1954 թ. 83 աշակերտովՙ մանկապարտեզով եւ թերի նախակրթարանով Հալեպում իր կրթական գործունեությունը սկսեց Լազար Նաճարյան վարժարանը, որ հետագայում համալրվեց Գ. Գյուլբենկյան երկրորդական բաժնով եւ այսօր արդեն շուրջ 1600 աշակերտությամբ նշում է իր հիմնադրման 50 տարին:
«Նոր օր» շաբաթաթերթի ընդարձակ հոդվածում նշվում է, որ վերջերս «Ռիայեթ Էլ Շաբաբո» մարզադաշտում 4000 հանդիսականներ վայելեցին բացառիկ ներշնչանքով կազմակերպված հոբելյանական տոնախմբության մթնոլորտը:
Արաբերեն բացման խոսքով ելույթ ունեցավ վարժարանի պետական տնօրեն Ուսամա Ուաֆային, հայերենովՙ տնօրեն Ավետիս Պագգալյանը:
Գեղարվեստական ճոխ հայտագիրը ներկայացրին ՀԵԸ նորակազմ «Անդրանիկ» պարախումբը, երգչուհիներ Հուրի Աբարդյանը, Թամար Ինճեյանը, Ցողիկ Երեցյանը, Նանոր Միքայելյանը: Հուզիչ ու խանդավառ մթնոլորտի մեջ վարժարանի 60 վաստակաշատ ուսուցիչներ պարգեւատրվեցին հուշամեդալներով միության Սիրիայի շրջանային հանձնաժողովի ատենապետ Մելքոն Շամամյանի, կրթական հանձնախմբի ատենապետ Ներսես Ներսոյանի կողմից:
Հաջորդ օրը ՀԲԸՄ-ի Նազարյան սրահում տեղի ունեցավ տոնախմբության երկրորդ միջոցառումըՙ եզրափակիչ պաշտոնական հանդիսությունըՙ գաղութի 3 համայնքապետների, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Մելքոնյանի, քույր միությունների, կազմակերպությունների ու վարժարանների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հանդիսավար Հակոբ Միքայելյանը, արաբերենով եւ հայերենով բացման խոսքից հետո, ընթերցեց ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանի ողջույնի խոսքը, ցուցադրվեց դպրոցի առօրյան պատկերող տեսաերիզ: Ապա Նվարդ Դարաքչյանը ներկայացրեց միության խոսքըՙ ՀԲԸՄ-ի պատմության մեջ կարեւորելով կրթության նշանակությունը: Օրվա գլխավոր բանախոսըՙ վարժարանի նախկին երկարամյա տնօրեն Երվանդ Ակիշյանը, անդրադարձավ վարժարանի կենսագրությանն ու գործունեությանը: Նա ոգեկոչեց վարժարանների բարերարների հիշատակը, առաջարկելով կրթօջախի նվիրյալ ուսուցիչներին սատար կանգնել, երաշխավորելով նրանց վաղվա օրվա ապահովությունը:
Գեղարվեստական հայտագրի ավարտին բեմ հրավիրված Բերիո թեմի առաջնորդ Շահան Ծ. Վ. Սարգիսյանը օրհնեց եւ ընթերցեց Գարեգին Բ վեհափառ հայրապետի եւ Արամ Ա կաթողիկոսի սրբատառ կոնդակները, որոնք հանձնվեցին կրթական հանձնախմբի ատենապետ Ներսես Ներսոյանին:
Հանդիսությունն ավարտվեց «Լա Փալմա» բացօթյա ճաշարանում խրախճանք-պարահանդեսով:
Երեկույթի հանդիսավարը Հակոբ Միքայելյանն էր, իսկ հոբելյանական խորհրդանիշըՙ 50 մոմերով զարդարված կարկանդակը:
Մ. Բ.