«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2004-12-24 | #233, 2004-12-25 | #234, 2004-12-28


ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ ԳՏԱՆ ՏԵՐԵՐԻՆ

Դարձի Հայաստանի ֆեդերացիան (նախագահՙ Կարեն Գիլոյան) «Նո պրոբլեմ» ժամանցի կենտրոնում պարբերաբար մրցումներ է անցկացնումՙ իր շարքերն ընդգրկելով նորանոր մասնակիցների: Ուստի պատահական չէր, որ մարզաձեւի հանրապետության 2-րդ առաջնությանը մասնակցելու հայտ էր ներկայացրել 42 մասնակից: Կազմակերպիչները ստիպված էին մրցումները սկսել նախնական փուլից: Օլիմպիական մրցակարգով անցկացված առաջնությունում բավական համառ մրցակցություն ծավալվեց սահմանված մրցանակների համար: Եզրափակիչ փուլ մտան անցյալ տարվա չեմպիոն, «Նո պրոբլեմ» ժամանցի կենտրոնի աշխատակից Դավիթ Ադամյանն ու Հ1 հեռուստաընկերության մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը, որոնք նախորդ փուլերում աչքի էին ընկել դիպուկ նետումներով: Եզրափակիչ մրցախաղում համառ մրցակցություն ծավալվեց: Հաջողությունն ուղեկցեց Էդուարդ Քալանթարյանին, որը նվաճեց դարձի հանրապետության այս տարվա չեմպիոնի տիտղոսը:

«Առավոտ» թերթի մարզական լրագրող Աշոտ Հակոբյանն ու Հ1 հեռուստաընկերության աշխատակից Էմիլ Սարգսյանը բաժանեցին 3-4-րդ տեղերը: Առաջնության մրցանակակիրները «Շիրակի կտավատի ձեթ» ընկերության կողմից արժանացան դրամական պարգեւների: Հովանավորների կողմից սահմանվել էին նաեւ զանազան մրցանակներ տարբեր անվանակարգերում: Մեկ նետմամբ տղամարդկանցից բոլորից շատ միավոր (137) վաստակած Էդուարդ Քալանթարյանին հանձնվեց «Նո պրոբլեմի» մրցանակը: Կանանցից լավագույնը Արմինե Գեւորգյանն էր (124 միավոր), որին հանձնվեց «Առավոտ» թերթի մրցանակը: Մրցանակների արժանացան նաեւ Տաթեւիկ Բարսեղյանը, Լիանա Դրմոյանը եւ Արտակ Սեսյանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4