«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2004-12-28 | #235, 2004-12-29 | #1, 2005-01-11


ՄԱՐԱՂԱՅՈՒՄ ՏՈՒՆԸ ԿՈՐՑՐԱԾ ՀԱՅԵՐԸ ՆՈՐ ԿՅԱՆՔ ԵՆ ՍԿՍԵԼ ԲԵՐՁՈՐՈՒՄ

«Սեւ այգի» գրքի հեղինակ, բրիտանացի լրագրող Թոմ դի Վաալը Մարաղայի կոտորածի մասին գրում է, որ 1992 թ. ապրիլի 10-ին ադրբեջանցիները գրավեցին գյուղը, հաջորդ օրը հայերին հաջողվեց հետ վերցնել, գլխատված եւ այրված 43 հայերի դիակներ թաղվեցին կողք-կողքի: Մարաղայից 50 հայեր պատանդ վերցվեցին, որոնցից 19-ն այլեւս չվերադարձան:

Մոտ 700 տնտեսություն ունեցող գյուղը մնաց շփման գծի այն կողմում: Մարաղացիները ցաք ու ցրիվ եղան ԱՄՆ-ում, Ռուսաստանում, այլ վայրերում: Նրանց մի մասը նոր կյանք է սկսել Քաշաթաղի շրջանումՙ Հակարիի գետահովտում: Մարաղացիների 4 ընտանիք բնակվում է Բերձորում, որը նախկինում անվանվում էր Լաչին: 82-ամյա Ռոզա Ավանեսյանն ասում է, որ Մարաղայի իր տանը նստած են ադրբեջանցի նշանառուները: «Մի վերմակ ու մի բարձ ենք կարողացել վերցնել փոքր երեխային փաթաթելու համար: Երկու հարկանի տունը, կուրծք արած հղի կովերս թողել եմ այնտեղ: Ջանս դողում է, չեմ կարող պատմել: Հարայ-հրոցով, ճիչով-լացով ճանապարհ ընկանք», այսպես է նկարագրում հայերի գաղթը Մարաղայից Ռոզա Ավանեսյանը:

Ավանեսյանների ընտանիքն առաջիններից է հաստատվել Բերձորում: 1992 թ. մայիսի 18-ինՙ Մարաղայի հայկական կոտորածներից մոտ 1 ամիս անց ղարաբաղյան ուժերն ազատագրեցին Լաչինի միջանցքը: 1991 թ. նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Գերագույն խորհրդի որոշմամբ հանձնարարական էր տրվել պաշտպանությանն ու ներքգործնախարարություններինՙ մաքրել Լեռնային Ղարաբաղը հայ բնակչությունից եւ այնտեղ ապահովել ադրբեջանցիների անվտանգությունը: Սակայն ղարաբաղյան ուժերը ոչ միայն կարողացան պաշտպանել ԼՂՀ հայ ժողովրդի անվտանգությունը, այլեւ լռեցրին թշնամու կրակակետերը ղարաբաղյան վարչական սահմաններից դուրս, այդ թվումՙ Լաչինում, Ղուբաթլուում, Զանգելանում, մյուս բնակավայրերում:

«Տնից դուրս ենք եկել տկլոր: Սկզբից գնացինք Հրազդան, բայց այնտեղ հնարավոր չէր ապրել: Պատրաստվում էինք Ռուսաստան գնալ, երբ իմացանք, որ հնարավորություն կա ազատագրված Բերձորում բնակվելու: 1994 թ. ապրիլից եկել ենք: Բերձորում Մարաղայից 4 ընտանիք է ապրում, հարմարվել ենք», ասում է Վալերի Ավանեսյանը:

Վալերիի քույրըՙ Անժելան, ամուսնու եւ 4 երեխաների հետ նույնպես բնակություն է հաստատել Բերձորում: «Մենք թուրքից փախանք, հիմա մեր տներում նրանք են ապրում: Հիշում եմ մեր տունը, այգին, ուղիղ ճանապարհները», ասում է Անժելա Ավանեսյանը:

Բերձորը ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչական կենտրոնն է, ձեւավորվել է 1994 թ., զբաղեցնում է Հակարի գետի հովիտըՙ ընդգրկելով անցյալ դարի առաջին տասնամյակներում Խորհրդային Ադրբեջանին բռնակցված Լաչինի, Ղուբաթլուի (այժմՙ Քաշունիք) եւ Զանգելանի (այժմՙ Կովսական) շրջանները:

Ատաղձագործ Սլավիկ Գրիգորյանը, որը նույնպես Բերձորում առաջին հաստատվածներից է, ցավով նշում է, որ իր հայրենի Մարաղայի հետ եւս Մարտակերտի շրջանի 5 գյուղեր շարունակում են մնալ բռնազավթածՙ Մարգուշեւանը, Չայլուն, Հասանղայան, Սեյսուլանը եւ Կարմրավանը: «Ամբողջ գյուղը ցաք ու ցրիվ եղավ: Իմ տնից դուրս եմ եկել բանվորական շորերով, ամեն ինչ թողել ենք: Այստեղ մեզ ապահով ենք զգում, ճիշտ է, այնպես ունեւոր չենք, ինչպես Մարաղայում էինք», Աստծուն փառք է տալիս Սլավիկ Գրիգորյանը:

Վարսիկ Սարաջյանը ընտանիքով բռնահանվել է Գետաշենից, ամուսնու եւ 3 երեխաների հետ բնակություն է հաստատել Բերձորում: «Մենք տուն ու տեղ թողեցինք Գետաշենում: Բռնագաղթից հետո սկզբում հաստատվեցինք Վարդենիսում, բայց այնտեղ շատ ցուրտ էր: Ամուսինս ասացՙ գնանք Բերձոր, բնությունը նման է Գետաշենին: Տեղափոխվեցինք այստեղ, փոքրս Բերձորում է ծնվել», ասում է Վարսիկ Սարաջյանը:

Բերձորում եւ Քաշաթաղի շրջանում միայն Ադրբեջանի հայաթափ շրջանների եւ ԼՂՀ բռնազավթված Մարտակերտի հյուսիսային շրջանի բնակիչներ չեն բնակվում: Կան նաեւ վերաբնակիչներ Հայաստանից, ովքեր տարբեր պատճառներով հաստատվել են Հակարի գետի հովիտներում:

Քաշաթաղի շրջանի հոգեւոր հովիվ Աթանես վրդ. Մովսիսյանն արդեն 8 տարի Բերձորում է: «Մեր նահատակների արյան գնով ազատագրված այս տարածքներում հոգեւոր իմաստով բավականաչափ հարուստ ժառանգություն ունենք: Այստեղ եղել են եկեղեցիներ, դժբախտաբար մեծ մասը մեզ է հասել ավեր, կիսաքանդ վիճակում: Վերականգնվել է 4-րդ դարի կառույց Ծիծեռնավանքը: Այսօրվա դրությամբ Քաշաթաղի շրջանում գործում է 3 եկեղեցի», ասում է Աթանես վարդապետը:

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին կառուցվել է այս տարածքը ազատագրելուց հետո, Ծիծեռնավանքը վերանորոգվել է ԱՄՆ-ից Նաջարյաններ ամուսինների բարերարությամբ, Նահատակաց եկեղեցին կառուցվել է Աղավնո գյուղում: Ընդհանուր առմամբ Քաշաթաղի շրջանում կան տասնյակ կիսաքանդ եկեղեցիներ, հարյուրավոր խաչքարեր:

Քաշաթաղի շրջանի մեջ մտնող նախկին Ղուբաթլուի, Զանգելանի եւ Լաչինի շրջանները եղել են հայկական եւ հայաբնակ տարածքներ, դրանք եղել են Սյունիքի գավառները: Արդեն 18-րդ դարի կեսերին այս տարածքում հաստատվում են մահմեդականները, հիմնականում թուրքախոս քրդերը: 1923 թ. ամռանը, երբ Ստալինը ստեղծեց Կարմիր Քուրդիստանի Ինքնավար Մարզը, նոր ձեւավորված կառույցի մեջ մտցվեցին հայկական Քարվաճառի, Քաշաթաղի, Քաշունիքի եւ Կովսականի շրջանները: Այսպես, Լեռնային Ղարաբաղը ցամաքային ճանապարհով կտրվեց Հայաստանից:

Երեւան վերադարձի ճանապարհին տաքսու վարորդ Կամոն վստահաբար պատմում էր, որ 1991-92 թթ., երբ ղարաբաղյան ուժերը պարտվում էին պատերազմում, իսկ Ադրբեջանը գրավել էր Ղարաբաղի գրեթե կեսը, եթե Լաչինի միջանցքը իրենքՙ ադրբեջանցիները բացեին, ապա հնարավոր էր, որ հայերը թողնեին իրենց տները եւ հեռանային Հայաստան: Նա հիշեցրեց, որ ղարաբաղյան ուժերը մայիսի 18-ին ճեղքեցին թշնամու պաշտպանությունը եւ բացեցին Լաչինի մարդասիրական միջանցքը: Վարորդ Կամոյի մեքենան սրընթաց անցնում էր այս միջանցքի բարեկարգ ճանապարհով:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Բերձոր-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4