Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հովանավորությամբ Երեւանի պետական համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել XI-XII դարերի նշանավոր գիտնական եւ բանաստեղծ Հովհաննես Սարկավագի «Լուծմունք Սահմանաց գրոց» աշխատությունը: Գիրքը հրատարակության են երաշխավորել համալսարանի փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետն ու հայագիտական կենտրոնը: Աշխատությունը Դավիթ Անհաղթի «Սահմանք իմաստասիրության» գլուխգործոցի հնագույն մեկնությունն է:
Գրքի առաջաբանում նշվում է, որ մասնագետների շրջանում աշխատությունը հայտնի է եղել իբրեւ անանուն երկ, գրված «արծաթե դարում»: Քանի որ «Լուծմունքի» հետին ժամանակագրական սահմանը XIII դարի վերջն է, ուստի նրա հեղինակը պետք է լիներ 2 նշանավոր մատենագիրներից մեկըՙ Ներսես Շնորհալին կամ Հովհաննես Սարկավագը: Մինչդեռ Գ. Գրիգորյանը աշխատությունը վերագրել է Վահրամ Րաբունուն:
Փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Միրզոյանը ուսումնասիրելով Մաշտոցի անվան Մատենադարանի եւ Երուսաղեմի Ս. Հակոբյանց միաբանության ձեռագրատան ավելի քան մեկուկես տասնյակ ձեռագրեր, նոր փաստարկներով ապացուցել է, որ «Լուծմունքի» հեղինակը Հովհաննես Սարկավագ Իմաստասերն է:
«Մերժելով մարդկային բանականության մեջ բնածին գաղափարների գոյությունըՙ մեկնիչը հետեւում է Դավթինՙ իրավամբ պնդելով, թե մարդուն ի ծնե հատուկ է իմանալու, ճանաչելու կարողությունը որպես հնարավորություն, որն իրականության է վերածվում ուսման, կրթության ու փորձի միջոցով: Այս տեսակետից մարդը տարբերվում է թե՛ Աստծուց, թե՛ կենդանիներից. եթե գիտենալն Աստծուն հարաբերում է այնպես, ինչպես լույսն արեգակին, իսկ կենդանին ինչ գիտեՙ «բնությամբ ունի», ապա մարդը «յորժամ ծնանի չգիտէ ազդմամբ, այսինքնՙ ուսմամբ, այլ գիտէ զօրութեամբ, այսինքնՙ կայ ի բնութիւն իւր զօրութիւն գիտելոյ», ասվում է աշխատության առաջաբանում, որի հեղինակներն են Հրաչիկ Միրզոյանն ու բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Մադոյանը:
«Լուծմունքը» ի հայտ է բերում Հովհաննես Սարկավագի մաթեմատիկական աշխատությունների, մասնավորապես «Յաղագս անկիւնաւոր թուոց» երկի մի նոր աղբյուր եւս:
Գիրքը նախատեսված է փիլիսոփայության պատմություն ուսումնասիրողների եւ հայագիտությամբ հետաքրքրվողների համար:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ