Հայաստանը հավանաբար այլեւս դեմ չէ խնդրի փուլային լուծմանը
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստանի արտգործնախարարը համոզված է, որ այսօր հայկական կողմը ղարաբաղյան հարցում հնարավորություն ունի ստանալու ավելին, քան 1997 թ.-ին: «Այսօր ես տեսնում եմ լուրջ հնարավորություն, որ մենք կկարողանանք ամրագրել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ հասնել դրա միջազգային ճանաչմանը», ասաց նա:
«Այսօր Պրահայի գործընթացն է գնում, ես գիտեմ, թե սեղանի վրա ինչ կա, հնարավորություն եմ տեսնում ստանալու ավելին, քան ստանալու էինք 1997 թ.-ին: Կարող եք հարց տալՙ կստանա՞նք, թե՞ ոչ: Չգիտեմ: Կարող է 5 տարի անցնի եւ նորից այս երկխոսության մեջ մտնենք ու ասենք, որ 1997 թ. միգուցե այդ տարբերակը պետք է ընդունեինք: Բայց որ այսօր սեղանի վրա կան այնպիսի հարցեր, որ մեզ ուղղակի հուշում են, թե ավելին կարող ենք ստանալ, քան 1997 թ.-ին, միանշանակ է: Երանի հնարավոր լիներ իսկապես այդ բոլորը բացել, եթե չվնասեր բանակցություններին», ասաց Օսկանյանը Մամուլի ազգային ակումբում երեկ կայացած մամուլի ասուլիսում:
Արտգործնախարարը նշում է, որ Իլհամ Ալիեւն ուղղակի ի վիճակի չէ իրականացնել Քի Վեսթի պայմանավորվածությունները, մյուս կողմից նկատում, որ քանի դեռ նոր գրավոր առաջարկություն չի ներկայացվել, Քի Վեսթում ձեռքբերվածը մնում է սեղանի վրա: «Բայց կարելի է որոշ մոդիֆիկացիայի ենթարկել այդ մոտեցումներըՙ պահպանելով սկզբունքները: Այսօր ինչ որ կատարվում է Պրահայի գործընթացում, այսպես կբնութագրեի. (Քի Վեսթի) սկզբունքները մնում են նույնը, բայց որոշ մոդիֆիկացիայի են ենթարկվել, որը հնարավորություն կտա ադրբեջանական կողմին ներգրավված մնալ գործընթացում», ասաց Օսկանյանը:
Սկզբունքային առումով Հայաստանի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա. մենք գտնում ենք, որ պետք է գնանք հարցի ամբողջական լուծման ճանապարհով, իհարկե, մանեւրելու հնարավորություն պետք է թողնել: Մեկ փաստ ակնհայտ է. այն, ինչին մեզ հաջողվել էր հասնել Ադրբեջանի նախորդ իշխանությունների հետ, կարծեք թե նոր իշխանությունների հետ կրկնելը դժվար է լինելու: Դա մենք գիտակցում ենք», ասաց նա:
Օսկանյանը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել դեկտեմբերի 20-ին ֆրանսիական «Ֆիգարո» թերթում տպագրված հոդվածին, որում «արտահայտվում են ԼՂ հարցի նկատմամբ այսօրվա ընդհանուր միտումները»: ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Պիեռ Լելյուշը եւ Իսպանիայի նախկին արտգործնախարար Անա Պալասիոն «Ֆիգարոյում» հրապարակած համատեղ հոդվածում կարծիք են հայտնել, որ «Հայաստանը պետք է ժամանակավորապես վերահսկի Լեռնային Ղարաբաղը, որի հետագա կարգավիճակը կորոշվի հանրաքվեովՙ 5 կամ 10 տարի հետո»:
Հայաստանի արտգործնախարարը կարծում է, որ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրականացումը ժամանակի առումով կարող է չլինել անմիջական: «Ազգի» հարցինՙ «Եթե Պրահայի գործընթացը ընթանա դրական հունով եւ խոչընդոտներ չծագեն, հնարավո՞ր է, որ Հայաստանը Ղարաբաղի կարգավիճակի հարցը համաձայնի քննարկել 10 կամ 15 տարի հետո», Օսկանյանը պատասխանեց. «Մենք ձգտում ենք ամրագրել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որի դրսեւորման ժամկետների նկատմամբ կարելի է ճկունություն դրսեւորել: Բայց ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է ամրագրվի, մենք մինչեւ վերջ պայքարելու ենք եւ չենք ստորագրի որեւէ պայմանագիրՙ առանց այդ փաստի հաստատման»:
Եթե իրոք, ինչպես հասկացվում էր Օսկանյանի մեկնաբանություններից (որ կարգավիճակի հարցում կարելի է ճկունություն դրսեւորել), ապա չպետք է բացառել, որ Երեւանը կարող է ընդունելի համարել կարգավորման փուլային տարբերակը, երբ համաձայնեցվում են հակամարտության հետ կապված հիմնական հարցերը (տարածքներ վերադարձնել, փախստականների վերադարձ եւ այլն), իսկ Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը թողնվում է ապագայինՙ 5 կամ 10 տարի հետո:
Ընդհանրապես Օսկանյանը բարդույթներ չունի, որ ժամանակինՙ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, եղել է փուլային տարբերակի ջատագովը: «Իհարկե, կարող եմ կտրուկ մերժել (այդ հարցով) երկխոսության մեջ մտնել, բայց հատուկ մտնում եմՙ ունենալով մեկ նպատակ. ղարաբաղյան հնարավոր լուծումների հարցում ազատ խոսելու տաբուն իսկապես այսօր պետք է ջարդել: Մեզ պետք է առողջ քննարկում, վերլուծությունՙ հարցի կարգավորման հետ կապված», ասաց արտգործնախարարը:
Օսկանյանն ընդունում է, որ ղարաբաղյան կողմը ներգրավված չէ բանակցային ներկա գործընթացում: «Միակ պատճառը, որ ԼՂ-ն չկա բանակցություններում, Ադրբեջանի մերժումն է: Այսօր Հայաստանը հետեւյալ երկընտրանքի առջեւ է կանգնել. պնդել ԼՂ մասնակցությունը եւ չգնալ բանակցությունների, թե՞ համաձայնել բանակցություններինՙ հանուն այն բանի, որ դրանք չընդհատվեն: Հայաստանի նախագահը որոշել է երկրորդըՙ հարցին մոտենալով հետեւյալ կերպ. իսկապես կարեւոր չէ, թե հայերի կողմից ով է բանակցում, այլՙ թե ինչ ենք բանակցում: Հայաստանը տանում է բանակցությունները, բայց ինչ-որ մի պահի անխուսափելի է դառնալու ԼՂ ներկայությունը գործընթացում», ասաց նա:
Հայաստանի արտգործնախարարն անդրադարձավ նաեւ Բորիս Գրիզլովի Երեւանում ասված խոսքերին, ըստ որի Հայաստանը Կովկասում Ռուսաստանի ֆորպոստն է: «Այդ բառը ճիշտ չի արտահայտում մեր հարաբերությունների բնույթը: Համոզված եմ, որ Գրիզլովը նկատի ուներ հայ-ռուսական իսկապես լավ հարաբերությունները: Կարծում եմ, նա ճիշտ բառը չի օգտագործել»:
Ավելին, Օսկանյանը կարծում է, որ կովկասյան հանրապետություններից առավել անկախ արտաքին քաղաքականություն վարողը Հայաստանն է: «Կոմպլեմենտարության քաղաքականությունը մեզ առավել մանեւրելու հնարավորություններ է տալիս: Մեր հարեւանների կախվածությունը շատ ավելի խորն է եւ ավելի սահմանափակ են նրանց մանեւրելու հնարավորությունները»: