Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերան արժանացել է գերմանական «Վոլֆ Էբերման» միջազգային մրցանակին: 1000 եվրո դրամական մրցանակային պարգեւը Թատերական միջազգային ինստիտուտի երաժշտաթատրոնի կոմիտեն, որի նախագահն է դոկտ. պրոֆ. Հելմուտ Մատիասեկը, տրամադրելու է Տերտերյանի այրունՙ դոկտ. պրոֆ. Իրինա Տիգրանովա- Տերտերյանինՙ ի նպաստ հայ երաժշտության զարգացման հիմնադրամի:
Մյունխենում գործող Ագուստ Էվերդինգ բավարական թատերական ակադեմիայի հասարակայնության հետ կապերի բաժինը հիշյալ լրատվությունը տրամադրել էր դեկտեմբերի 27-ինՙ լրացուցիչ ծանուցելով, թե հենց նոր ավարտված երաժշտաթատրոնների միջազգային 8-րդ մրցույթում, որն ամեն 3 տարին մեկ կազմակերպվում է Թատերական միջազգային ինստիտուտի գերմանական մասնաճյուղի կողմից, «Երկրաշարժը» հիրավի համարվել է բեմական նորամուծություններով հարուստ ներկայացում, որն իրականություն է դարձել Էկկեհարդտ Կլեմի, Քլաուս Գութի, Քրիստիան Շմիդտի եւ Մյունխենի Գերթներպլաց թատրոնի ողջ անսամբլի կողմից: («Ազգը» ժամանակին անդրադարձել է հիշյալ բեմադրությանՙ 2003-ի մարտի 16-ին կայացած պրեմիերային): «Սա հայ երաժշտությանն ուղղված մեծ ժեստ է եւ մեծ պարգեւ մեր թատրոնի հանդեպ», մրցանակը ստանալիս ասել է թատրոնի կառավարիչ Քլաուս Շուլցըՙ հավելելով, թե «Երկրաշարժի» հաջողությունը «ստիպել» է այն ներմուծել թատրոնի 2006-ի խաղացանկում:
Տերտերյանի արվեստն առաջնություն է շահել Գերմանիայում մեծ ակնածանք վայելող այնպիսի կոմպոզիտորների շարքում, ինչպիսիք են Յորգ Վիդմանը, Դետլեւ Գլաներտը, Շնիտկեն ու Շչեդրինը:
ԱՆ. ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա