«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2004-12-22 | #231, 2004-12-23 | #232, 2004-12-24


«ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՆՈՐԴ ԼԻՆԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ»

Ի՞նչ առաքելությամբ էր Բաքու ժամանել Ալի Շամխանին

Իրանի պաշտպանության նախարար, փոխծովակալ Ալի Շամխանին Բաքվում նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ իսլամական հանրապետությունը կողմնակից է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ պատրաստ շարունակելու իր միջնորդական ջանքերն այդ ուղղությամբ: Այս մասին հաղորդում է պաշտոնական ԻՌՆԱ գործակալությունը:

Իրանը ղարաբաղյան հակամարտության միջնորդ է եղել շատ կարճ ժամանակՙ 1992 թ. ձմռանը, այն ժամանակ, երբ Ղարաբաղում եւ հայ-ադրբեջանական սահմանային շրջաններում արյուն էր հեղվում: Իսլամական հանրապետությունը դուրս մնաց միջնորդի դերակատարությունից, երբ ղարաբաղյան ուժերը 1992 թ. մայիսի 9-ին ազատագրեցին Շուշին: Դրանից ընդամենը մեկ օր առաջՙ մայիսի 7-ին եւ 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Իրանի նախագահի միջնորդությամբ կրակը դադարեցնելու փաստաթուղթ էին ստորագրել Թեհրանում:

Ադրբեջանական լրատվամիջոցները չափազանց սուղ տեղեկություն են տալիս Իրանի պաշտպանության նախարարի այցի վերաբերյալ: Այսպես, վկայակոչելով Թուրան գործակալությանը, ադրբեջանական օրաթերթերը միայն մեջբերում են Շամխանիի հետեւյալ խոսքերը. «Իրանը միշտ պաշտպանել եւ ապագայում էլ պաշտպանելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանի անվտանգությունը մեր անվտանգությունն է, մեր պաշտպանունակությունը ձեր պաշտպանունակությունն է: Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ ցանկացած կապեր հաստատել, եւ չկան ուժեր, որոնք կխոչընդոտեն դրան»: Իրանի լրատվամիջոցները Շամխանի այս խոսքերին չեն անդրադարձել:

Շամխանին երկօրյա այցի ընթացքում (դեկտեմբերի 22-23) հանդիպումներ է ունեցել իր ադրբեջանցի պաշտոնակից Սաֆար Աբիեւի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ Շամխանիի այցի ընթացքում որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել, եւ ակնարկում են, որ այցը հանպատրաստից էր: ԻՌՆԱ գործակալությունը հավելում է, որ Շամխանին «Բաքու է ժամանել տարածաշրջանային անվտանգության ուխտ (պակտ) հաստատելու խորհրդատվությունների նպատակով»:

Բաքվի «Էխոն» հիշեցնում է, որ Ալի Շամխանին Ադրբեջանում հայտնի է իր հակաադրբեջանական հայտարարություններով, եւ նկատում, որ 2002 թ. Իրանի պաշտպանության նախարարը այցելել է Հայաստան:

«Վերջին շրջանում Իրանի պաշտոնյաները հաճախ են այցելում Ադրբեջան: Ինչո՞ւ է հենց այժմ հյուրերի հոսքը շատ հարավային սահմաններից: Բացի այդ, նախագահ Ալիեւը պատրաստվում է հունվարին այցելել Թեհրան: Մի քանի օր առաջ Բաքվում էր Իրանի հետախուզության ղեկավար Ալի Յունեսին, որը նախագահի հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Իրանում անհամբեր սպասում են Ալիեւի այցին: «Այս այցը, ասել է հյուրը, օժանդակելու է տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության պահպանմանը», գրում է «Էխոն»:

Վերջերս ամերիկյան «Atlantic Monthly» ամսագիրը մի ծավալուն հոդված է հրապարակել «Իրանի հետ պատերազմի սցենարը» վերնագրով, որի հեղինակը ԱՄՆ օդուժի պաշտոնաթող գնդապետ Սեմ Գարդիներն է: Նրա նախապատրաստած սցենարով առաջարկվում է Ադրբեջանի տարածքն օգտագործել Իրանի վրա օդային եւ հատուկ ուժերի գրոհների համար: Նախքան այս հրապարակումն էլ ադրբեջանական մամուլում եղել են բազմաթիվ հրապարակումներ, որոնցում ակնարկվում է Իրանն օկուպացնելու ամերիկյան ծրագրերի մասին:

Ադրբեջանական մամուլը գրում է, որ նման հրապարակումները մտահոգության տեղիք են տալիս հարեւան հանրապետությունում եւ այդ պատճառով է, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները մեկը մյուսի հետեւից չնախատեսված այցեր են տալիս Ադրբեջան: Իլհամ Ալիեւի եւ Սաֆար Աբիեւի հետ հանդիպումներում Ալի Շամխանին, վկայակոչելով երկու ժողովուրդների պատմական, կրոնական եւ մշակութային նույնություններով անցյալը, նշել է, որ դա «հսկայական կապիտալ է, որը կարող է նպաստել երկկողմ կապերի» ամրապնդմանը: Շամխանին Կասպիցը համարել է «խաղաղության եւ եղբայրության ծով»:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4