Համաշխարհային բանկի ներկայացուցիչը բարձր գնահատեց ծրագրի արդյունավետությունը
Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացված տրանսպորտային վարկային ծրագիրը գերակատարվել է 15 տոկոսով: Նախատեսված 47 մլն դոլարի փոխարեն կատարվել են 49 մլն դոլարի աշխատանքներ: Այդ մասին երեկ, ծրագրի ամփոփման ժամանակ հայտարարեց տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Հավելյալ աշխատանքները հնարավոր են եղել խնայողությունների, այդ թվում խորհրդատվության գծով, ինչպես նաեւ փոխարժեքի տատանումների հաշվին, քանի որ 29,9 մլն SDR (պայմանական միավորով) վարկը կազմել է 40 մլն դոլար տվյալ պահինՙ 2000 թ. հուլիսի 7-ին: Ավելացված գումարը հիմնականում ուղղվել է երկաթուղու նորոգմանը: Նախատեսված 36 կմ փոխարեն նորոգվել է երկաթգծի 72 կմ հատված: Իսկ ծրագիրն ունեցել է երեք ուղղությունՙ ճանապարհների նորոգում, երկաթուղու նորոգում ու տրանսպորտի եւ կապի նախարարության կառուցվածքային ամրապնդում:
Ճանապարհների վերականգնման բաղադրիչով նորոգվել են 228 կմ միջպետական նշանակության ճանապարհներ, 11 կամուրջներ եւ 750 կմ ճանապարհների վրա ընթացիկ նորոգումներ: Մասնավորապես նորոգվել են Երեւան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման, Երեւան-Գյումրի-Բավրա-Վրաստանի սահման, Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման եւ մի շարք այլ ճանապարհների առանձին հատվածները: Այստեղ ծախսված գումարը կազմել է ավելի քան 33 մլն դոլար:
Երկաթուղու վերականգնման բաղադրիչով ծախսվել է 15 մլն դոլար: Ձեռք են բերվել ռելսեր, սլաքային փոխադրիչներ, երկաթբետոնե կոճղեր, շարժակազմի նորոգման համար հաստոցներ եւ սարքավորումներ: Նորոգվել է Գյումրի-Այրում երկաթգծի 55,5 կմ հատվածը, իրականացվել են 310 կմ երկարությամբ ընդհանուր երկարությամբ օպտիկամանրաթելային մալուխի տեղադրման աշխատանքներ: Մոտ 0,5 մլն դոլար էլ կազմել է նախարարության տեխնիկական վերազինումը:
Ամփոփելով ելույթը, Անդրանիկ Մանուկյանը կարծիք հայտնեց, որ մեր երկիրը միակն է տարածաշրջանում, որ չունի միջպետական ճանապարհների խնդիր: Դրանք բոլորը նորոգված են: Հայաստանի խնդիրը հանրապետական եւ մարզային ճանապարհներն են:
2980 կմ երկարությամբ այս ճանապարհների նորոգման համար, ինչպես լրագրողներին տեղեկացրեց նախարարը, ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային ներկայացվել է 137 մլն դոլար արժողությամբ ծրագրեր: Այդ գումարը, սակայն, բավարար չէ բոլոր ճանապարհները նորոգելու համար, քանզի մարզային նշանակության ճանապարհների երկարությունը 3100 կմ է, հանրապետական նշանակությանըՙ 1830 կմ, միջպետականըՙ 1560 կմ: Հանրապետական եւ մարզային ճանապարհների նորոգման համար անհրաժեշտ ընդհանուր գումարը, ըստ Անդրանիկ Մանուկյանի, կկազմի մոտ 200 մլն դոլար:
Կատարված աշխատանքները բարձր գնահատեց նաեւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը: Նա հայտնեց, որ քննարկվում է ճանապարհների նորոգման նոր ծրագիրը եւ ինքը ամեն ինչ կանի, որպեսզի նախարարության բոլոր պահանջները բավարարվեն: Միաժամանակ նա հայտնեց, որ նոր ֆինանսավորման հնարավորություններ կան «Հազարամյակի մարտահրավերներ», «Լինսի» հիմնադրամի, Ասիայի զարգացման հիմնադրամի կողմից:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ