«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2004-12-21 | #230, 2004-12-22 | #231, 2004-12-23


ՀԱՅ-ԱՆԳԼԵՐԵՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԹԱՐԳՄԱՆԻՉԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՓՈՐՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

Մնում է լուծվեն տեխնիկական խնդիրները

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «ԻՍՄԱ» ընկերության տնօրեն, համալսարանի կոմպյուտերային համակարգեր եւ ինֆորմատիկա բաժանմունքի պրոֆ. Էդուարդ Մանուկյանի մշակած հայ-անգլերեն թարգմանիչ համակարգչային ծրագիրը անցած տարի հավանության արժանացավ «Բաց հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության եւ «Եվրասիա» հիմնադրամի անցկացրած մրցույթումՙ շահելով 5 հազար դոլար դրամական պարգեւ: Այս տարի ծրագրի վրա աշխատեցին մոտ 25 մասնագետներՙ ծրագրավորողներ, լեզվաբաններ: Նախատեսված էր 4-5 հազար բառերի սահմաններում ստեղծել 4 թարգմանիչ, բայց նրանց հաջողվել է մուտքագրել 34 հազար հասկացություն եւ 50 հազար բառ: Համակարգը աշխատում է գիտելիքների բազայի հիման վրա եւ արդեն իսկ կատարում է բավականին գոհացնող թարգմանություն: «Արմինկոյի» աջակցությամբ ստեղծվել է փորձնական ինտերնետային սայթ, որը սակայն ծանրաբեռնվածության չի դիմանում, քանի որ ընկերության տեխնիկական հնարավորությունները բավականին թույլ են, մասնագետներն աշխատում են Pentium 2 համակարգիչներով:

Պրն Մանուկյանի ասելով, տեխնիկական վերազինումն իրենց համար այժմ առաջնային հարց է, որի լուծման համար փնտրում են հովանավորներ: Եղած տեխնիկական միջոցները լուրջ խոչընդոտ կստեղծեն եւ հանրությանը հնարավորություն չեն տա իրենց սայթի օգնությամբ հայերեն-անգլերեն թարգմանություններ կատարելու:

Գիտելիքների բազայի հիման վրա աշխատող հայ-անգլերեն համակարգչային թարգմանիչ ծրագիրը անգլերեն տեքստը թարգմանում է միջանկյալ լեզվի, որն արտահայտում է տեքստի իմաստը, իսկ դրանից հետոՙ հայերենի: «Բաց հասարակության ինստիտուտն» ու «Եվրասիա» հիմնադրամը ծրագրի շնորհանդեսը նախատեսել են անցկացնել 2005 թվականի հունվարի երկրորդ կեսին, որից հետո ինտերնետային սայթը կդրվի փորձնական օգտագործման:

Այժմ ծրագիրը կատարում է ոչ թեմատիկ, ընդհանուր թարգմանություններ, սակայն առաջիկայում տեքստերը կխմբավորվեն ըստ թեմաների, որի համար ծրագիրն անընդհատ կատարելագործման կարիք կունենա: Բացի ինտերնետային սայթից, ծրագիրը կունենա նաեւ լազերային սկավառակներ, որոնցով ավելի մատչելի կլինի ծրագրից օգտվելը:

Պրն Մանուկյանը նշեց, որ թարգմանության արագությունը կախված է տեքստի բովանդակությունից ու ոճից. որքան պարզ ու հասկանալի լինեն նախադասությունները, այնքան արագ կկատարվի թարգմանությունը, իսկ բարդ տեքստերի դեպքում ծրագրի աշխատանքը դանդաղում է բառերի ընտրության պատճառով:

«Հայ-անգլերեն թարգմանիչ ծրագիրը նվիրում ենք հայոց գրերի գյուտի 1600-ամյակին: Այբուբենը ստեղծելով Մեսրոպ Մաշտոցը մեզ հասցրեց գիտական տեղեկություն:

Տեղեկատվության առատ հոսքի մեր դարում թարգմանչի աշխատանքը դյուրին դարձնելու համար անհրաժեշտություն է դարձել համակարգիչների օգտագործումը, դրանք դարձել են թարգմանիչների լավագույն աջակիցները: Հատկապես մասնագիտական գրականություն թարգմանելու համար մեր ծրագիրը շատ պիտանի կլինի», ասում է պրն Մանուկյանը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4