Գիշերային ակումբների եւ այլնի մասին
Երեւանի ներքին եւ արտաքին բովանդակությունը վաղուց արդեն խաթարված է: Երեւանն այսօր կառուցվում-արդիականանում է ի տես ամենքիս եւ ի հաշիվ նախ եւ առաջ կանաչ տարածքների: Օր-օրի շատացող զվարճավայրերին, սրճարաններին, հյուրանոցային եւ ռեստորանային համալիրներին զոհ գնացող բուսածածկույթի համար պատասխանատվություն կրող չկա, հետեւանքների մասին զգուշացնողները առայժմ չեն կարեւորվում: Բնապահպանական վնասներից բացի ավելի ծանր են բարոյական կորուստները: Հյուրանոցի անվամբ շատ զվարճավայրեր քողարկված անառականոցների են վերածված: Երիտասարդական պալատի հարեւանությամբ դրանցից մեկի (այժմ վերացված է) մի աշխատակցուհի պատմում էր, որ ցավ ու սարսափ է ապրել ամեն օր տեսնելով 14-25 տարեկան աղջիկների անամոթ պահվածքը: Երբ նրանց խորհուրդ է տվել երիտասարդությունը չփչացնել, ճիշտ ճանապարհով գնալ, այդ նորատի աղջիկները պատասխանել են, թե ո՞վ իրենց մի քանի ժամվա համար 100 դոլար կվճարի:
Գիշերային ակումբներից մեկում պարուհիներին «թիկնապահություն» անող մի երիտասարդ աննկարագրելի բաներ էր պատմում իրենց այցելուների (նաեւ «նշանավոր» ինտելիգենտ ընտանիքներից) շռայլություններից, թե ինչպես եւ ի՜նչ փողեր են նետում սեղաններին պարող պարուհիների մերկությունների առաջ: «Աղջիկներից մեկին շատ լավ եմ ճանաչումՙ ցերեկով պարկեշտ ու համեստ կերպարի մեջ, ընկեր էլ ունի, ժամը 11-ից հետո ընկերոջ հետ հեռախոսով խոսելիս ասում էՙ հոգնած եմ, պատրաստվում եմ պառկելու, հետո հագնվում ու գնում է իր գործինՙ գիշերային ակումբ: Միամիտ չլինես, ասում էր երիտասարդը, գիշերային Երեւանը բոլորովին նման չէ ցերեկայինին, ինչե՜ր են կատարվում»:
Աղայան փողոցի բնակիչները ստիպված են ամեն օր տանել գիշերային «կանգառների» աղջիկների ու նրանց հաճախորդների «բացառիկ» հարաբերությունները: Նրանցից մեկը հուսահատ բողոքում էր, թե դեպի փողոց նայող պատշգամբ դուրս գալ այդ ժամերին հնարավոր չէ, հատկապես կանայք վիրավորված են զգում, առավել եւս դեռահաս երեխաներ ունեցողները: Հետաքրքրասիրությունը նրանց մղում է այդ ժամերին դուրս գալ պատշգամբՙ ուշարժան տեսարանները բաց չթողնելու համար: Բնակիչը պատմում էր, որ կարճ փեշերով սիրունատես աղջիկներին մի քանի րոպե լսելուց հետո ինքդ ես ամոթից շիկնում: Գիշերը, երբ տրանսպորտային աղմուկը մարում է, հնարավոր է դառնում լսելու անգամ մարմնավաճառների սակարկությունները հերթի կանգնած շքեղ մեքենատերերի հետ: Երբեմն բանը հասնում է ծեծկռտուքների: Նա պատմում էր, թե ինչպես մի օր երկու հաղթանդամ տղամարդիկ անասնաբար ծեծում էին մի աղջկա: Իսկ իրենց երեխաներն ամեն օր անցուդարձ են անում այդ փողոցովՙ ակամա հանդիսականը դառնալով այդ անբարոյական խաղի...
Մայրաքաղաքային երաժշտական մթնոլորտի մասին գրելուց ոչինչ չստացվեց: Շարունակվում է տրանսպորտում, գետնուղիներում, վերնիսաժում, տոնավաճառներում, սրճարաններում հնչել ականջ սղոցող ռաբիսըՙ արաբա-թուրքական մեղեդու խառնուրդով, իսկ վերջերս նորույթ է հայտնվել մեր քաղաքի երաժշտական ֆոլկլորում. դա հայկական «ռեպն» է: Սա արդեն նկարագրելու բան չէ, լսել է պետք այդ ապանորմալ, անհեթեթ, մարդու մեջ բանական ու բնական զգացմունքային ամեն ինչ սպանող բառակույտ-զառանցանքը: Չխոսենք մեր խրախճանքների, հարսանյաց հանդեսների մթնոլորտի մասին, փողոցային ավտոշքերթի այլանդակ ազդանշանների հիվանդության մասին: Բանն այնտեղ է հասել, որ վարձակալված սրահներում այդ միջոցառումների ոչ միայն երաժշտությունն է մինչեւ կեսգիշեր լսվում դրանց հարեւանությամբ գտնվող բնակարաններում, այլեւ միկրոֆոններով «ազդարարվող» բաժակաճառերը:
Քաղաքի կենտրոնը վաղուց արդեն զրկվել է իր նախկին մշակութային դիմագծից, մշակութային օջախներն իբրեւ ժամանակավրեպ բաներ դուրս են մղվում, դրանց փոխարինելու են գալիս նորօրյա բարոյականություն քարոզողներըՙ ռեստորանները, բարերը, գիշերային ակումբներըՙ «Յոժիկ», «Օմեգա», «Ռելաքս», «Միրաժ», «Մանհաթթըն» եւ այլն, որոնցՙ ձողի շուրջ պտտվող մերկ աղջիկներով գովազդներն օրական տասն անգամ պտտվում են երկնագույն էկրաններին: Դրանցից շատերը (բարերի) բուն են դրել բնակելի շենքերի ներքնահարկերում եւ օրենքով նրանց գործունեությունը բնակելի շենքերի տակ չի արգելվում: Բնակիչներին մնում է դիմանալ ու տոկալ, նաեւ բողոքել, եթե ուզում ես, իհարկե: Նման փորձ ամիսներ առաջ արեցին Թումանյան 13 հասցեում ապրողներըՙ իրենց շենքի տակ բուն դրած «Յոժիկ» ստրիպտիզ-բարի երաժշտական աղմուկից ու անպարկեշտ գոչյուններից վաղուց ընդարմացած: Բնակիչները եւ մտավորականների պատկառելի մի խումբ պայքար սկսեցինՙ նախ մամուլում, ապա դիմեցին տարբեր ատյաններիՙ ոստիկանությանը, թաղապետարանին, բանը հասավ դատական գործընթացներին: Ամիսների դատական լսումներից ու քաշքշուկներից հետո ՀՀ քաղաքացիական գործերով վճռաբեկ դատարանը մերժեց «Յոժիկ» բարի վճռաբեկ բողոքը բնակիչների դեմՙ հաստատելով նախորդՙ գիշերային ստրիպտիզ-բարի գործունեությունն արգելող վճիռը:
Այս մասնավոր դեպքը բացասական երեւույթների դեմ բնակիչներին պայքարի մեթոդների եղանակներ է հուշում, այսինքնՙ համբերատար, բայց համառ ու հետեւողական պայքար: Որովհետեւ շարունակվող անտարբերությունն ու հուսահատությունը մեզ ավելի է մղելու դեպի գոյացող ճահճուտը, եթե անընդհատաբար չհնչեն արթնության ձայները հասարակության տարբեր շերտերից:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ