Եվրոպական մի քանի երկրների առաջնություններում ներկայում ընդմիջում է: Օգտվելով խաղադադարից, հայաստանցի լեգեոներները վերադարձել են հայրենիք եւ հարազատ օջախում են անցկացնում արձակուրդը: Երեւանում են նաեւ Բուխարեստի «Ռապիդում» հանդես եկող Արման եւ Արտավազդ Քարամյանները, որոնք այսօր խմբագրության հյուրերն են:
- Տղաներ, ուրախ եմ կրկին ձեզ տեսնելու հայրենիքում: Ինչպիսի՞ն էր Ռումինիայի առաջնության առաջին շրջանը ձեզ համար:
Արման - Անձամբ ինձ համար այնքան էլ հաջող չէր, քանի որ հիմնականում փոխարինման էի դուրս գալիս, վնասվածքի պատճառով էլ որոշ հանդիպումների չմասնակցեցի: Տա Աստված, որ 2-րդ շրջանում ամեն ինչ կայունանա, հիմնական կազմում մշտապես տեղ ունենամ: Մարզիչըՙ Ռեզվան Լուչեսկուն, որն ի դեպ, «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի որդին է, երեւի մարտավարական նկատառումներով, ինձ հիմնական կազմում չէր ընդգրկում: Համենայն դեպս, թե նա, թե ակումբի նախագահը բազմիցս անձնական զրույցի ժամանակ հավաստիացրել են, որ գոհ են մեզանից եւ մեծ հույսեր են կապում մեզ հետ: Մասնակցել եմ ընդամենը 7 խաղի, իհարկե, դժվար էր փոխարինման դուրս գալով գոլ խփել: Իսկ ահա վերջերս անցկացրած ընկերական երկու հանդիպումներում 3 գոլ խփեցի: Այնպես որ, հույս ունեմ, որ 2-րդ շրջանում ամեն ինչ կկարգավորվի:
Արտավազդ- Ի տարբերություն եղբորս, մշտական տեղս ունեի թիմի կիսապաշտպանության ձախ թեւումՙ ինձ համար հոգեհարազատ դիրքում: Այս տեղի համար մրցակցություն չկա, եթե լիներ էլ, կարծում եմ, հաղթող դուրս կգայի: Ընդհանուր առմամբ առաջին շրջանն ինձ համար լավ դասավորվեց: Ցավոք, վնասվածք ստացա, որի պատճառով չմասնակցեցի Ռումինիայի հավաքականի հետ հանդիպմանը: Շատ էի ցանկանում այդ խաղին մասնակցել: Դա թե՛ հավաքականին էր անհրաժեշտ, թե՛ մեզ, որպեսզի ռումինացիներին ապացուցեինք, թե ինչ ներուժ ունենք:
- Ի դեպ, ինչպիսի՞ տրամադրություն էր տիրում Ռումինիայում Հայաստանի հավաքականի հետ հանդիպումից առաջ եւ հետո:
Արման- Խաղից առաջ ֆուտբոլասերների մոտ լավատեսական տրամադրություն էր տիրում: Բնական էր, իրենք առաջատարն էին, մենքՙ հետնապահը: Խոսակցություններ կային, որ հաղթելու են նույնիսկ խոշորՙ 3-0, 5-0 հաշվով: Երբ վերադարձա հավաքականից, թիմակիցներս շնորհավորում էին մեզ լավ խաղի համար, նույնիսկ գտնում էին, որ մենք կարող էինք նաեւ հաղթել: Իհարկե, մենք մեզ լավ զգացինք, ուրախ էինք հավաքականի հաջող խաղի համար:
Արտավազդ- Խաղից հետո Յորդանեսկուն խիստ քննադատության ենթարկվեց, չնայած մինչ այդ հավաքականը հաջող ելույթներ էր ունեցել եւ խմբի առաջատարն էր: Հեռուստատեսությամբ հատուկ քվեարկություն էր կազմակերպվել, եւ միայն մեկ տոկոսն էր կողմ, որպեսզի Յորդանեսկուն մնա իր պաշտոնում: Տեսնո՞ւմ եք, թե ինչպիսի պահանջկոտություն է տիրում հավաքականի հանդեպ: Ֆուտբոլասերները շատ խստապահանջ են, երազում են հավաքականին տեսնել աշխարհի առաջնության մասնակիցների շարքում: Ես այդպիսի մոտեցումը շատ եմ գնահատում:
- «Ռապիդն» ինչպե՞ս հանդես եկավ առաջին շրջանում: Ի՞նչ խնդիր է դրված թիմի առջեւ ընթացիկ մրցաշրջանում:
- Առաջնությունում նվազագույն խնդիրը 2-րդ տեղ զբաղեցնելն է, որպեսզի մասնակցենք եվրոգավաթների խաղարկությանը: Խնդիր էր դրվել հաջող հանդես գալ նաեւ գավաթի մրցաշարում, սակայն առաջին խաղում զիջեցինք 1-ին խմբի թիմին (0-1): Այդ խաղում ես վնասվածքի պատճառով հանդես չեկա, Արմանն էլ հրավիրվել էր հավաքական: Առաջին շրջանում թիմը վատ հանդես չեկավ: Սեփական դաշտում 7 խաղերում չենք պարտվել: Այժմ «Ռապիդը» «Նացիոնալի», «Ֆարուլի» եւ «Դինամոյի» հետ 27 միավորով բաժանում է 2-5-րդ տեղերը: Իսկ առաջատարը 30 միավորով «Ստյաուան» է:
- Նախորդ երկու ակումբները ցավոք ձեր հանդեպ ֆինանսական պարտավորությունները չէին կատարել: «Ռապիդում» նման վտանգ չի՞ սպառնում:
- «Ռապիդը» ֆինանսապես հզոր ակումբ է, ունի հարուստ հովանավորներ ի դեմս «ԼՈՒԿՕՅԼ»-ի եւ BMW-ի, ակումբի նախագահն էլ գործարար է: Ամեն ինչ մեր ելույթներից է կախված: Մինչեւ 2006 թ. դեկտեմբերը պայմանագիր ունենք ակումբի հետ, եւ հուսով ենք, որ ամեն ինչ նորմալ կընթանա:
- Թիմում այլ լեգեոներներ կա՞ն: Նրանց համար սահմանափակումներ գործո՞ւմ են:
- Մեկը բելգիացի է, մյուսըՙ բրազիլացի: Տեղյակ չենք սահմանափակումների մասին: Իսկ ընդհանուր առմամբ Ռումինիայում լեգեոներների թիվը մեծ չէ:
- Դուք սովոր եք միշտ միասին խաղալ: Արտավազդ, Արմանի բացակայությունը չի՞ անդրադառնում քո խաղի վրա:
- Անկեղծ ասած, դժվար է ինձ համար, երբ խաղադաշտում եմ, իսկ Արմանը պահեստայինների նստարանին է: Ձգտում եմ լավագույն կողմերով դրսեւորել, որով կարծում եմ Արմանի ճանապարհն էլ հիմնական կազմ կբացվի: Ցանկալի կլինի, որ միշտ միասին խաղադաշտում գտնվենք: Մենք լավ ենք համագործակցում միմյանց հետ, եւ դա մեծ օգուտ կբերի «Ռապիդին»:
- Արտավազդ, « Ռապիդո՞ւմ» էլ ես ստանդարտ դրությունները դու իրացնում:
- Անկյունայինների ժամանակ սովորաբար սեփական կիսադաշտում եմ գտնվում, պաշտպաններին եմ փոխապահովում, որպեսզի մրցակցի արագ հակագրոհը հանկարծակիի չբերի մեզ: Իսկ տուգանային հարվածները, հատկապես ձախ թեւից, իրացնում եմ: Ինչպես եւ «Փյունիկում» էր, այստեղ էլ սիրով մասնակցում եմ գրոհներին, նաեւ հարկ եղած դեպքում նահանջում, օգնում պաշտպաններին: Սակայն տարերքս հարձակողական ֆուտբոլն է:
- Ռումինական ֆուտբոլի մակարդակն ինչպիսի՞ն է: Կարո՞ղ է, օրինակ, «Փյունիկը» լրջորեն մրցակցել առաջատար թիմերի հետ:
- Ռումինական ֆուտբոլն իր տեխնիկամարտավարական հատկանիշներով զգալիորեն առաջադիմել է, մեծ թիվ են կազմում ռումինացի բարձրակարգ ֆուտբոլիստները: Առաջնությունում սուր մրցակցություն է ընթանում, խաղերը կայանում են մեծ թվով հանդիսականների ներկայությամբ: Յուրաքանչյուր թիմ երկրպագուների իր հսկա բանակն ունի, որոնք շատ ջերմորեն ու բուռն են ցավում իրենց սիրելիների համար: Բարձրագույն խմբի 16 թիմերից 10-ը պայքարում են բարձր տեղերի համար: Ընդհանրապես շարքային խաղեր չեն հանդիպում: Բացի այդ, թիմերը ֆինանսապես կայուն են, լավագույն մարզաբազաներում են մարզվում: Կարելի է ասել, այսօր երկրում ֆուտբոլային «բում» է: Մամուլն ու հեռուստատեսությունը ֆուտբոլին մեծ տեղ են հատկացնում: Ինձ թվում է, «Փյունիկը» դժվար թե Ռումինիայում մրցանակային տեղ զբաղեցներ:
- Որքան գիտեմ, «Ռապիդ» ձեր տեղափոխմանը նպաստել էր նաեւ Միխայ Ստոյկիցան, որը դրական էր արտահայտվել ձեր խաղային ունակությունների մասին: Նրա եւ Միխայ Ստոյկայի հետ հանդիպո՞ւմ եք:
- Մեզ անհայտ է, թե Ստոյկիցայի ու ակումբի ղեկավարության միջեւ ինչ խոսակցություն է ընթացել, սակայն կարծում ենք դա եւս իր ազդեցությունն է ունեցել մեր ընտրության հարցում: Ստոյկան «Ռապիդ-2»-ի գլխավոր մարզիչն է, մենք նույն մարզաբազայում ենք մարզվում, ուստի հաճախակի ենք հանդիպում, հիշում «Փյունիկում» միասին անցկացրած խաղերը: Երկուսն էլ Ռումինիայում հմուտ ու բանիմաց մարզչի համբավ ունեն: Ճիշտ է, Ստոյկիցան դեռեւս գործազուրկ է, սակայն կարծում ենք շուտով նա թիմ կունենա:
- Արման, ընտանիքո՞վ ես մեկնել Ռումինիա: Ընտանիքումդ նոր համալրում չի՞ սպասվում:
- Այո, միասին էինք Ռումինիայում: 2-րդ շրջանի շեմին ընտանիքս կրկին կմիանա ինձ: Իսկ համալրման համար դեռեւս շուտ է:
- Արտավազդ, ժամանակը չէ՞ հետեւելու եղբորդ օրինակին:
- Արդեն ընտրած աղջիկ ունեմ, երեւի մինչեւ տարեվերջ նշանվեմ:
- Նոր մրցաշրջանին թիմն ինչպե՞ս է նախապատրաստվելու:
- Հունվարի 7-ին մեկնելու ենք Բուխարեստ, որտեղ մեկ շաբաթ մարզվելուց հետո երկշաբաթյա հավաք ենք անցկացնելու Բրաշովում, ապաՙ Անթալիայում կամ Շվեյցարիայում: Երկրորդ շրջանը մեկնարկելու է մարտի 5-ին:
- Առջեւում Ամանորն է: Ի՞նչ կմաղթեիք մեր ընթերցողներին, ֆուտբոլային աշխարհին:
Արման- Առաջին հերթին շնորհակալ ենք ձեզանից, որ հարցազրույցի հրավիրեցիք: Շնորհավորում եմ խմբագրության աշխատակազմի գալիք Ամանորը, բոլոր երկրպագուների. ֆուտբոլիստների ու մարզիչների նոր տարին: Մեր թիմերին կմաղթեի հաջող մրցելույթներ եվրոգավաթներում:
Արտավազդ- Ես նույնպես միանում եմ եղբորս բարեմաղթանքներին եւ բոլորին ամենայն բարիք եմ մաղթում:
- Մենք էլ ձեզ ենք հաջողություն ցանկանում «Ռապիդում»: Եվ խաղադաշտում թող միշտ անբաժան լինեք:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ