«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2004-12-25 | #234, 2004-12-28 | #235, 2004-12-29


ՁՄԵՌ ՊԱՊԸ ԲՈԼՈՐԻ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ Է

Թերեւս ոչ ոք եւ հատկապես մանուկներն ամանորյա զարմանահրաշ գիշերը չեն կարող պատկերացնել առանց Ձմեռ պապի եւ Ձյունանուշի մասնակցության: Երեւանի քաղաքապետարանը մինչեւ հունվարի 13-ը գրեթե ամեն օր Հանրապետության հրապարակում` մայր տոնածառի մոտ, հանդիպում է կազմակերպում հանրապետության գլխավոր Ձմեռ պապի եւ Ձյունանուշի հետ: Արդեն 6-րդ տարին հանրապետության գլխավոր Ձմեռ պապը Էդվարդ Դանիելյանն է: Հարցազրույցի նպատակով նրան խմբագրություն հրավիրեցինք, սակայն Ձմեռ պապը մի փոքր ուշացավ:

- Սահնակով ճանապարհ էի ընկել խմբագրություն, երբ հասա քաղաքի մատույցների մոտ, ձյունը շատ քիչ էր եւ այլեւս չէի կարող սահնակով տեղափոխվել: Ստիպված ոտքով ճանապարհ ընկա խմբագրություն եւ ուշացա:

- Ձմեռ պապ, ե՞րբ կհանդիպեք մանուկների հետ:

- Դեկտեմբերի 31-ին ժամը 12-ին մայր տոնածառի մոտ կսպասեմ բոլոր մանուկներին եւ բոլոր նրանց, ովքեր հավատում են Ձմեռ պապի գոյությանը: Հունվարի 1-ին իմ կառքով շրջելու եմ մայրաքաղաքի փողոցներով եւ բոլոր անցորդներին իմ անհատակ պարկից նվերներ եմ բաժանելու:

- Իսկ ե՞րբ եք սկսում պատրաստվել Նոր տարվա տոնակատարություններին:

- Ցրտերն ընկնելուն պես: Ձմռան գալստյան հետ անտառի իմ ընկերների հետ սկսում եմ մանուկների համար նվերներ պատրաստել, որպեսզի նվիրեմ բոլոր նրանց, ովքեր ուղիղ մեկ տարի առաջ ինձ հետ պայմանավորվել են կրկին հանդիպել մայր տոնածառի մոտ: Նվերներ ձեռք բերելիս այս տարի դժվարություններ եմ ունեցել, քանի որ գնալով ավելի մեծ թիվ են կազմում բարի մարդիկ:

- Մանուկները Ձեզ նամակներ շա՞տ են գրում:

- Նամակներ գրում են ամբողջ տարին, եւ բոլորն էլ որեւէ նվեր են խնդրում: Աղջիկները սովորաբար տիկնիկ են խնդրում, տղաները` ավտոմեքենա: Տարիներ առաջ տղաներն ինձանից հիմնականում զենք էին խնդրում, բայց այժմ, երբ այդ նույն զենքի ուժով Հայաստանի երկնքում խաղաղություն է տիրում, մանուկներն արդեն այլ նվերներ են խնդրում: Ինչքան էլ իմ նվերները շատ լինեն, բնականաբար բոլորին չեմ կարող բաժանել: Բայց խնդրում եմ մանուկներին չտխրել, որովհետեւ այն բոլոր նվերները, որոնք կգտնեք տոնածառի տակ կամ կստանաք հանդեսի ընթացքում, դարձյալ իմ ուղարկած նվերներն են:

- Իսկ մեծահասակները Ձեզ չե՞ն հրավիրում բնակարան հանդիպելու իրենց փոքրիկների հետ:

- Հանրապետության գլխավոր Ձմեռ պապն առանձին հրավերով կամ դրամականչով բնակարաններ չի այցելում: Ես պատրաստ եմ հանդիպել բոլոր մանուկների հետ Հանրապետության հրապարակում: Պատրաստվում եմ իմ սահնակով մեկնել մարզեր եւ մայրաքաղաքի մայր տոնածառի լույսերը փոխանցել նաեւ մարզերի բնակիչներին: Ինձ, իհարկե, կօգնեն անտառի իմ բարեկամները: Հա, ի դեպ, ձեր թերթի ընթերցողներին հանելուկ ունեմ առաջադրելու: Ով լուծում գտնի, թող գա մայր տոնածառի մոտ նվեր ստանալու:

Ճերմակ բացատ է սեւ ծաղիկներով,
Եվ պտտվում է արար աշխարհով,
Մեզ հետ խոսում է ամեն մի պահի,
Նորություններ է պատմում աշխարհին:

- Իսկ Դուք շա՞տ գործընկերներ ունեք:

- Շատ, բայց գլխավոր Ձմեռ պապի իմ իրավունքով խնդրում եմ բոլոր Ձմեռ պապիկներին, որ գոնե այս օրերին մանուկների հետ շփվելիս գինովցած չլինեն եւ չծխեն: Ի վերջո, Ձմեռ պապը սովորական պապ չէ:

- Իսկ ինչպիսի՞ն է նա:

- Ձմեռ պապը պետք կյանքի մեծ փորձ ունենա, սիրի մանուկներին եւ նրանց անսահման ինչուներին ձմեռպապիկաբար պատասխանի: Ձմեռ պապը պետք է իրեն արժանի Ձյունանուշ ունենա: Գիտեք, բոլոր մանուկները սովորաբար մեկ ցանկություն ունեն` քաշել մորուքս եւ ստուգել դրա իսկությունը:

- Ձմեռ պապ, ինչ եք պատրաստվում անել Ամանորից հետո:

- Կրկին վերադառնալու եմ անտառ, մեկ տարի էլ ապրելու եմ անտառի իմ ընկերների հետ ձմեռպապիական հոգսերով: Ձյունանուշը կմնա այստեղ, որպեսզի մեծանա եւ սովորի:

- Իսկ ի՞նչ կմաղթեք Նոր տարվա առթիվ:

- Ձմեռ պապը ձեր բոլորի մանկությունն է, հավատացեք եւ ձեր երազանքները կիրականանան: Իսկ ձեր թերթի համար ես բանաստեղծություն եմ գրել:

Արդեն 14 տարի միացած ժողովրդի երթին,
Հավատավոր էիր ի սկզբանե եւ մնում ես ուխտիդ հավատարիմ,
Իմ սիրելի թերթին, «Ազգի» ողջ կոլեկտիվին

Գլխավոր Ձմեռ պապն ասում է` Շնորհավոր գալիք ձեր Նոր տարին:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4