«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2004-12-24 | #233, 2004-12-25 | #234, 2004-12-28


ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵԶԱԿԻ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՆ ՑԱՆՑ ԱՐՏԱՇԱՏԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Ռուսաստանի հայերի միությունն ու Համաշխարհային հայկական կոնգրեսը շարունակում են դպրոցների համակարգչայնացման ծրագիրը: Այս անգամ համակարգչային դասարան բացվեց Արտաշատի ռուսական սահմանապահ ջոկատի դպրոցում, որտեղ սովորում են զինվորականների երեխաները: Սահմանապահ ջոկատի հրամանատար գնդապետ Վալերի Մատնիկի խոսքերով, համակարգիչները ոգեւորել են երեխաներին: Համակարգչային դասարանի բացման արարողությանը դպրոցականները բավականին պատրաստվել էին` համակարգիչների էկրաններին տեղադրելով Համաշխարհային հայկական կոնգրեսի բացման արարողությունից մի նկար: Նկարում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներն էին, Արա Աբրահամյանը:

Հանդիպումը բավականին ջերմ էր, երեխաներն ու ուսուցիչները ակնհայտորեն շնորհակալ էին եւ ուրախ նման նվերի համար: Նրանք կարեւորեցին համակարգչային դասարանն ունենալն ու մեր օրերում համակարգչին տիրապետելու անհրաժեշտությունը: Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանն էլ նշեց, որ ջոկատի հետ համագործակցությունն այդքանով չի սահմանափակվի:

Ամեն դեպքում, Արա Աբրահամյանի նվիրատվությամբ համակարգիչներ են տրամադրվել ոչ միայն սահմանապահ ջոկատի դպրոցին: Համակարգիչներ են ստացել նաեւ սահմանապահ ջոկատի 13 սահմանապահ ուղեկալները, որոնցից 5-ը արդեն միացված են տեղական ցանցով:

«Նման պրակտիկա չկա անգամ ԱՊՀ որեւէ երկրում: Մենք առաջինն ենք, ընդ որում, մնացած ուղեկալներն էլ շուտով կմիացվեն ռադիոմոդեմներով, միայն տեխնիկական հարցեր են մնացել», ասաց գնդապետ Վալերի Մատնիկը:

Տեղական ցանցով հնարավորություն է ստեղծվել հաղորդակցություն ապահովել ոչ միայն ուղեկալների եւ ջոկատի միջեւ, այլեւ ջոկատի ու ղեկավարության:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4