Երկարատեւ դադարից հետո Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ընդամենը 2 ամսվա ընթացքում բեմադրվեց նոր ներկայացում` Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետը»: 20 օրում ներկայացումը խաղացվել է 9 անգամ եւ ամեն անգամ դահլիճը բազմամարդ է եղել: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Միքայել Կոտոյանը աշխատանքի է նշանակվել 3 ամիս առաջ եւ Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետի» բեմադրությունը թատրոնի ստեղծագործական ուժերի համար լուրջ ստուգատես է համարում: «Ոչ բոլորն են կարողանում Շեքսպիրի հերոսներին խաղալ: Բեմադրությունից հետո կարող եմ վստահաբար նշել, որ թատրոնում լուրջ ստեղծագործական ուժեր կան», ասում է Միքայել Կոտոյանը:
Ներկայացմանը մասնակցում են 30-ից ավելի դերասաններ, նաեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի ուսանողները: Կապուլետի դերակատար Հայկ Թորոսյանը նշում է, որ մոտ 10 տարի թատրոնի դերասանները պարապուրդի էին մատնված, «այդ իսկ պատճառով այս ներկայացմանը մասնակցեցինք առանձնակի ոգեւորվածությամբ»:
Միքայել Կոտոյանի հավաստմամբ, հաջորդ տարի նախատեսում են բեմադրել հայ դասականներից մեկի ստեղծագործությունը եւ Հրանտ Մաթեւոսյանի գործերից: «Թատրոնի խաղացանկը նոր է ձեւավորվում: Ճիշտ է, կան մի քանի հին բեմադրություններ, սակայն դրանք այն որակի չեն, որպեսզի ընդգրկվեն խաղացանկում», ասում է Մ. Կոտոյանը: Թատրոնում խաղում է 30 դերասան. կեսից ավելին երիտասարդներ են: «Երիտասարդ դերասանները բավականին շնորհալի են, սակայն նրանցից շատերը մտածում են մեկնելու մասին: Մի մասն էլ Երեւանում ավարտում են եւ չեն վերադառնում Վանաձոր: Թեպետ թատրոնի վերանորոգումը որոշակի խթան էր երիտասարդների համար, որպեսզի մնան այստեղ», նշում է գեղ. ղեկավարը: 74 տարվա պատմություն ունեցող թատրոնը վերանորոգվեց վերջին մեկ տարում` բյուջեի հաշվին: Թատրոնը հյուրախաղերի հրավերներ ունի Թիֆլիսից, Բեյրութից, Միացյալ Նահանգներից, սակայն ֆինանսների բացակայության պատճառով դրանց կայացումը հարցականի տակ է դրված: Այժմ թատրոնի դերասանները զբաղված են ամանորյա ներկայացման բեմադրությամբ:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ