«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2004-12-22 | #231, 2004-12-23 | #232, 2004-12-24


ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԱԹՎԱԾԱՀԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ Է

Փոխարենը տրվում են այլ լուծումներ

Ավելի քան 4 մլրդ դրամ կուտակված պարտքի, ներդրումների բացակայության եւ տեխնիկական անմխիթար վիճակի պայմաններում Երեւանի ջերմամատակարարման համակարգն այսօր չի գործում: 8 շրջանային ջերմային կայաններով` իրենց 130-ից ավելի կենտրոնական ջերմային հանգույցներով եւ 220-ից ավելի փոքր կաթսայատներով Երեւանի քաղաքապետարանի «Ջերմային տնտեսություն» ՊՓԲԸ-ն հայտնվել է կաթվածահար վիճակում: «Այս ձմեռ մենք ընդհանրապես ջերմամատակարարում չենք իրականացնում: Սկսել ենք փորձնական ծրագիր եւ 6 փոքր կաթսայատուն տվել ենք վարձակալության», ասում է «Ջերմային տնտեսություն» ՊՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ Ռոբերտ Բուղդարյանը: Մինչդեռ Խորհրդային Միության օրոք Երեւանում ջեռուցվում էր 5400 շենք, շուրջ 9 մլն 200 հազ. քառ. մետր տարածք: «Սակայն մեծ համակարգերը պահանջում են կապիտալ ներդրումներ եւ շահագործման ծախսեր: Երբ վառելիքը թանկացավ, համակարգի շահագործումը դարձավ գրեթե անհնար: Սրան էլ ավելացավ բնակիչների ցածր վճարունակությունըՙ 15-20 տոկոս: Այս գումարը չէր բավականացնում նույնիսկ վառելիքի ծախսերի փոխհատուցման համար: Այս երեւույթը բնութագրական էր ողջ հետխորհրդային տարածքի համար», ասում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Ռոբերտ Խարազյանը:

Երկու տարի առաջ մայրաքաղաքի Դավթաշեն համայնքը բավականին հաջող ջեռուցվում էր, սակայն բնակիչների ցածր վճարունակության եւ ջրի գողությունների մեծ ծավալի պատճառով այստեղ եւս ջեռուցումը դադարեցվեց: «Իրականում գոյություն չունի մատակարարված եւ սպառված ջերմության քանակական հաշվառում: Տարիներ առաջ սպառված ջերմաէներգիան հաշվառվում էր անուղղակի, ըստ ջեռուցվող տարածքի քառ. մետրերի: Սակայն այս ձեւը վաղուց ապացուցել է իր անկենսունակությունը: Ջերմության հաշվառման տարբերակներից մեկն էլ յուրաքանչյուր բնակարանում անհատական հաշվիչի տեղադրումն է, սակայն հաշվիչը միջին սպառողի համար թանկ արժեՙ 100-120 դոլար: Իրականացվել է փորձնական ծրագիր, երբ ընդհանուր հաշվիչ տեղադրվել է մեկ շենքի համար, իսկ յուրաքանչյուր բնակարանում տաքացուցիչի վրա դրվել է ալոկատոր», նշում է Ռոբերտ Խարազյանը:

Նախկին կենտրոնացված համակարգի փոխարեն այսօր տրվում են այլ լուծումներ: Կառուցվում են լոկալ կաթսայատներ մեկ կամ մի քանի շենքերի համար, նույնիսկ դրվում են անհատական կաթսայատներ, որոնք սակայն արժեն շուրջ 2000 դոլար: Լոկալ կաթսայատների կառուցումը խրախուսելու նպատակով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Էներգետիկայի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն որոշում ընդունեց, ըստ որի մինչեւ 5,8 մեգավատ հզորության կաթսայատների գործունեությունը լիցենզավորման չի ենթարկվում ու սակագինը որոշվում է սպառողի եւ արտադրողի կնքած պայմանագրով: «Լոկալ կաթսայատան կառուցումը կենտրոնացվածի համեմատ խոշոր կապիտալ ներդրումներ չի պահանջում, դյուրին կարգավորման եւ հաշվառման հնարավորություն է ընձեռում», փաստում է Ռ. Խարազյանը: Նրա հավաստմամբ, այսօր 5,8 մեգավատից բարձր հզորությամբ օժտված համակարգերից մասնակի բեռնվածությամբ գործում են միայն Երեւանի եւ Հրազդանի ՋԷԿ-երը: Համակարգի մասնավորեցման մասին խոսելիս Ռոբերտ Խարազյանը նշեց, որ այն բիզնեսի տեսակետից գրավիչ չէ եւ դեռեւս մասնավորեցման որեւէ առաջարկ չի եղել:

Համակարգի առողջացման նպատակով 2002 թ. սեպտեմբերին կառավարությունն ընդունել է ՀՀ բնակավայրերի ջերմամատակարարման ոլորտի բարեփոխումների ռազմավարություն, իսկ Համաշխարհային բանկը աջակցության ռազմավարության մեջ ներառել է 15 մլն դոլարի վարկի տրամադրումՙ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով: Այդ գումարից 1 մլն դոլարի կանխավճարի ծրագիր արդեն իրականացվել է: «Համատիրություններն ու բնակիչները ֆինանսավորվելով կառուցել են լոկալ եւ անհատական կաթսայատներ, նաեւ օժանդակել ենք գործարարների, որոնք ցանկություն են հայտնել գործարկել փոքր կաթսայատներ: Ամեն անգամ մենք նախապատվությունը տվել ենք տարբեր կազմակերպչական ինստիտուցիոնալ լուծումների, որպեսզի պարզենք, թե որն է առավել շահավետ եւ կենսունակ տարբերակը», ասում է «Ջերմամատակարարման ծրագրեր» ԾԻԳ-ի տնօրեն Թամարա Բաբայանը: Վարկը տրամադրվում է ներկայացրած ծրագրերի համաձայն եւ մարվելու է 10 տարում:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4