Սուր մրցակցություն ռմբարկուների պայքարում
Հայաստանի առաջնություններում վաղուց նման սուր ու անզիջում մրցապայքար չէր ծավալվել առաջնության լավագույն ռմբարկուի կոչման համար: Ի վերջո, այդ պայքարում հաջողությունն ուղեկցեց փյունիկցիներ Էդգար Մանուչարյանին ու Գալուստ Պետրոսյանին (21-ական գնդակ): Սա առաջնություններում երկրորդ դեպքն է, որ ռմբարկուների ցուցակը գլխավորեցին երկու ֆուտբոլիստներ: Նման դեպք գրանցվել էր 1993 թ., երբ լավագույն ռմբարկու էին ճանաչվել ՀՄԸՄ-ի հարձակվող Գեղամ Հովհաննիսյանը եւ «Բանանցի» ֆուտբոլիստ Անդրանիկ Հովսեփյանըՙ խփելով 26-ական գնդակ: «Փյունիկի» ֆուտբոլիստները 7-րդ անգամ են լավագույն ռմբարկու ճանաչվում: 2-ական անգամ առաջնության ամենադիպուկ ֆուտբոլիստի կոչմանն են արժանացել «Բանանցի», «Ցեմենտի», «Շիրակի», մեկական անգամՙ «Արարատի» եւ «Դվինի» ներկայացուցիչները: Ֆուտբոլիստներից 3-ական անգամ ռմբարկու են դարձել փյունիկցի Արսեն Ավետիսյանը եւ Արա Հակոբյանը:
17-ամյա Էդգար Մանուչարյանը դարձավ Հայաստանի առաջնությունների ամենաերիտասարդ ռմբարկուն: Մինչ այդ 1998 թ. «Դվինում» հանդես եկող 18-ամյա Արա Հակոբյանին էր պատկանում ռեկորդային ցուցանիշը, որն այդ տարի դարձել էր 20 գոլի հեղինակ: Արան արդյունավետության բացարձակ ռեկորդի հեղինակ է (2003 թ.ՙ 45 գնդակ):
Ընդհանրապես ընթացիկ մրցաշրջանում բարձր արդյունավետությամբ աչքի ընկնելն անհամեմատ դժվար էր, որի հետեւանքով միայն 6 ֆուտբոլիստի հաջողվեց խփել 10 եւ ավելի գնդակ: Մինչդեռ անցյալ տարի նման հաջողության հասած ֆուտբոլիստների թիվը կրկնակին էր: Նույնը վերաբերում է նաեւ «հեթ-տրիկներին»: Այս տարի գրանցվեց ընդամենը 7 «հեթ-տրիկ», մինչդեռ անցյալ տարի միայն Արա Հակոբյանը 9 անգամ նման հաջողության էր հասել: Սամվել Մելքոնյանը դարձավ 4 գոլի հեղինակ: 2 «հեթ-տրիկ» է իր օգտին գրանցել Էդգար Մանուչարյանը, մեկականՙ Գալուստ Պետրոսյանը, Դավիթ Գրիգորյանը, Նշան Էրզրումյանը եւ Մհեր Ավանեսյանը:
ՀՀ առաջնությունների 10 լավագույն ռմբարկուները
1. Արսեն Ավետիսյան | 150 |
2. Արթուր Պետրոսյան | 125 |
3. Տիգրան Եսայան | 123 |
4. Արա Հակոբյան | 114 |
5. Գեղամ Հովհաննիսյան | 111 |
6. Վահե Յաղմուրյան | 104 |
7. Արման Քարամյան | 100 |
8. Շիրակ Սառիկյան | 96 |
9. Մհեր Ավանեսյան | 89 |
10. Արթուր Քոչարյան | 88 |
Գառնիկ Հովհաննիսյանն ամենահուսալի դարպասապահն է
Ութ թիմերի դարպասի պաշտպանությունը վստահվել է 21 դարպասապահի: Եթե «Արարատում» եւ «Շիրակում» առաջնության ողջ ծանրությունն իրենց ուսերին տարան Նենադ Ռադաջան ու Ռայմոնդ Զադուրյանը, ապա «Բանանցում», «Կոտայքում» ու «Կիլիկիայում» հանդես եկան 4-ական դարպասապահ: «Միկայում» դարպասը պաշտպանեցին 3 դարպասապահներ, «Փյունիկում» ու «Դինամո-Զենիթում»ՙ 2-ական:
Միջինը մեկ խաղում բաց թողած գոլերի քանակով առաջնության ամենահուսալի դարպասապահը Գառնիկ Հովհաննիսյանն է («Միկա»)ՙ 0,71 (10 գոլ 14 խաղում): Միջինը մեկ խաղում մեկ գոլից պակաս են բաց թողել նաեւ Նիկոլայ Սարգսյանըՙ 0,77 (7:9), Ապուլա Բետենՙ 0,78 (18:23) եւ Գեւորգ Կասպարովըՙ 0,83 (10:12):
Դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով լավագույն արդյունքն ունի Ռադաջան (331 րոպե): «Արարատի» դարպասապահը բոլորից հաճախՙ 12 անգամ դարպասը պահել է անառիկ: Հարություն Աբրահամյանն անցկացրած խաղերի քանակով յուրօրինակ ռեկորդակիր է դարպասապահների շրջանում (208 խաղ):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ