«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2004-12-25 | #234, 2004-12-28 | #235, 2004-12-29


ՆԱՎԱՍԱՐԴ, ԹԵ՞ ԱՄԱՆՈՐ

«Խորան իմացության» խորագիրը ընթերցողի զրույցն է Հայ առաքելական Եկեղեցու սպասավոր հոգեւորականի հետ: Խորագրի նպատակն է հոգեւորականի միջոցով պարզաբանել մեր ընթերցողի համար արդիական կրոնական հարցեր, առավել մատչելի բացատրել մեր հավատքի կանոններն ու եկեղեցական ընդունված կարգերը: Ընթերցողի հարցերն ընդունվում են հետեւյալ հասցեներովՙ Երեւան, Հանրապետության 47, «Խորան իմացության» խորագրին կամ susanik@mail.ru:

- Տեր հայր, ի՞նչ տոն է Նոր տարին, կապ ունի՞ Հիսուս Քրիստոսի Ծննդյան կամ անվանակոչության տոնի հետ: (Կարինե Նավասարդյան, Երեւան)

Պատասխանում է Նուբարաշենի հոգեւոր հովիվ Տ. Բաբկեն քհն. Հայրապետյանը:

- Ամանորը ժամանակագրական առումով մոտ է Ս. Ծննդյան տոնին, որի պատճառով շատերը կարծում են, թե քրիստոնեական տոն է: Իրականում հեթանոսական արմատներ ունեցող աշխարհիկ տոն է: Նոր տարին կամ Ամանորը հին պարսկերեն նավասարդ բառի թարգմանությունն է եւ խորհրդանշում է նոր տարվա առաջին օրը: Նավասարդ է կոչվում նաեւ հին հայկական տոմարի առաջին ամիսը, որը համընկնում է օգոստոսին: Հեթանոսներն այն ժամանակ էին տոնում Նոր տարին:

Ամանորը կոչվում է նաեւ Կաղանդ, որը նշանակում է ամսագլուխ, ամսամուտ: Կաղանդ բառից ունենք նաեւ կաղանդչեքը, որ նշանակում է կաղանդի առթիվ տրված նվեր: Կաղանդչեքը հեռավոր նմանություն ունի Ադամի նվերների հետ, որ նա ստացավ Աստծուց` կյանք, միտք, ընտանիք:

- Տոնածառը Նոր տարվա զարդն է: Ի՞նչ խորհուրդ ունի քրիստոնյաների համար: (Նարինե, 24 տարեկան, ք. Ջերմուկ):

- Եդեմական պարտեզում կար կենաց (անմահության) ծառը, որի պտուղներից Ադամը պիտի ճաշակեր: Սակայն նա կերավ իմաստության ծառից, որի պատճառով կենաց ծառը նրա համար այլեւս անհասանելի ու անմատչելի մնաց: Մարդը միշտ հիշել, զղջացել ու ափսոսել է կենաց ծառի կորուստը: Ամանորի տոնածառը մի գեղեցիկ վերհուշ է անմահություն պարգեւող, նվիրական ծառի մասին, որին միշտ էլ ձգտելու է մարդը: Տոնածառի գագաթին ամրացված աստղը բեթղեհեմյան աստղի խորհրդանիշն է: Նրա վրա կախելով խաղալիքներ, քրիստոնյաները նմանվում են այն երեք մոգերին, որ նվերներ մատուցեցին նորածին Հիսուսին:

- Տեր հայր, իմ շուրջը շատ Ձմեռ պապիկներ կան, չգիտեմ, ո՞րն է իսկականը: Նաեւ վստահ եմ, որ դուք ճիշտը կասեք. կա՞ արդյոք Ձմեռ պապիկ: (Վահագն Պ., 10 տարեկան, Երեւան)

- Ըստ ավանդության, Ձմեռ կամ Կաղանդ պապին Զմյուռնիա քաղաքի հայրապետն է եղել, որին կոչել են Ս. Նիկողայոս Սքանչելագործ: Ծնվել է 280 թվականին: Մանկուց եղել է բարի ու ընկերասեր մի անձնավորություն, որ հետեւելով Տիրոջ պատգամին (Մատթ. ԺԹ 21), վաճառել է իր ողջ ունեցվածքն ու ստացված գումարը բաժանել աղքատներին:

Սուրբ Նիկողայոսը աղքատների, նավաբեկյալների եւ մանուկների հովանավոր սուրբն է: Նա լսում է մանուկների աղոթքները եւ նրանց համար բարեխոսում Բարձրյալի մոտ: Սբ. Նիկողայոսը առավելաբար սիրում եւ քաջալերում է բարեգործ եւ ծնողներին հնազանդ երեխաներին, որոնք ուրախանում են ոչ միայն նվեր ստանալիս, այլեւ նվերներ բաժանելիս ու կարոտյալներին օգնելիս: Այնպես, որ սիրելի որդյակ, հավատքով լի եղիր եւ իմացիր, որ Ձմեռ պապիկի կերպարը կարելի տեսնել Սբ. Նիկողայոսի մեջ:

Պատրաստեց Ս. ՄԱՐԳԱՐՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4