«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2004-12-22 | #231, 2004-12-23 | #232, 2004-12-24


ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՀԻՄՆԱԴԻՐ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ 85 ՏԱՐԵԿԱՆ

1918 թ.-ի Հայաստանի առաջին հանրապետության հիմնահարցերից մեկը գիտության զարգացումն էր, որի փաստացի դրսեւորումը 1919-ին նախարարների խորհրդով Երեւանում առաջին հերթին համալսարան եւ պատմալեզվագրական բաժնին բացելու որոշումն էր: 1920-ին Ալեքսանդրապոլում սկսված համալսարանական դասընթացներն անցկացնում էին ականավոր գիտնականներ Մ. Աբեղյանը, Ստ. Մալխասյանը, Գր. Ղափանցյանը, Հր. Աճառյանը, Հ. Մանանդյանը, Ա. Տերտերյանը: 30-ականների կեսերին ֆակուլտետը բաժանվում է պատմության եւ բանասիրական մասնաճյուղերի:

Մայր բուհի հիմնադիր ֆակուլտետի 85-ամյակը երեկ նշվեց համալսարանի մեծ դահլիճումՙ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի ողջույնի եւ բացման խոսքով: Դեկան Արծրուն Ավագյանը ֆակուլտետի 85-ամյա ուղին ներկայացնելովՙ համառոտ անդրադարձավ դրա ստեղծման պատմությանը, կարեւորեց ֆակուլտետի, հիրավի, անգնահատելի նպաստը հայ ժողովրդի մտավոր եւ գիտական կյանքում, սերունդներին հայեցի դաստիարակելու եւ կրթելու առաքելությունը: Պատմալեզվագրական բաժնից են հետագայում սերվել եւ գործել սկսել ռոմանագերմանական, արեւելագիտական, ռուսական բանասիրական, վերջին տարիներիՙ ժուռնալիստական ֆակուլտետները ու Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների համալսարանը: Ֆակուլտետը դարձավ գրականագիտությունն ու լեզվաբանությունը զարգացնող կրթական լուրջ դարբնոցՙ տալով այնպիսի նշանավոր մտավորական գործիչներ եւ գրողներ, ինչպես Մ. Մկրյանը, Էդ. Աղայանը, Գ. Սեւակը, Գ. Ջահուկյանը, Հ. Շիրազը, Պ. Սեւակը, Վ. Դավթյանը, Ս. Կապուտիկյանը, Լ. Հախվերդյանը, Հր. Թամրազյանը, Ս. Աղաբաբյանը, Ա. Կոստանյանը եւ շատ ուրիշներ:

Ա. Ավագյանն անդրադարձավ ֆակուլտետի ուսումնական եւ գիտական գործունեությանը, այսօր գործող 7 ամբիոններին, նաեւ նրանց հրատարակչական աշխատանքներին: Մասնավորապես կարեւորվեց նախընթաց ժամանակներում եւ ներկայում հայոց լեզվի ամբիոնի կատարած բառարանագիտական աշխատանքների դերը (Աշոտ Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարանը» արժանացել է պետական մրցանակի):

Հոբելյանական հանդիսությանը ներկա էին եւ ողջույնի խոսքեր հղեցին այսօր պետական կառույցներում եւ գիտամշակութային հաստատություններում պատասխանատու պաշտոններ զբաղեցնող, ֆակուլտետի շրջանավարտներՙ ՀՀ կրթության նախարար Ս. Երիցյանը, մշակույթի նախարար Հ. Հովեյանը, ԳԱԱ փոխնախագահ Վլ. Բարխուդարյանը, ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանը, ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գ. Անանյանը, կոնսերվատորիայի պրոռեկտոր Լ. Տոնոյանը, «Գրական թերթի» խմբագիր Նորայր Ադալյանը, ռոմանագերմանական ֆակուլտետի դեկան Կարո Կարապետյանը:

Ի գնահատումն բազմամյա գիտական եւ մանկավարժական վաստակի, Ս. Երիցյանը «Ոսկե մեդալով» պարգեւատրեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Գ. Ջահուկյանին եւ Հ. Բարսեղյանին: Պատվոգրերով եւ շնորհակալագրերով պարգեւատրվեցին ֆակուլտետի երկարամյա դասախոսներ Ա. Ավագյանը, Լ. Հովսեփյանը, Լ. Եզեկյանը, Ժ. Քալանթարյանը, Ա. Շարուրյանը:

Գեղարվեստական հայտագիրը ներկայացրին ֆակուլտետի գիտամշակութային ակումբի ուսանողները, եզրափակեց «Տոհմիկ» երգչախումբըՙ Խորեն Պալյանի ղեկավարությամբ:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4