Ինչպես նման շատ դեպքերում, դասեր քաղում ենք ուշացումով
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Տարեսկզբին շմոլ գազից թունավորման եւս 4 դեպք արձանագրվեց, չորսն էլ Շիրակի մարզում, բարեբախտաբար, առանց զոհերի:
Անցած տարեվերջից արդեն ողջ հանրապետությունով մեկ գազից թունավորումների ու պայթյունների անսպասելի ալիքը ստիպեց վերագնահատել գազամատակարարման ասպարեզում աշխատանքների կազմակերպման դրվածքն ու սկզբունքները: Չնայած գազաֆիկացման խնդիրներով զբաղվում են միանգամից մի քանի կազմակերպություններ, այնուամենայնիվ, ներտնային ցանցի հսկողությունը ոչ մի կառույցի իրավասությունների մեջ չի մտնում, ոչ քաղաքաշինության նախարարության, ոչ «Հայռուսգազարդի», ոչ «Հայլեռպետհսկողության», ոչ էլ արտակարգ իրավիճակների վարչության:
Քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության պետի տեղակալ Մուշեղ Հովհաննիսյանից փորձեցինք պարզել, թե կոնկրետ այդ մարմինն ինչ գործառույթներ է իրականացնում գազաֆիկացման ոլորտում եւ ինչ պրոբլեմներ են այս սարսափելի ողբերգությունների առաջացման ազդակ դառնում:
Տեսչության լիազորությունների սահմաններում արտաքին գազատարների շինմոնտաժային աշխատանքների, փաստաթղթային փաթեթների մասնագիտական առաջադրանքին համապատասխանության ստուգումներն են: Եթե որեւէ շղթայում որեւէ փաստաթուղթ բացակայում է, իսկ հետագայում շինարարության որակը (եռակցումները, խողովակների վիճակն ու բնութագիրը) չի համապատասխանում նորմատիվներին, շինարարությունը կարող է ինքնակամ որակվել եւ կասեցվել, մնացած դեպքերում կիրառվում են նաեւ վարչական տուգանքներ:
Այսօր հանրապետությունում գազամատակարարման ասպարեզում շինարարական աշխատանքներ իրականացնող 174 ձեռնարկություններ կան, որոնցից 106-ը գործում են Երեւանում:
Տեսչության պետը նշում է, որ բազմաթիվ ընկերություններ անկախ լիցենզիա ունենալուց, այնուամենայնիվ, անորակ շինարարություն են իրականացնում եւ տուգանվել են: Իբրեւ ընդհանրական թերություն, այդ կազմակերպությունները նախընտրում են, օրինակ, արտոնագրված, նոր խողովակների փոխարեն օգտագործել հինն ու օգտագործածը:
Կամ մի այլ «վրիպում». ըստ նորմաների, խողովակները պետք է տեղակայվեն հատուկ հենարանների վրա, բայց ծախսն «էժանացնելու» համար այդ հենարանները կիսատ-պռատ կամ մեկումեջ են անում: Տեսչության պետը նշում է իրենց ուսումնասիրած անպարտաճանաչ օբյեկտների հասցեները: Լոռիում 2 կազմակերպություն են տուգանել, իսկ Վայոց ձորում «Բարսիոն» ՍՊԸ-ն 2 անգամ տուգանվելուց հետո էլ շարունակել է նույն ոգով աշխատել, եւ նրա լիցենզիան կասեցվել է: Այս կազմակերպության աշխատանքը թույլատրվել է թերությունները վերացնելուց հետո միայն:
Գեղարքունիքի մարզում տուգանվել է «Սերբա» ՍՊԸ-ն: Արարատի մարզում անորակ շինարարության համար տուգանվել է «Արամ Խաչատրյան եւ գործընկերներ» ՍՊԸ-ն: Արմավիրի մարզում տուգանվել է «Մանշին» կազմակերպութունը:
Ավելի շատ ստուգումներ եւ ավելի շատ խախտումներ իրականացվել ու հայտնաբերվել են Շիրակում, որտեղ անցած տարվա նոյեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակում գազից թունավորումների ռեկորդային քանակ գրանցվեց` 3 տասնյակ դեպք: Ստուգված 10 կազմակերպություններից տուգանվել են «Տրանսգազշին» ՍՊԸ-ի «Երեւան 2» մասնաճյուղը, «Արդինժեներ» ՍՊԸ-ն եւ էլի մի քանի կառույցներ:
Եթե թերությունները մասնակի են եւ հնարավոր է դրանք առանց մեծ ջանքերի ուղղել, տուգանքի չափը 50 հզ. դրամ է, կատարված աշխատանքները նորից անելու անհրաժեշտության դեպքում` 300 հզ. դրամ: Իհարկե, սա այն դեպքն է, երբ ոչ տուգանքի մեծ կամ փոքր լինելը, ոչ էլ թերացման որակը ոչ մի նշանակություն չունեն, քանի որ 2 դեպքում էլ անփութությունը կարող է հանգեցնել մեծ ողբերգությունների:
Ըստ կարգի լիցենզիա տրամադրում է քաղաքաշինության նախարարության լիցենզավորման կենտրոնը: Այժմ նրան խիստ նախազգուշացում է արվել` խստագույնս ապահովել մասնագիտական կազմի առկայությունը եւ լիցենզիա տրամադրելիս հատուկ նշում անել մասնագիտացման բնույթի մասին: Այս դեպքում մեղքը օրենքինն է` լիցենզավորման օրինագիծը չի առանձնացնում գազամատակարարման ոլորտի լիցենզիան: Տրվում է միայն մեկ ընդհանրական սահմանում էներգետիկ ոլորտի վերաբերյալ:
Մուշեղ Հովհաննիսյանը շեշտադրեց մի խնդիր, որն իրավական տեսանկյունից գուցե թե խոցելի չէ, բայց գործնականում անթույլատրելի իրավիճակների առաջացման պատճառ կարող է դառնալ: Նույն մասնագետը կարող է միաժամանակ տարբեր հիմնարկներում աշխատել եւ բոլոր պարագաներում լիցենզիա ապահովել իր համար: Սակայն անհրաժեշտության դեպքում նա ֆիզիկապես ի վիճակի չի կարող լինել միաժամանակ մասնակցելու տարբեր տեղերում տարբեր աշխատանքների:
Շինարարական աշխատանքների ավարտից հետո փորձարկումներ են իրականացնում «Հայռուսգազարդի» մասնագետները, եւ դրանից հետո միայն մեկնարկում է գազամատակարարումը` հանձնվելով բնակչի գիտելիքի ու ինքնագործունեության հույսին:
Ներտնային շահագործման հսկողությունը առաջներում իրականացրել է «Հայլեռպետհսկողության» կազմում գտնվող կառույցը: Այսօր այն սպասարկում է միայն առանձին օբյեկտների` ռեստորանների, զվարճատների, հյուրանոցների, ամենատարբեր ՍՊԸ-ների: Այսինքն, վերահսկում է գազի ամենօրյա շահագործումն այդ կետերում:
Իրենց հերթին հակահրդեհային կառույցները վերահսկում են օդափոխության համակարգի վիճակը եւ համապատասխան արձանագրություն կազմում: Այսինքն, բնակարանից դուրս գազի անվտանգ շահագործումն ապահովող կառույցներն ու լծակները կան, չի ապահովվում բնակարանի ներսում շահագործման մասնագիտական վերահսկողությունը:
«Մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել «Հայլեռպետհսկողության» եւ «Հայռուսգազարդի» մասնագետների հետ: Նրանք բոլորն ասում են, որ կան ոչ մասնագիտական կազմակերպություններ, որոնք համատիրությունների կամ համայնքների ղեկավարների հետ պայմանագրեր են կնքում եւ սկսում իբր սպասարկում ապահովել: Նրանք օգտվում են այն իրողությունից, որ այսօր սպասարկման համար լիցենզիա չի պահանջվում: Չնայած, ըստ «Հայռուսգազարդի», այդ ձեռնարկություններից շատերը համագործակցում են իրենց հետ, դասընթացներ անցնում, մեթոդական ցուցումներ ստանում: Սակայն ոչ բոլոր կազմակերպութուններն են այդպիսին: Տարրական խնդիրներ կան, որոնք ոչ մասնագիտական ձեռնարկությունը չի կարող ոչ իմանալ, ոչ էլ ապահովել», կարծում է Մուշեղ Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է գազամատակարարման ներտնային շահագործման ամենօրյա հսկողությանը, ապա ամենակարեւոր այս առաքելությունն իրականացնող կառույցը դեռ պետք է որոշվի կառավարական մակարդակով: Այն կարող է լինել ե՛ւ «Հայլեռպետհսկողության», ե՛ւ «Հայռուսգազարդի», ե՛ւ քաղաքաշինական նախարարության կազմում, եւ կամ կազմավորվել հիմքից, իբրեւ նոր ու անկախ մարմին: Առայժմ այդ գործը ժամանակավորապես իրականացնում է հակահրդեհային ծառայությունը:
Հատկապես բազմաբնակարան շենքերում շուրջ 2 տասնամյակ գազի երես չտեսած սպառողները թունավորումների ու պայթյունների իրական սպառնալիք են իրենք իրենց համար: Սպառողների շարքում հայտնվել է նաեւ երիտասարդ սերունդը, որն անգիտակ է վտանգի իրական լինելուն ու շահագործման նրբություններին: Խնդիրներ, որոնց մասին մտահոգվելու հոգսից գոնե բնակիչներն ազատ էին խորհրդային տարիներին:
Շենքի տասնյակ բնակիչներից թեկուզ մեկի անփութությունը, անգիտությունն ու անպատասխանատվությունը կարող է ճակատագրական լինել մյուսների համար: Ցավոք, ներտնային ցանցը վերահսկող կառույցի ստեղծման հրատապությունը հասկացանք միայն մեկը մեկին հերթագայած ողբերգություններից հետո:
Ինչպես նման շատ այլ դեպքերում: