«Օվասիս» խուլերի մնջախաղի թատրոնի 9 դերասաններն ակտիվորեն աշխատում են նոր ներկայացման վրա, որը խոստանում է բավականին հետաքրքրական լինել: Նրանք սովորում են քայլել երկար փայտե ձողիկների վրա: Արամ Ղազարյանը սուրդոթարգմանչի օգնությամբ ասում է, որ երբ սովորեց քայլել երկար փայտե ձողիկների վրա, սկսեց ավելի հեռուն տեսնել եւ իրերն այլ կերպ ընկալել: «Բարձրից մարդկանց տեսնելը հնարավորություն է տալիս իրերն այլ կերպ գնահատելու: Թատրոնն ինձ համար ինքնահաստատման միջոց դարձավ, եւ ես հասկացա, որ տանը մնալու փոխարեն հարկավոր է պարզապես պայքարել երազանքներիս իրականացման համար», ժեստերի օգնությամբ ասում է Արամը: Նրա երազանքն է դառնալ ռեժիսոր եւ ունենալ սեփական թատրոնը: «Կամք եւ կորով» հասարակական կազմակերպության «Օվասիս» թատրոնը, կերամիկայի ստուդիան եւ պարային համույթը տասնյակ խուլ եւ թույլ լսող երիտասարդների համար դարձավ երկրորդ տունը եւ սեփական ուժերի հանդեպ վստահություն ձեռք բերելու իրական ճանապարհը: «Պաշտոնական տվյալների համաձայն ներկայումս Հայաստանում ապրում է 3500 խուլ եւ թույլ լսող մարդ: Մեր նպատակն է աշխատանքի եւ կրթության հավասար պայմաններ ապահովել նրանց համար, բարձրացնել հասարակության իրազեկությունը խուլ երիտասարդների կարողությունների եւ ընդհանրապես լսողական խանգարումներ ունեցող մարդկանց հիմնախնդիրների վերաբերյալ», նշում է «Կամք եւ կորով» կազմակերպության նախագահ Մարի Պահուտյանը: Նրա հավաստմամբ, ՀՀ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար դեռեւս մշակված չէ ուսուցման հատուկ մեթոդաբանություն եւ հաճախ նրանք դպրոցն ավարտում են ցածր գիտելիներով: «Կամք եւ կորով»-ն Բրիտանական Օքսֆամ կազմակերպության աջակցությամբ 2004-2005 թթ. ուսումնական տարում սկսել է ՀՀ լսողության խանգարումներ ունեցող երեխաների ուսուցման մեթոդաբանության մշակումը: Ավելի քան 40 երիտասարդ իրենց կրթությունը լրացնում են կազմակերպությունում անցկացվող դասընթացների շնորհիվ, իսկ 10-ը նաեւ աշխատում են «Կամք եւ կորով»-ում: Արթուր Դաշյանը կազմակերպություն էր եկել 1996 թ.-ին, երբ 22 տարեկան էր: Այսօր նա կազմակերպության փոխնախագահն է եւ իրենց խնդիրների մասին խոսում է տարբեր կոնֆերանսների եւ սեմինարների ժամանակ: «Մեր թիվ մեկ հիմնահարցն աշխատանքի բացակայությունն է: Շատ քչերին է հաջողվում աշխատանք գտնել: Ստանում ենք ընդամենը 3000 դրամ թոշակ, որը պարզապես ծիծաղելի գումար է», սուրդոթարգմանիչի օգնությամբ ասում է Արթուրը: Նրա մայրը` Հասմիկ Շահնազարյանը պատմում է, որ մինչեւ կազմակերպություն գալը Արթուրը ինքնամփոփ էր եւ ցանկանում էր հեռանալ Հայաստանից: «Սակայն այստեղ նա ոչ միայն աշխատանքի հնարավորություն է ստանում, այլեւ հանդիպում է իր կնոջը` Մարիաննային», ասում է Հասմիկ Շահնազարյանը: «Մենք երկուսս էլ խաղում էինք «Օվասիս» թատրոնում: Մեզ հանձնարարված էր սիրահարների դեր խաղալ, սակայն հետագայում մենք հասկացանք, որ այդ դերը պետք է խաղանք նաեւ կյանքում», պատմում է Արթուրը: «Նրանք բոլորը արվեստագետի հոգի ունեն: Հրաշալի դերասաններ են եւ նկարիչներ, ասում է «Օվասիս» թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ հիմնադիր Ռոբերտ Ծատուրյանը, նրանց խանգարում է միայն ինքնավստահության բացակայությունը եւ մեր բոլորի աջակցությունը»:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ