Ըստ Արմեն Աբրահամյանի, ամբողջ դաշտը պետք է զարգանա
Մոտ մեկ ամիս առաջ Երեւանում հանդիսավորությամբ բացվեց Կորեայի հյուպատոսարանըՙ ի դեմս պատվավոր գլխավոր հյուպատոս Արմեն Աբրահամյանի: Տեղի ունեցավ նաեւ հայ-կորեական տնտեսական ֆորում, որին մասնակցում էին Հայաստանի եւ Կորեայի հանրապետությունների գործարար շրջանակների ներկայացուցիչները: Թե ինչպիսի արդյունք տվեց հայ-կորեական գործարար հանդիպումը, զրուցեցինք Հայաստանում Կորեայի պատվավոր հյուպատոս Արմեն Աբրահամյանի հետ:
Պարոն Աբրահամյանը նաեւ «Ազգ» օրաթերթի 5 բաժնետերերից մեկն է: Հետաքրքրական էր պարզել, թե որպես բաժնետեր պրն Աբրահամյանն ինչպես է տեսնում թերթի ապագան եւ ինչ ծրագրեր ունի:
- Ինչպիսի՞ արձագանք ստացավ հայ-կորեական տնտեսական ֆորումը:
- Իմ կարծիքով, հանդիպումն անցավ բավականին նորմալ: Սկզբնական շրջանի համար Հայաստանի եւ Կորեայի գործարարները հիմնականում ծանոթացան եւ տվյալներ փոխանակեցին: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաեւ բավականին հետաքրքրական նախագծեր, որ կարող են հայ-կորեական համագործակցության նոր ուղիներ ձեւավորել:
Չնայած կարճ ժամանակ է անցել մեր կազմակերպած տնտեսական ֆորումից, սակայն արդեն իսկ մեր գործարարներից հետաքրքրվում են հնարավոր համագործակցությամբ, նորություններով: Բավականին թվիվ առաջարկներ են ներկայացվել հյուպատոսարան:
- Ի՞նչ խնդիրներ կան, որ կարիք ունեն լուծվելու մոտ ժամանակներում:
- Քանի որ հյուպատոսարանը բացվեց ըստ էության տարվա վերջին, հիմնական ծրագրերը կիրականացվեն հաջորդ տարվանից: Երբ կավարտվեն այդ գործընթացները եւ Կորեայի Հանրապետությունը Մոսկվայում նոր դեսպան կունենա, մենք կաշխատենք լիարժեք:
- Ունե՞ք արդյոք առաջարկներ` կապված հայ-կորեական համագործակցության հետ: - Հայ գործարարների եւ տարատեսակ կազմակերպությունների հյուպատոսարան բերած առաջարկները տարբեր են, վերաբերում են տարբեր ոլորտների: Օրինակ, Տոլ Կի Դոյի մարտարվեստի հայկական ֆեդերացիան մեզ առաջարկ է ներկայացրել կորեական կողմի հետ համագործակցելու համար, քանի որ այդ մարտարվեստը կորեական է:
- Մեր գիտա-հետազոտական ինստիտուտներից «Քիմտեխ» Երեւանի գիտահետազոտական եւ տեխնոլոգիական ինստիտուտը եւս կորեական կողմի հետ համագործակցելու առաջարկ է ներկայացրել:
Առաջարկ է ներկայացրել նաեւ Մեհրաբյանի անվան Երեւանի բժշկական ինստիտուտը: Հաստատությունն առաջարկում է իրականացնել համատեղ կրթական ծրագրեր, ուսանողների եւ դասախոսների փոխանակում, ստեղծել հեռակա ուսուցման հնարավորություն:
Մշակույթի բնագավառում տարբեր կազմակերպություններ իրենց պատրաստակամությունն են հայտնել հայ-կորեական մշակութային հարաբերություններ ձեւավորելու, Հայաստանում կորեական մշակույթի օրեր անցկացնելու առնչությամբ:
- Ինչպիսի՞ ծրագրեր ունի հյուպատոսարանը:
- Ինչ վերաբերում է հյուպատոսարանի ծրագրերին, ապա ներկայումս մեր խնդիրն է ձեւավորել համագործակցությունը, հավաքել տարբեր ծրագրեր եւ առաջարկություններ, որոնք կքննարկվեն եւ կիրականացվեն Մոսկվայում Կորեայի դեսպանատան հետ համատեղ:
Մոտ ժամանակներս Մոսկվայում Կորեայի դեսպանատան ինտերնետային էջում կբացվի նոր էջ, որ կվերաբերի Հայաստանում Կորեայի հյուպատոսարանին: Այդ էջում էլ կտեղադրվեն այն առաջարկներն ու ծրագրերը, որոնք հյուպատոսարան կներկայացվեն հայաստանյան գործարարների ու կազմակերպությունների կողմից:
Հաջորդ տարի արդեն ծրագրում ենք փոխադարձ այցելություններ` ձեւավորված կապերն ամրապնդելու եւ հետագա համագործակցության հնարավոր տարբերակներ քննարկելու համար:
- Բացի կազմակերպություններից, մեր քաղաքացիները արդյոք հետաքրքրվու՞մ են Կորեայով:
- Հյուպատոսարան են գալիս նաեւ սովորական քաղաքացիներ: Նրանց հետաքրքրությունը եւս մեծ է Կորեայի նկատմամբ: Հետաքրքրվում են հիմնականում, թե ինչպես կարելի է որպես զբոսաշրջիկ այցելել Կորեա, ի՞նչ հնարավորություններ կան այնտեղ աշխատելու եւ այլն:
Մենք հիմնականում տրամադրում են տեղեկատվություն, թե ինչ հարցերով եւ ինչպես կարելի է դիմել Մոսկվայում Կորեայի դեսպանատուն: Առայժմ հյուպատոսությունը չի զբաղվում վիզաների տրամադրման հարցերով, բայց արդեն պայմանավորվածություններ ունենք, որ որոշ ժամանակ անց վիզա ստանալ ցանկացողների մեծ թվի դեպքում վիզաներ կտրամադրվեն հենց Հայաստանում:
Չնայած վիզաների տրամադրում չենք իրականացնում, բայց արդեն քաղաքացիներ դիմել են եւ մեր օժանդակությամբ նրանց դիմումները հասցվել են Մոսկվայում Կորեայի դեսպանատուն:
- Պրն Աբրահամյան, լինելով Հայաստանում Կորեայի պատվավոր գլխավոր հյուպատոսը, Դուք կապված եք նաեւ «Ազգ» օրաթերթի հետ: Այս առիթով արդյոք կոռե՞կտ կլինի Ձեզ տալ հետեւյալ հարցըՙ ի՞նչ առնչություն ունի Արմեն Աբրահամյանը «Ազգ» օրաթերթի բաժնետերերի խորհրդի հետ, արդյոք դա «ի դեմս» Արա Աբրահամյանի չէ՞...
- Պատասխանեմ: Աբրահամյան ընտանիքի անդամներից յուրաքանչյուրն ունի իր առանձին բիզնեսը, սակայն մենք չորս եղբայրներով ունենք նաեւ մեր ընդհանուր գործը, բիզնեսը: Մյուս կողմից, եղբայրներով լինելով հայության միավորման եւ ուժերի համատեղման ջատագով, յուրաքանչյուրս իր կարողությունների չափով մասնակցում է այդ ընդհանուր գործին: Եվ երբ «Ազգի» հիմնադիրները մեզ դիմեցին օգնության խնդրանքով, առաջարկեցինք դառնալ բաժնետեր, ինչը ընդունվեց անհապաղՙ նկատի ունենալով, որ նախապես նույնպես օգնել էինք թերթի համակարգչային ողջ բազան թարմացնելով: Եվ քանի որ եղբայրներիցս ես էի ազատված աշխատողը, ինքս սկսեցի զբաղվել թերթի գործերով: Այլ խոսքովՙ թերթի ֆինանսավորումը կատարվում է ընդհանուր, սակայն կազմակերպչական աշխատանքն իրականացնում եմ ինքսՙ թերթի մյուս բաժնետերերի հետ:
- Ձեր գնահատմամբ, ինչպիսի՞ն է թերթի ներկա վիճակը:
- Այդ հարցին առաջինը պետք է պատասխանի ընթերցողը: Հիմնադիրներիս եւ խմբագրության կողմնորոշումը պետք է լինի դեպի ընթերցողը: Իսկ ես, որպես նաեւ ընթերցող, տեսնում եմ թերթի ոչ միայն ուժեղ, այլեւ թույլ կողմերը: Այս վերջին 10 ամիսների ընթացքում զգալիորեն բարելավվել է թերթի բովանդակությունը, այն դարձել է առավել բազմակարծիք: Կարեւոր գրեթե բոլոր իրադարձություններն իրենց արժանի մեկնաբանություններն են ստանում թերթի էջերում, ինչը խմբագրակազմի ջանքերի արդյունք է անշուշտ: Դեռեւս պետք է ուժեղացնել ներքին քաղաքական կյանքի լուսաբանման ու մեկնաբանման բաժինը, առավել լուրջ ուշադրություն է պետք դարձնել երկրի ֆինանսական զարգացումներին, դրանց ներքին միտումներին, դրանց վերլուծությանը:
- Ի՞նչ ծրագրեր կան կապված «Ազգի» բովանդակության զարգացման հետ:
- Թերթի զարգացման ծրագիրը մշակվել եւ հաստատվել է դեռեւս մեկ տարի առաջ: Դրանք քայլ առ քայլ իրականանում են, թերեւս որոշ ուշացումներով: Համենայն դեպս, հիմնադիրներս հույս ունենք, որ ծրագրի բոլոր կետերը մինչեւ առաջիկա գարուն իրականություն կդառնան: Այդ թվումՙ հասարակության տարբեր շերտերին ու հատկապես երիտասարդության համար նախատեսված նյութերն ու էջերը: Պետք է ավելանան տարբեր թեմաներով ներդիրներն ու հավելվածները: Մեկ խոսքովՙ թերթը պիտի ավելի գրավիչ դարձնել:
- Ինչպիսի՞ ծախսեր կան կապված «Ազգի» հետ եւ որքա՞ն ներդրում է կատարվել հիմնադիր կազմի համալրումից հետո:
- Մեր բաժնետեր դառնալուց առաջ թերթը կուտակել էր զգալի պարտքեր: Դրանք փակելուց հետո թերթի տնօրենության առաջ խնդիր դրվեց հստակ հաշվապահությամբ եւ ֆինանսական կարգապահությամբ հետզհետե զրոյական հաշվեկշռի բերել թերթի մուտքերն ու ելքերը: Բաժնետերերս (իսկ մենք հինգն ենքՙ Ռ. Միրզախանյան, Ե. Ազատյան, Մ. Մինասյան, Հ. Ավետիքյան եւ ես) խնդիր չունենք թերթից նյութական շահ ապահովելու, սակայն ցանկանում ենք, որ ներդրումներն ուղղվեն ոչ թե դեպի պարտքերի մարում եւ գոյատեւում, այլՙ դեպի զարգացում: Արդեն գնվել է մեծ քանակությամբ թուղթ, բարելավվել է տեխնիկական բազան, ձեռք են բերվել օդափոխիչ եւ այլ սարքավորումներ, որոշ չափով ավելացել են աշխատավարձերը: Մտածում ենք տարածքի ընդարձակման ուղղությամբ, քանի որ խմբագրությունում նեղվածք է: Չպետք է մոռանալ, որ այդտեղ փաստորեն գործում են ոչ թե մեկ, այլ երկու լրատվամիջոցՙ թերթը եւ նրա էլեկտրոնային օն-լայն տարբերակըՙ 4 լեզուներով եւ 8 աշխատակցով: Հայտնի է, որ վերջինս միայն ներդրումներ է պահանջում, քանի որ լուրերն ու նյութերը տրամադրում են անվճար: Սակայն շարունակելու ենք դրա մատակարարումն ու զարգացման կուրսըՙ քաջ հասկանալով, որ հայ իրականության մեջ ամենամեծ ժողովրդականություն վայելող այդ ծառայությունը կարեւոր է Հայաստանում, Ռուսաստանում, աշխարհի շուրջ 70 երկրներում ապրող մեր հայրենակիցների տեղեկատվական մերձեցման, ինֆորմացիոն միասնական դաշտի ապահովման տեսակետից:
Այս բոլորը ենթադրում են ոչ միայն հավելյալ ներդրումներ, այլեւ հիմնադիրներիս, խմբագրակազմի, տնօրենության եւ տեխնիկական անձնակազմի հարատեւ աշխատանքը:
- Ի՞նչ պիտի արվի, որպեսզի թերթի բիզնեսը դառնա շահութաբեր:
- Ինչպես ասացի, հիմնադիր խորհրդի եւ անձամբ իմ նպատակը թերթից շահույթ ստանալը չէ: Այլապես էլ, ուսումնասիրելով Հայաստանում տպագիր մամուլի վիճակը, կարելի է եզրակացնել, որ թերթերն առայժմ չեն կարող դիտարկվել որպես շահութաբեր բիզնես: Բաշխման ու տարածման ներկայիս վիճակը, տպարանական խնդիրները, ժողովրդի անվճարունակությունը եւ այլ հարցեր տպագիր մամուլին հնարավորություն չեն տալիս առայժմ բարգավաճելու: Ամբողջ դաշտը պետք է զարգանա:
- Ձեր ամանորյա մաղթանքները «Ազգի» ընթերցողներին:
- Որպես Հայաստանում Կորեայի պատվավոր հյուպատոս իմ մաղթանքն է, որ մեր երկու երկրների միջեւ զարգանան առեւտրատնտեսական հարաբերությունները, մշակութային կապերն ու համագործակցությունը: Որպես «Ազգի» հիմնադիր կազմի անդամ մաղթում եմ, որ առաջիկա տարին Հայաստանի համար լինի խաղաղության, ղարաբաղյան հիմնահարցի արդարացի լուծման, բարգավաճման տարի: Շնորհավոր լինի մեր բոլորի Նոր տարին եւ Սբ. Ծնունդը:
Հարցազրույցը վարեց ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ