Երեկ Թբիլիսիում տեղի են ունեցել խորհրդատվություններ ռուս-վրաց-հայ-ադրբեջանական կոնսորցիում ստեղծելու հարցով, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: Կոնսորցիումն զբաղվելու է աբխազական երկաթգծի վերականգնման եւ վերագործարկման խնդիրներով: Ռուսաստանն անդրկովկասյան հանրապետություններին կապող երկաթգիծը պարապուրդի է մատնվել 1992 թ. վրաց-աբխազական հակամարտությունից ի վեր:
Թբիլիսիում երեկ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի եւ Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի հանդիպմանը քննարկվել են կոնսորցիումի ստեղծման մանրամասները: Այս հարցով քննարկումներին մասնակցել են նաեւ Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ալեքսիշվիլին, պետնախարար Կախա Բենդուկիձեն, Վրաստանի երկաթուղիների ղեկավար Դավիդ Օնոպրիշվիլին եւ Հայաստանի տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը:
Երեկ մամուլի ասուլիսում Օնոպրիշվիլին ասել է, որ երկաթուղու աբխազական հատվածի վերականգնման համար անհրաժեշտ է 34 մլն դոլար եւ առնվազն 6 ամիս ժամանակ: