Ձախողում
Հայաստանի մարզիկները չափազանց անհաջող հանդես եկան տարվա գլխավոր մարզական միջոցառումումՙ Աթենքի օլիմպիական խաղերում: Հունաստանում օլիմպիական մրցասպարեզ դուրս եկած մեր հանրապետության 28 մարզիկներից եւ ոչ մեկին չհաջողվեց մեդալ նվաճել: Մինչդեռ մինչեւ օլիմպիադա մեկնելը մեր մարզական ղեկավարությունը հավաստիացնում էր, որ մարզիկները լավ են նախապատրաստվել օլիմպիական խաղերին եւ անպայման Աթենքից կվերադառնան մի քանի մեդալներ նվաճած: Սակայն մեր մարզիկները պարզապես ձախողվեցին: Նրանցից շատերը իրենց հնարավորություններից շատ ցածր հանդես եկանՙ չդրսեւորելով անհրաժեշտ կամք ու համառություն, հաղթանակի հասնելու վճռականություն: Մեր մարզիկներից լավագույնը հրաձիգ Նորայր Բախտամյանն էր, որն Աթենքում գրավեց 4-րդ տեղը: Նա մոտ էր բրոնզե մեդալին, սակայն վերջին երկու կրակահերթերում վրիպեց եւ զրկվեց օլիմպիական պարգեւից: Ի դեպ, Նորայրն օլիմպիական խաղերի ավարտից հետո մեծ հաջողությամբ հանդես եկավ հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունումՙ դառնալով արծաթե մրցանակակիր:
Աթենքի օլիմպիական խաղերը լուրջ ահազանգ պետք է դառնան հայկական սպորտում տիրող իրավիճակով մտահոգ մարզաշխարհի մասնագետների համար:
Հայ շախմատիստների փառահեղ նվաճումները
Մրցաշրջան-2004-ում Հայաստանի մարզիկների տխուր ելույթների ֆոնի վրա կրկին հիացրին հայ շախմատիստները, որոնք վերջին տարիների իրենց փառահեղ նվաճումներով մեկ անգամ եւս ապացուցեցին, որ այսօր Հայաստանն իրոք աշխարհի գերհզոր շախմատային տերությունների թվին է դասվում: Հատկանշական է, որ 2-րդ տարին անընդմեջ Հայաստանի լավագույն մարզիկը շախմատիստ է: Անցյալ տարի մարզական լրագրողների ընտրյալը Էլինա Դանիելյանն էր, իսկ այս մրցաշրջանում լավագույն է ճանաչվել մեր ամենափորձառու գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը: Բացի նրանից, եւս 3 շախմատիստՙ Լեւոն Արոնյանը, Սմբատ Լպուտյանը եւ Տիգրան Պետրոսյանը տեղ են զբաղեցրել Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցանկում:
2-րդ անգամ անընդմեջ Հայաստանի հավաքականը շախմատի համաշխարհային օլիմպիադայում դարձավ բրոնզե մրցանակակիր, ընդ որում միայն լրացուցիչ գործակիցներով զիջեց Ռուսաստանի ընտրանուն, այլապես կարող էր նաեւ արծաթե մեդալի արժանանալ: Մեր թիմի հաջողությունում իր ներդրումն ունեցավ հրաշալի վեցյակըՙ Վլադիմիր Հակոբյանը, Ռաֆայել Վահանյանը, Լեւոն Արոնյանը, Սմբատ Լպուտյանը, Գաբրիել Սարգսյանն ու Արտաշես Մինասյանը: Կալվիայի օլիմպիադայում իրեն գերազանց դրսեւորեց հատկապես Ռաֆայել Վահանյանը, որն իր խաղատախտակի վրա օլիմպիադայի մասնակիցների մեջ ցույց տվեց լավագույն արդյունքըՙ արժանանալով ոսկե մեդալի: Տարին հաջող էր նաեւ Լեւոն Արոնյանի համար, որը բացի օլիմպիադայի բրոնզե մեդալից 3-րդ մրցանակակիր դարձավ Եվրոպայի անհատական առաջնությունում: Իր ավագ ընկերների հաջողությունները շարունակեց 19-ամյա Տիգրան Պետրոսյանըՙ Հնդկաստանում անցկացված մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում դառնալով արծաթե մրցանակակիր: Պատանի շախմատիստներից էլ իրենց գերազանց դրսեւորեցին Ռոբերտ Աղասարյանը, որը մինչեւ 10 տարեկանների Եվրոպայի առաջնությունում նվաճեց չեմպիոնի տիտղոսը, իսկ Սամվել Տեր-Սահակյանը դարձավ մինչեւ 12 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր: