Անցնող տարվա ընթացքում Հայաստանում ապաստան խնդրած 162 իրաքահայերից ոչ մեկին փախստականի կարգավիճակ չի տրվել, նրանցից 85-ին տրվել է ժամանակավոր ապաստանի կարգավիճակ, իսկ մյուսների դիմումները քննարկման փուլում են: Ընդհանուր թվով դիմել են 193 օտարերկրացիներ, որոնցից 162-ըՙ
Իրաքից են, 31-ըՙ այլ երկրներից: Հայաստանի կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչությունը վերջին 2 տարիներին Իրաքի քաղաքացիներից ստացել է 225 դիմում: Դիմումների հոսքը այսօր էլ շարունակվում է, բացի Իրաքից հայցեր են ստացվում նաեւ այլ երկրներից: Հիշյալ վարչության պետ Գագիկ Եգանյանը երեկ Արմենպրեսի սրահում հրավիրած ասուլիսում ամփոփեց 2004 թ. աշխատանքները, որոնք առնչվում էին միգրացիայի պետական կարգավորման հայեցակարգին, միջազգային աշխատաշուկային ինտեգրմանը, անօրինական միգրացիայի դեմ պայքարին, մարդկանց անօրինական փոխադրումների եւ վաճառքի կանխարգելմանը եւ այլ հարցերին: Այսպես, օրինակ, Դանիայի փախստականների խորհրդի հետ իրականացվում է տեղեկատվություն տարածելու ծրագիր, հրատարակվել է «Հայրենիք վերադարձի եւ վերահաստատման ուղեցույցը», որը դեսպանատների եւ հյուպատոսական հիմնարկների միջոցով տարածվում է օտարերկրյա պետություններում գտնվող հայաստանցիների շրջանում: Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գրասենյակի հետ իրականացվում է Շվեյցարիայից վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման աջակցության ծրագիր, որը վերադարձող քաղաքացիներին օգնում է փոքր բիզնես հիմնադրելու, երեխաներին անհրաժեշտ կրթություն ապահովելու եւ այլ հարցերում: Վարչության պետի ասելով, Շվեյցարիայից Հայաստան է վերադարձել 7 ընտանիք:
Քաթարի իշխանությունների հետ աշխատանքային միգրացիայի հարցերով բանակցությունների արդյունքում, առաջիկայում վարչությունը կներկայացնի պահանջվող մասնագետներիՙ բուժքույրերի եւ բարձր տեխնոլոգիաների մասնագետների առաջին խմբի տվյալները:
Ըստ հանրապետության միգրացիոն իրավիճակի վերլուծության, վերջին 3 տարին նկատվող միգրացիայի բացասական տարբերության կրճատման միտումները պահպանվում են. եթե մինչեւ 2002 թվականը Հայաստանից մեկնողների եւ ժամանողների թվի բացասական տարբերությունը կազմել է 50-60 հազար մարդ, ապա անցյալ տարի այդ թիվը դարձել է 3 հազար, իսկ այս տարվա 11 ամիսների ցուցանիշովՙ 22.9 հազար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 7.7 հազարով պակաս է: Պրն Եգանյանի ասելով, այդ թիվն ավելի կնվազի, որովհետեւ Ամանորին Հայաստան ժամանողների թիվն ավելանում է:
Փախստականների խնդիրների մասին խոսելիս պրն Եգանյանը նշեց, որ այս տարի կառավարության ընդունած «1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության ծրագրում» ընդգրկվել է 3175 ընտանիք, ծրագրի արժեքը 21.608 հազար դոլարին համարժեք դրամ է: Հաջորդ տարվա բյուջեի նախագծում 1.2 մլրդ դրամ է նախատեսված հանրապետության բոլոր մարզերում (բացառությամբ Կոտայքի) բնակվող առավել կարիքավոր ընտանիքների համար:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ