«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2004-12-21 | #230, 2004-12-22 | #231, 2004-12-23


ԵՐԻՏԱՍԱՐԴ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ ՍՏԵՓԱՆ ՅԱԿՈՎԼԵՎԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆ ԸՆԿԵՐ ՉԷ

Թերեւս կարելի է ծրագրավորող լինել եւ «չհիվանդանալ» համակարգչով

«Համակարգիչն ինձ համար միայն գործիք է, մետաղի կտոր», ժամեր շարունակ համակարգչի առաջ իր ժամանակն անցկացնող Ստեփան Յակովլեւն այսպես է բացատրում համակարգիչ-մարդ հարաբերությունը:

Համակարգիչն ու ծրագրավորումը դեռեւս մանկուց եղել են Ստեփան Յակովլեւի հիմնական զբաղմունքը: «Հայրս, լինելով ծրագրավորող, թույլ չէր տալիս ուղղակի խաղալ համակարգչով, ես պետք է ինչ-որ խաղ ծրագրեի եւ նոր միայն խաղայի», հիշում է Ստեփանը: Հենց այդ ժամանակ էլ ձեւավորվել է ծրագրավորող դառնալու ցանկությունը:

«Հետո անլույս տարիները խանգարեցին համակարգչով զբաղվելուն: Մի պահ վատ միտք ունեցա բժիշկ դառնալու: Թեեւ մայրս հաշվապահ է, բայց նա էր հիմնականում ցանկանում, որ ես բժիշկ դառնամ», յուրօրինակ կերպով է բացատրում իր ապագա մասնագիտության ընտրությունը Ստեփան Յակովլեւը:

Ինչեւէ, ծրագրավորողի եւ հաշվապահի ընտանիքում մեծացող Ստեփանը հայտնվում է Անանիա Շիրակացու անվան ճեմարանում եւ ապա Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:

«Ի տարբերություն ճեմարանի, համալսարանում շատ ավելի ազատ ժամանակ ունեինք: Նստում էինք համալսարանի կենտրոնական մասնաշենքի դիմացի աստիճաններին ու հիմնականում խաղեր ծրագրավորում: Մեր ծրագրավորման դասերը շատ պարզ էին, դրա համար էլ մենք մեր խաղերով էինք զբաղվում»:

Համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրայում սովորող 21-ամյա Ստեփանն արդեն հասցրել է մի քանի աշխատատեղ փոխել: Ներկայումս Ստեփանը «Լայկոս Հայաստան» ընկերության աշխատակից է:

«Երբ «Լայկոսը» վեբ ծրագրավորման մրցույթ հայտարարեց, իմ նախկին աշխատատեղի աշխատակիցներից գրանցվեցին այդ մրցույթին մասնակցելու համար: Ինչպես ասում են, բոլորը գնացին, ես էլ գնացի: Մրցույթում հաղթելուց հետո մեզ հրավիրեցին ընկերություն, իսկ երկրորդ այցելության ժամանակ արդեն աշխատանք առաջարկեցին»:

Նոր աշխատատեղը Ստեփանի կարծիքով նախ լավ պայմաններ ունի: Բացի այդ, կան նոր բաներ սովորելու մեծ հնարավորություններ: Աշխատանքային հնարավորությունները եւ գործնական ծրագրավորումը կարեւորելով հանդերձ` Ստեփանը մտածում է երբեւէ լուրջ գիտական աշխատանքով զբաղվել հենց իր նախընտրած ոլորտում:

«Նպատակներն ու երազանքները, իմ կարծիքով, կարելի է բաժանել երկու խմբի. մանր-մունր երազանքներ, որ կատարվում են, եւ երազանքներ, որ երեւի թե երբեք չպիտի իրականություն դառնան»:

Բայց եւ այնպես, մանր-մունր երազանքներից Ստեփանը կուզենար տեսնել աշխարհը, ճանապարհորդել: «Կուզենայի ճանապարհորդել` աշխարհը տարբեր տեսանկյուններից տեսնելու համար: Համակարգչով էլ է հնարավոր, բայց դա ուրիշի սուբյեկտիվ կարծիքը կլինի աշխարհի մասին: Ես կուզենայի իմ առանձին կարծիքն ունենալ, թե ինչպես են մարդիկ ապրում այլ երկրներում»:

Ինչեւէ, չնայած իր իսկ խոսքերով չափազանց կոմպյուտերացված մարդ է, բայց նրա համար «համակարգիչը մետաղի կտոր է, գործիք: Տանը երկու համակարգիչ ունենք, մեկը կոչում ենք «Մետաղի կտոր-1», մյուսը` «Մետաղի կտոր-2»: Համակարգիչն ինձ համար ընկեր չէ եւ լինել չի կարող: Պարզապես համակարգչի միջոցով իմ ընկերները ինձ հետ են նաեւ վիրտուալ աշխարհում, այն ժամանակ, երբ մենք ֆիզիկապես միմյանց կողքին չենք»:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4