«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2004-12-28 | #235, 2004-12-29 | #1, 2005-01-11


ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՈՐՈՇՎԵԼՈՒ Է ՀԱՆՐԱՔՎԵՈ՞Վ

Օսկանյանը եւ Մամեդյարովը վերսկսում են երկկողմ հանդիպումները

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Այսօր Պրահայում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների մասնակցությամբ տեղի է ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը: Չեխիայի մայրաքաղաք մեկնելու նախօրեին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Ինտերֆաքս գործակալությանն ասել է, որ «այս տարվա բանակցությունները որակապես տարբերվելու են Պրահայի գործընթացի առաջին փուլից»:

«Այժմ անդրադառնալու ենք որոշակի հարցերի եւ մանրամասների, մինչդեռ (պրահյան գործընթացի) առաջին փուլում խոսքն ընդհանուր սկզբունքների մասին էր: Որքան շատ ենք խորանում մանրամասների մեջ, այնքան բանակցություններն ավելի են բարդանում: Երբ սկսում ենք գործ ունենալ մանրամասների հետ, պետք է պատրաստ լինենք փոխզիջումների», ասել է Օսկանյանըՙ հույս հայտնելով, որ 2005 թ. «մենք կկարողանանք առաջընթաց գրանցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»:

Մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահը, ըստ «Ասոշիեյթեդ պրեսի», անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մտնում է «նոր, պոզիտիվ փուլ»: «Անշուշտ ես չեմ ցանկանում ասել, որ գործընթացն արդեն ստացել է իր լուծումը: Բանակցություններն ընթանում են, եւ մենք օգտագործում ենք բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի դրանք ընթանան մեզ համար շահավետ հունով», ասել է Իլհամ Ալիեւըՙ հավելելով, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը մտել է «նոր փուլ»:

Իր հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովն ադրբեջանական մամուլին ասել է, որ պրահյան բանակցություններում Հայաստանը համաձայնել է որոշ փոխզիջումների: «Այժմ հերթն Ադրբեջանինն է», ասել է Մերզլյակովը:

2004 թ. դեկտեմբերի 22-ի մամուլի ասուլիսում Օսկանյանը լրագրողներին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել ֆրանսիական «Ֆիգարո» թերթում տպագրված հոդվածին, որում, ըստ արտգործնախարարի, «արտահայտվում են ԼՂ հարցի նկատմամբ այսօրվա ընդհանուր միտումները»: «Ֆիգարոյում» հրապարակված հոդվածի հեղինակներ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Պիեռ Լելյուշը եւ Իսպանիայի նախկին արտգործնախարար Անա Պալասիոն, որոնք աշնանն այցելել էին Լեռնային Ղարաբաղ, կարծիք էին հայտնել, որ «Հայաստանը պետք է ժամանակավորապես վերահսկի Լեռնային Ղարաբաղը, որի հետագա կարգավիճակը կորոշվի հանրաքվեովՙ 5 կամ 10 տարի հետո»:

«Ազգի» ունեցած տեղեկությունների համաձայն չի բացառվում, որ պրահյան գործընթացում Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեն ստորագրել ղարաբաղյան կարգավորման մի միջանկյալ պայմանագիր, ըստ որիՙ ղարաբաղյան ուժերը դուրս գան իրենց վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական որոշ տարածքներից, փոխարենը Բաքուն համաձայնի Լեռնային Ղարաբաղի կառավարումը Հայաստանին հանձնելունՙ պայմանով, որ 5 կամ 10 տարի հետո Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար անցկացվի հանրաքվե:

Ի դեպ, դեկտեմբերի 22-ի մամուլի ասուլիսում Օսկանյանը կարծիք հայտնեց, որ Երեւանը կկարողանա ամրագրել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ հասնել միջազգային ճանաչման, մյուս կողմիցՙ հավելեց, որ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրականացումը ժամանակային առումով կարող է չլինել անմիջական:

Անցած տարի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրապարակային ելույթներից մեկում ուշադրություն հրավիրեց աշխարհի այլ անկյուններում առկա հակամարտությունների կարգավորման միտումների վրա, մասնավորապես ուշադրություն հրավիրելով Սուդանի հարավում առկա ճգնաժամին, որտեղ տեղի են ունենում հետաքրքրական զարգացումներ:

Կիրակի օրը Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանի, ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի, աֆրիկյան մի շարք երկրների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել պատմական իրադարձություն. 21-ամյա քաղաքացիական պատերազմից հետո Սուդանի հարավի եւ հյուսիսի իշխանությունները ստորագրել են համաձայնագիր, ըստ որիՙ չճանաչված Կապույտ Նեղոսի եւ Նուբա լեռների պետության կարգավիճակը որոշվելու է 6 տարի հետոՙ համաժողովրդական հանրաքվեով:

Նկատենք, որ միջազգային հանրությունն ԱՄՆ-ի գլխավորությամբ վերջին տարիներին սկսել է հակամարտությունների կարգավորման համար ընտրել հանրաքվեի ճանապարհը: Այդպես եղավ 2004 թ. գարնանը, երբ Կիպրոս կղզում միաժամանակ երկու հանրաքվե տեղի ունեցավ հունական եւ թուրքական համայնքներում: Չի բացառվում, որ հանրաքվեի ճանապարհով վճռվի նաեւ ձեւականորեն Սերբիայի մաս համարվող գերազանցապես ալբանաբնակ Կոսովոյի կարգավիճակը:

Վերադառնալով Սուդանին, նկատենք, որ հակամարտության կողմերը համաձայնության են եկել հետեւյալ հարցում. 2005 թ. հուլիսից երկրի հարավը 6 տարի ժամկետով հռչակվելու եւ ղեկավարվելու է ինքնավարության սկզբունքներով, ապա 6 տարին լրանալուց հետո հանրաքվեով որոշելու էՙ մնա՞լ Սուդանի կազմում, թե՞ դառնալ անկախ պետություն: Անջատողական հարավի երկար տարիների առաջնորդ Ջոն Գարանգը, ըստ պայմանագրի, դառնալու է Սուդանի առաջին փոխնախագահ: 6 տարիների ընթացքում Սուդանի նավթի շահույթները, որոնք տարեկան կազմում են 4 միլիարդ դոլար, հավասարաչափ բաժանվելու են հյուսիսի կենտրոնական կառավարության եւ հարավի ինքնավարության միջեւ:

BBC-ն նկատում է, որ եթե հանրաքվեն անցկացվի վաղը, ապա հարավը կքվեարկի անկախության օգտին: Ջոն Գարանգը, որը երկու տարի առաջ հրադադար հաստատեց Սուդանի կառավարության հետ, կողմնակից է միացյալ, սակայն ապակենտրոնացված Սուդանի պետությանը:

Ի դեպ, Սուդանը եւ Ադրբեջանն ունեն մի շարք ընդհանրություններ: Դրանցից գլխավորն այն է, որ ե՛ւ Բաքուն, ե՛ւ Խարտումը համապատասխանաբար Լեռնային Ղարաբաղի եւ Սուդանի հարավի հակամարտությունը կարգավորելու նպատակով լիարժեքորեն օգտվել են աշխարհի թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի ծառայություններից: Եթե բեն Լադենին ապաստան տալու մեղադրանքով ԱՄՆ-ը տարիներ առաջ պատժամիջոցներ կիրառեց Սուդանի նկատմամբ, ապա հանգուցյալ Հեյդար Ալիեւը ժամանակին զգալով վտանգը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համաձայնեց համագործակցել ԱՄՆ-ի հետ:

Սուդանում հակամարտությունը բռնկվեց 1983 թ., երբ Խարտումի կառավարությունը փորձեց իսլամականՙ շարիաթի օրենքներ պարտադրել երկրի հարավի ոչ արաբախոս բնակչությանը: 20 տարի շարունակված զինված հակամարտության, սովի եւ հիվանդությունների պատճառով շուրջ 2 միլիոն մարդ սպանվեց կամ մահացավ:

Նշենք նաեւ, որ Սուդանի արեւմտյան Դարֆուրի շրջանում շարունակվող հումանիտար ճգնաժամը չպետք է շփոթել հարավի եւ հյուսիսի հակամարտության հետ: Դարֆուրում հակամարտությունն սկսվեց 2003 թ. սկզբներին, այն բանից հետո, երբ այդ շրջանի ապստամբները հարձակումներ սկսեցին իշխանությունների դեմ, նրանց մեղադրելով իրենցՙ սեւամորթների նկատմամբ ռասայական խտրականության մեջ: Երկու տարում Դարֆուրի ճգնաժամին, որն ԱՄՆ-ն որակում է ցեղասպանություն, զոհ է գնացել շուրջ 70 հազար սեւամորթ, եւս 2 միլիոնը հեռացել է իրենց մշտական բնակավայրից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4