«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2004-12-24 | #233, 2004-12-25 | #234, 2004-12-28


«ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ ՀԱՋՈՂ ԷՐ»

«Անցնող տարին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի համար ավելի քան հաջող էր, մասնակցեցինք փառատոնների, հանդես եկանք հյուրախաղերով, տեղի ունեցան մի քանի պրեմիերաներ», ասում է Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը: 2004թ. թատրոնը ավելի քան մեկ տարի տեւող վերանորոգումից հետո վերաբացվեցՙ ստանալով ոչ միայն նորագույն լուսային եւ ձայնային համակարգերով հագեցած մեծ բեմ, այլեւ փոքր բեմ, որն ամբողջովին կգործարկվի 2005թ. մայիսին: Անցնող տարի թատրոնում տեղի ունեցան 4 ներկայացումների պրեմիերաներ, որից երկուսըՙ «Փշրված շղթաները» եւ վերաբեմադրված «Խելքից պատուհասը» խաղացվեցին նաեւ փառատոնների ընթացքում: Ապրիլին թատրոնը մասնակցեց Սանկտ Պետերբուրգում անցկացվող «Բալթյան տուն» փառատոնին «Խելքից պատուհաս» ներկայացմամբ: «Ներկայացումն արժանացավ բարձր գնահատականների, բայց որ ամենակարեւորն էՙ բեմադրությունն առիթ տվեց լայն քննարկումների», նշում է Ա. Գրիգորյանը: Նոյեմբերին թատրոնը հյուրախաղերով հանդես եկավ Մոսկվայում, Տուլայում, Կալուգայում, Վլադիմիրումՙ խաղալով «Հիշատակման աղոթք» եւ «Փշրված շղթաներ» ներկայացումները: «Մենք առաջիններից մեկն էինք, որ մասնակցեցինք ՌԴ-ի նախագահ Վ. Պուտինի ծրագրին, որի նպատակն է աջակցել ԱՊՀ եւ Բալթյան երկրների ռուսական թատրոններին: Ծրագրի շրջանակում մենք հրավեր ստացանք հյուրախաղերով հանդես գալ ռուսական քաղաքներում», ասում է Ա. Գրիգորյանը: Հատկանշական է, որ ռուս թատերագետները, խոսելով ռուսական թատրոնի բարձր մակարդակի մասին, նշել էին. «Եթե Հայաստանում ռուսական թատրոնը նման բարձր մակարդակի ներկայացումներ է տալիս, ապա պարզ է, թե ինչ բարձրորակ ներկայացումներ կխաղա Հայաստանի ազգային թատրոնը»: 2004թ. ամենանշանակալի իրադարձությունը, թերեւս, Մոսկվայի գեղարվեստական թատրոնում Ալեքսանդր Գրիգորյանի բեմադրած «Հրեշը լուսնի վրա» ներկայացման պրեմիերան էր, որին ներկա էին Հայաստանի եւ Ռուսաստանի առաջին տիկինները: «1915 թ. Եղեռնը վերապրած մարդկանց մասին պատմող պիեսի բեմադրությունն առավել քան արդիական էր», ասում է գեղ. ղեկավարը: Պիեսի հեղինակ Ռիչարդ Կալինոսկին ներկա էր պրեմերիային եւ նշել է, որ սա տարբեր երկրներում ավելի քան 35 անգամ բեմադրված իր պիեսի լավագույն բեմականացումն է: Նա նույնիսկ ցանկություն է հայտնել ներկայացումը հրավիրել Բրոդվեյ: «Ես էլ իմ հերթին փորձելու եմ այդ ներկայացումը բերել մեր թատրոն, որից հետո այն կբեմադրեմ արդեն մեր դերասանների մասնակցությամբ», հավաստիացնում է Գրիգորյանը:

2005 թ. սպասվում են միանգամից մի քանի պրեմիերաներ: Թատրոնն արդեն իսկ հրավիրվել է մասնակցելու Պետերբուրգի, Բրեստի, Մակեդոնիայի թատերական փառատոններին: «Հաջորդ տարի ավարտում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռուսական թատրոնի դերասանների խումբը եւ մեր թատրոնը կհամալրվի նոր դերասաններով», նշում է Գրիգորյանը: Երիտասարդ դերասաններն արդեն մասնակցել են Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացմանը, որը հանդիսատեսների կողմից ընդունվել է ջերմությամբ:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4