Երեւանցի միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանն անսպասելիորեն անհաջող է մեկնարկել շախմատի մրցաշարում, որն այս օրերին անցկացվում է Պամպլոնայում: Հայաստանի այս տարվա լավագույն մարզիկը 8 շախմատիստների մասնակցությամբ անցկացվող մրցաշարում 4 տուրից հետո կես միավորով եզրափակում է աղյուսակը: Հայ գրոսմայստերը միակ կես միավորը վաստակել է կուբացի Լազարո Բրուզոնի հետ մրցախաղում: Իսկ ահա Օսկար դե լա Ռիվայի, Սերգեյ Կարյակինի եւ Էմիլ Սուտովսկու հետ պարտիաներում Վահանյանը պարտվել է:
Մրցաշարային աղյուսակը 3,5 միավորով գլխավորում է Բորիս Գելֆանդը: Նա հաղթել է Սուտովսկուն, Նայդիչին եւ Մամեդյարովին եւ ոչ-ոքի ավարտել պարտիան Կարյակինի հետ: 2-րդ տեղում Անդորրայի ներկայացուցիչ Ռիվան է (3 միավոր), որին կեսական միավորով են զիջում Սերգեյ Կարյակինն ու Լազարո Բրուզոնը: 5-րդ տուրում Վահանյանն ուժերը կչափի Արկադի Նայդիչի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ