«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2004-12-21 | #230, 2004-12-22 | #231, 2004-12-23


ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՏԻՐՈՂ ՎԻՃԱԿԸ

Սկսած 2003 թվականի ապրիլից, «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությունը, ԼՂՀ իշխանությունների թույլտվությամբ, դիտարկումներ է անցկացնում հանրապետության քրեակատարողական հիմնարկներում:

Կենտրոնի տնօրեն Ալբերտ Ոսկանյանի խոսքերով, քրեակատարողական հիմնարկներ կատարվող այցելությունների արդյունքների մասին, դիտարկումների վերլուծությունների հետ, կենտրոնը պարբերաբար տեղեկատվություններ է ներկայացնում Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, ԿԽՄԿ-ին եւ այլ միջազգային կազմակերպությունների:

Դեռեւս անցյալ տարվա գարնանը ՔՆԿ-ն Ստեփանակերտում կազմակերպել էր Լեռնային Ղարաբաղում առաջին տարածաշրջանային սեմինարը բանտային բարեփոխումների գծով: Այն փաստորեն միջազգային էր, որովհետեւ սեմինարի աշխատանքներին մասնակցել են կովկասյան երկրների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ազատազրկման վայրեր կատարած այցելությունների ընթացքում կենտրոնը աշխատանքներ է տանում նաեւ հոգեբանական վերականգնման կարիք ունեցող բանտարկյալների հետ: Կենտրոնի տնօրենի ներկայացրած տվյալներով, ՔՆԿ-ն շուրջ երկամյա գործունեության ընթացքում հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով ավելի քան 700 գիրք է նվիրաբերել ԼՂՀ ոստիկանության թիվ 1 ուղղիչ աշխատանքային հաստատությանը եւ քննչական մեկուսարանին: Կենտրոնը թույլտվություն է ստացել նաեւ կատարել այցելություններ ՈՒԱՀ-ում գործող մյուս ռեժիմներում, որը կնպաստի դիտարկման առավել լիարժեքության ապահովմանը:

«Ազգի» թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ Ա. Ոսկանյանը ողջունել է ԼՂՀ-ում մահապատժի վերացումը: Գնահատելով հերթական դիտարկման արդյունքները, կենտրոնի տնօրենը այն եզրակացությունն է արտահայտել, որ կալանքի տակ գտնվող անձանց բարոյահոգեբանական եւ ֆիզիկական վիճակը, ինչպես նաեւ նրանց իրավունքների ու խցերի սանիտարահիգիենիկ պայմանները պատշաճ վիճակում են:

- «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնը» հանդես է գալիս ԼՂՀ քրեակատարողական հիմնարկները ոստիկանության ենթակայությունից արդարադատության ենթակայությանը հանձնելու օգտին, որը թույլ կտա հասնել միջազգային չափանիշներին, առավել արդյունավետ ու համալիր կերպով լուծել քրեակատարողական համակարգի հիմնախնդիրները, վերջում նշել է Ա. Ոսկանյանը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4