«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2004-12-22 | #231, 2004-12-23 | #232, 2004-12-24


ՍՏԵՂԾԵԼ ԷՆԵՐԳԱՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Իր գործառույթներով Ղարաբաղում միակ «Արցախէներգոցանցշին» բաց բաժնետիրական ընկերությունը դեռեւս 1980-ական թվականներին ստեղծված լինելովՙ Արցախում հիմնականում իրականացնում է բարձր լարվածության էլեկտրահաղորդման գծերի ենթակայանների էլեկտրամոնտաժային աշխատանքներ: Ներկայումս ընկերությունը «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ-ի համար կառուցում է աշտարակներՙ օդային գծեր իրենց ենթակայաններով:

Միեւնույն ժամանակ ԼՂՀ կառավարության պատվերով Շահումյանի շրջանի գյուղերում իրականացնում է էլեկտրիֆիկացման աշխատանքներ: Ընկերության գործադիր տնօրեն Լավրենտ Սարգսյանի խոսքերով, այսօրվա դրությամբ, շրջանի բոլոր գյուղերը, բացառությամբ երկու բնակավայրի, էլեկտրիֆիկացված են: Իսկ նշված երկու գյուղերում այդ աշխատանքները կավարտվեն եթե ոչ մինչեւ ամսվա վերջը, ապա գալիք տարվա սկզբին: Տնօրենը հատկանշեց այն փաստը, որ վերոնշյալ շրջանում իրենք ժամանակավորապես աշխատանքի են ընդունում նաեւ տեղի բնակիչների, որոնք բարձր աշխատավարձ են ստանում: Ասել է թեՙ վերաբնակիչների համար կենսականորեն անհրաժեշտ աշխատանքի խնդիրը մասնակի լուծում է ստանում:

Լ. Սարգսյանը գլխավոր խնդիրներից մեկը համարեց կայուն բազայի ստեղծումը եւ նոր տեխնիկա ձեռք բերելը: Ավելի բարձր արդյունավետության համար նոր տեխնոլոգիայի առկայությունը անհրաժեշտ է: Մասնավորապես, ըստ տնօրենի, իրենք կարիք ունեն ավտոամբարձիչի:

Տեխնիկական նյութերով, պարագաներով ու սարքավորումներով ապահովվածության առումով նույնպես ընկերությունը խնդիրներ ունի: Բազմաթիվ տեխնիկական նյութեր ու պարագաներ ոչ միայն Ղարաբաղում, այլեւ Հայաստանում չեն արտադրվում, ուստի դրանց ձեռքբերումը բարդություններ է առաջացնում: Մասնավորապես նրանք կարիք ունեն 10 կիլովոլտանոց մեկուսիչների, հենասյուների, տրանսֆորմատորների, որոնք մի կերպ հայթայթում են հայաստանյան իրենց գործընկերների օժանդակությամբ:

Լ. Սարգսյանը նաեւ նշեց, որ ՌԴ-ում էներգահամակարգին անհրաժեշտ նյութերն ու պարագաներն ավելի թանկ են, ուստի նպատակահարմար չէ դրանց ներմուծումը, քանի որ իրենց կատարած աշխատանքն զգալիորեն թանկ կարժենա տեղի պատվիրատուների համար: Իբրեւ խնդրի լուծման տարբերակՙ տնօրենը ավելի ճիշտ է համարում հենց տեղում անհրաժեշտ նյութերի արտադրություն ստեղծելը, թեկուզ հենասյուների կամ տրանսֆորմատորների արտադրության գծով: Իհարկե, ընկերությունն օգտվում է տեղական արտադրանքից. «Արցախկաբելի» եւ «Հայկաբելի» թողարկած արտադրանքը, ըստ Լ. Սարգսյանի, որակով չի զիջում արտասահմանյանին:

Էներգահամակարգը առանձնահատուկ ոլորտ է, որտեղ պետք է աշխատեն գիտակ մարդիկ: Բավարարո՞ւմ է ունեցած կադրային բազան: Մեր այս հարցին Լ. Սարգսյանը պատասխանեց, որ հիմնականում իրենք փորձառու մասնագետներ ունեն, որոնք, ի դեպ, ամսական միջինը 80-100 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Ընդ որում, տարեցտարի աշխատողների թիվը եւ աշխատավարձը բարձրանում են: Դա էլ հենց նշանակում է, որ որակավորված աշխատանքն ստանում է իր ցանկալի արդյունքը:

Այդուհանդերձ, որոշ նեղ մասնագետների կարիք ունեն, որոնք պարզապես Ղարաբաղում չկան: Էներգահամակարգը երկրի համար կարեւորագույն բնագավառ է, ու պետք է այս ուղղությամբ կադրերի պատրաստման դրվածքը առավել արդյունավետ դարձնել: Եվ սա, ընդգծեց տնօրենը, միայն իրենց ձեռնարկության խնդիրը չէ, դրանում պետք է շահագրգռված լինեն նաեւ իրավասու մյուս օղակները:

Պարապուրդներ սովորաբար չեն ունենումՙ շնորհիվ պատվիրատուների: Այս առումով նա առանձնապես նշեց «Ղարաբաղ տելեկոմի» հետ ունեցած արդյունավետ համագործակցությունը, որի պատվերները համալրում են իրենց գործունեության շրջանակը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4