XIV-րդ դարի բավարացի ուղեգիր Յոհաննես Շիլթբերգերի «Ճանապարհորդություն Մյունխենից Եվրոպա, Ասիա, Աֆրիկա. 1394-1427թթ.» գիրքը, որի Հայաստանին նվիրված գլուխներն են միայն տպագրված եղել, վերջերս ամբողջությամբ հայ ընթերցողին ներկայացրեց Երեւանի պետական համալսարանի հայագիտական կենտրոնը: Ուղեգրի վկայությամբ, 1394 թվականին, երբ նոր էր լրացել իր 16 տարին, Հունգարիայի Սիգիզմունդ թագավորը սկսեց խաչակրաց արշավանք, եւ ինքը միացավ նրա զորքին:
Հաջորդ 32 տարիներին Յոհաննեսը շրջել է գրեթե ամբողջ Ասիայում, գրի առել լսածն ու տեսածը, ստեղծելով գերմանական մատենագրության մեջ գրական այդ տեսակի լավագույն նմուշը: Հետազոտողների կարծիքով Շիլթբերգերը բավականին լավ է տիրապետել հայերենին, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ուղեգիրն իր գրքում արժեքավոր տեղեկություններ է հաղորդում հայերի եւ Հայաստանի մասին, վերապատմում հայկական ավանդույթները եւ հավատում դրանց: Ուղեգրությունը հետաքրքրական նյութ է պարունակում հայոց լեզվի պատմության, մասնավորաբար բարբառագիտության տեսակետից:
«Շիլթբերգերն ուր որ գնացել է, ամենուրեք հանդիպել է հայերին, որոնք նրան ընդունել եւ վերաբերվել են բարեկամաբար: Հայերը գերմանացիներին բարձր էին դասում եւ մեծ հարգանք տածում նրանց նկատմամբ: Հանձին Շիլթբերգերի Մյունխենը տվել է գերմանացի առաջին հայագետին», գրքի ներածականում գրել է Մյունխենի համալսարանի հայոց լեզվի դասախոս Կարլ Ֆրիդրիխ Նոյմանը:
Գրքի Հայաստանի մասին պատմող հատվածում Շիլթբերգերը գրում է. «Հայաստանը մի շատ գեղեցիկ հարթավայր ուներ, հեթանոսները (մահմեդականները) հարթավայրին տալիս են Ղարաբաղ անունը: Չնայած այն Հայաստանում է, սակայն գտնվում է հեթանոսների տիրապետության տակ: Ես միշտ ապրել եմ հայերի հետ, նրանք գերմանացիներին շատ լավ են վերաբերվում: Քանի որ ես էլ գերմանացի եմ, ինձ հետ էլ շատ լավ էին: Ինձ սովորեցրին իրենց «Հայր մերը» եւ իրենց լեզուն: Հայերը գերմանացիներին անվանում են նեմցա»: Նա պատմում է նաեւ հայոց հավատի, Սուրբ Գրիգորի, ինչպես նաեւ հույների եւ հայերի թշնամության պատճառների մասին:
Գիրքը գերմաներենից թարգմանել է Էվելինա Մակարյանը, հրատարակվել է Երեւանի պետական համալսարանի հրատարակչությունում:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ