Կառավարության որոշմամբ «Հայփոստը» «Կոնվերս ինվեստ» ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնելու որոշման վերաբերյալ երեկ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, ի պատասխան լրագրողների հարցերին, հետեւյալն ասաց.
- «Հայփոստն» ունի 800 բաժանմունքներ Հայաստանի ամբողջ տարածքում եւ 3669 աշխատակից: Այդ համակարգի աշխատողների նվազագույն աշխատավարձը 13 հազար դրամ է: Նման աշխատավարձերը բավարար չեն փոստային ծառայություններ մատուցելու համար: Բացի դրանից, «Հայփոստը» կուտակել է բավականաչափ պարտքերՙ 300 հազար դոլար ծանրոցների փոխադրման համար, 145 մլն դրամ պետական բյուջեին: Քանի որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային փոստային միության անդամ է, ապա պարտավոր ենք ունիվերսալ փոստային ծառայություններ մատուցել, ինչն, ինչպես նշեցի, այս վիճակով մատուցել չենք կարող: Այդ պատճառով որոշվեց «Կոնվերս բանկին», որը համարվում է «Կոնվերս ինվեստ» ընկերության հիմնադիրը, հանձնել «Հայփոստի» կառավարումը: Նրա կողմից 5 մլն դոլարի ներդրումային ծրագիր է ներկայացվել ժամանակակից ծառայությունների մատուցման համակարգի ստեղծման համար: Հավատարմագրային կառավարման իրավունքը տրվել է 5 տարով, եւ կստանա շահույթի 20 տոկոսը:
Ա. Մ.