որդին ապաշնորհ, ստահակ է լինում: Այս մտահոգություններով համարում զետեղված ամերիկահայ երեք սերունդներիՙ Ա. Գորկու, Ու. Սարոյանի եւ Պ. Բալաքյանի մասին հրապարակումները թերեւս մտորումների մղեն այսօրվա սերնդին, երբ կարելի է օտարության մեջ ոչ միայն պահպանել ազգային ինքնության տարրերը, այլեւ դրանք հասցնել արվեստի համաշխարհային մակարդակի եւ համամարդկային մշակույթի գանձարան մտցնել: Դրա համար, սակայն, հարկավոր է լինել Սարոյան կամ Գորկի:

Անդրադառնանք այդ նյութերին եւ եվրոպահայոց կյանքի ավելի ուշագրավ մի քանի տեղեկություններին:

Արշիլ Գորկու 100-ամյակի առիթով «Օրերը» ներկայացնում է պրահայաբնակ Տիգրան Աբրահամյանի (այս տարի արժանացել է ֆրանսիական Շամալիե քաղաքի ավանդական Տոինալեի «Պատվո մագաղաթին») հրապարակումը: Հոդվածագիրը ներկայացնում է Արշիլ Գորկու համառոտ կենսագրությունը եւ արվեստի զարգացման տարբեր փուլերով անցնող արվեստագետի որոնումների ճանապարհը: Ազդեցություններիՙ Սեզան Պիկասո-Միրո գիծը, ապա 30-ականներին մտերմությունը Ստյուարտ Դեյվիսի, Ջոն Գրահամի եւ Վիլեմ դե Կունինգի հետ, անցում ձեւերի վերացականության եւ ապա դե Կունինգի եւ Պոլոկի հետ վերացապաշտական արվեստի սկզբնավորում, 40-ականներից դեպի եվրոպական սյուրռեալիզմՙ հանդիպում Ռոբերտո Մատտայի, Անդրե Բրետոնի եւ այլոց հետ:

Արշիլ Գորկուՙ XX դարի հայ արվեստագետներից մեկի ստեղծագործության ներքին ուժը եւ արտահայտչականությունը հետզհետե նոր բացահայտումներ է ունենում: Արշիլ Գորկուՙ «XX դարի ամերիկյան արվեստի ամենաառանցքային դեմքերից մեկի, վերջին ամերիկյան սյուրռեալիստի եւ առաջին աբստրակտ էքսպրեսիոնիստի, ամենամեծ ամերիկացի արվեստագետի, ամերիկյան աբստրակտ արվեստի ցայտուն նորարարի» ստեղծագործությունները ցուցադրված են Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Արդի արվեստի, «Գունգենհայմ», Չիկագոյի թանգարաններում, Փարիզի «Պոմպիդու» կենտրոնում, Լոնդոնի «Թեյթ» պատկերասրահում եւ բազում այլ ցուցասրահներում», նշված է հոդվածի մեջ:

Վերա Պոուրովա-Կլասկովան, որ թարգմանաբար չեխերեն է ներկայացրել Մարտին Ամիսի, Ջեկ Քորնֆիլի, Ջոն Կացենբախի եւ շատ այլ հեղինակների ստեղծագործություններ, առաջին անգամ Վիլյամ Սարոյանին կարդում է 1992-ին եւ «Իմ անունը Արամ է» ժողովածուն թարգմանում է չեխերեն: Թարգմանչուհու կարծիքով, Սարոյանի գրական ողջ ժառանգությունը կարելի է ի մի բերել «Գեղեցիկ մարդիկ» խորագրի ներքո: Իր թարգմանած պատմվածքաշարը ընկալում է իբրեւ բալլադ հարազատ երկրի մասին, իսկ Սարոյանի համար ամենաբնութագրականը համարում է մանկության աշխարհի իդեալականացումը. «Անկեղծ ասած, Վիլյամ Սարոյանին ընկալում են առաջին հերթին իբրեւ ամերիկյան հեղինակի, որի արմատներն ամուր կապված են հայկական արվեստի հետ, հեղինակ, որը շատ բան է արել, որպեսզի իր նախնիների հայրենիքն արժանանա աշխարհի ուշադրությանը»:

Ամերիկահայ անգլիագիր գրող Փիթեր Բալաքյանի երեւանյան այս տարվա այցի առիթով «Ազգ» օրաթերթի աշխատակից Հակոբ Ծուլիկյանը ներկայացնում է «Փիթեր Բալաքյան երեւույթը» հրապարակումը: Թե ինչպես են գրողի կենսագրական եւ ստեղծագործական արմատները 50-ականների տիպիկ ամերիկյան կյանքիՙ ռոքընռոլի ու կոկա-կոլայի իշխող ռիթմերի արանքում, նախնիների հիշողության «երկաթյա» լռության միջից վերագտնում իրեն եւ ստանում հայկականության ավիշը: Հոգեբանական ծանր անցումները ներկայի եւ անցյալի խաչմերուկներում Բալաքյան հայորդուն կանգնեցնում են պատմական հայրենիքի ողբերգական ճակատագրի դեմ-հանդիման:

Հ. Ծուլիկյանն առանձին ենթախորագրերով ներկայացնում է Բալաքյանի ստեղծագործական կյանքի հասունացման փուլերըՙ «Ամերիկացի պատանին բացահայտում է իր հայկական անցյալը» (կենսագրական մաս), «Հայտնագործություն»ՙ բացահայտումների արդյունքում ծնվում է «Ճակատագրի սեւ շունը» հուշագրությունը, շարունակվող համառ ուսումնասիրությունները տանում են հարցի հրապարակայնացումըՙ իբրեւ արդյունք... «Նյու Յորք Թայմսի» հոդվածը եւ հրեական կազմակերպությանՙ Հայոց ցեղասպանության մասին լույս ընծայած գիրքը, ապա եւ եզրափակվում են Բալաքյանի «Այրվող Տիգրիսը: Հայոց ցեղասպանությունը եւ Ամերիկայի արձագանքը» հատորով: Ամերիկյան փաստաթղթերի (ամերիկյան մամուլի արձագանքը Հայոց եղեռնի իրադարձություններին) հիման վրա կառուցված 85 հազար տպաքանակով վավերագրավեպը «Նյու Յորք Թայմսը» ճանաչում է որպես նշանակալի գիրք եւ ազգային բեստսելլեր:

«Օրերի» այս համարում ուշագրավ է նաեւ Հակոբ Ասատրյանի հանդիպումը ԵԱՀԿ-ում եւ Կենտրոնական Եվրոպայի 4 երկրներում Հայաստանի դեսպան Ջիվան Թաբիբյանի հետՙ ԵԱՀԿ ամենամյա տնտեսական ֆորումի առիթով:

Հետաքրքրական է «Անծանոթ հայրենակիցներ» խորագրի ներքո Արծվի Բախչինյանի «Արեւելյան մարտարվեստը, հայերը եւ կինոն» հոդվածը, որտեղ հեղինակը ներկայացնում է հեռավորարեւելյան մարտարվեստում հայերի դերը, նաեւ նրանցՙ իբրեւ արեւմուտքում դրա առաջին տարածողների, ուղղությունների հիմնադիրների, նաեւ այդ ժանրի ֆիլմերում հանդես եկողների:

«Օրերից» տեղեկանում ենք նաեւ Գերմանիայում սեպտեմբերին անցկացված հայկական մշակութային օրերի մասին, որի բացումը կատարել է «Սերենադ» կամերային նվագախումբը, Բեռլինում բացվել է Վալմարի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, ինչպես նաեւ Վիեննայի Շե-Ֆեր փողոցին կիցՙ քաղաքի առաջին սրճարանի հիմնադիր Հովհաննես Աստվածատրյանի անվան «Դիո-Դաթո» պուրակի բացման մասին:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4