«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2004-12-28 | #235, 2004-12-29 | #1, 2005-01-11


ՊԱՏՐԱՍՏՙ ՔԱՅԼԵԼՈՒ ԻՐ ՆՄԱՆԻ ՎՐԱՅՈՎ

Հայտնագործություն արած չենք լինի, եթե ասենք, որ Հայաստանում ապրելը հասարակության գերակշիռ մասի համար դժվար է: Հուսանքՙ առայժմ: Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներն իրար խառնածՙ այդ վիճակի համար մեղադրում ենք թե՛ հին ու նոր կառավարություններին, թե՛ հայտնի ճանապարհներով, բայց ոչ առանց մեր աջակցության, պառլամենտում հայտնվածներին, թե՛ «բախտ բաժանողին»: Իսկ ի՞նչ ենք անում ինքներսՙ կյանքն ավելի դյուրին, ավելի տանելի դարձնելու համար:

Հանապազօրյա հացի խնդիր լուծելը դրոշակ դարձրած, մի կողմ ենք գցել մեզ խանգարող ու անպետք դարձած այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են ազնվությունն ու պարկեշտությունը, սրտացավությունն ու կարեկցանքը, բարությունն ու սերը: Մեր նմանին տրորել-անցնելու պատրաստ, ինքներս մեր դաժանությունից մերթ ընդ մերթ սարսափող, ինքնարդարացման նման փիլիսոփայում ենք սովի ու նրա ծնած եթե ոչ չարության, ապաՙ անտարբերության բնական լինելու մասին: Աստծո 10 պատվիրաններից եթե գեթ մեկը չենք խախտում, արդեն ինքներս մեզ քիչ է մնում սրբացնենք եւ միշտ գերադասենք դիմացինիցՙ նրան դժոխքի, մեզՙ դրախտի արժանի համարելով: Այդպիսով եւս մեկՙ «Մի՛ դատիր» պատվիրանը խախտելով ու էլ ավելի թաղվելով մեղքերի ճահճի մեջ:

Հասարակության մի մասն իր անտարբերությունն անզորությամբ («Ի՞նչ կարող ենք անել») պատճառաբանելով, մի մասն էլՙ հենց ուշադրություն շեղելու համար բեմ նետված «Արվամոլ ես-արվամոլ չեմ» շոուով տարված, աչք են փակում, չեն նկատում, որ պաշտոնապես գրանցվեցին եհովականներն ու իրավունք ստացան էլ ավելի բուռն, էլ ավելի համառությամբ զբաղվելու հոգեորսությամբ: Եվ, ինչ իմանաս, գուցե օրերից մի օր, երբ մեր դուռը ծեծի Առաքելական եկեղեցու թեմական քարոզիչը, մենք նրան նույնիսկ ներս չթողնենքՙ անմիտ-սատանայական ժպիտը դեմքներիս ասելով. «Դուք ուշացել եք. մենք բոլորս վաղուց եհովականներ ենք»:

Ազնվություն ենք խաղումՙ պատրաստ այն առաջին իսկ հարմար դեպքում ծախելուՙ մեկըՙ 5 հզ. դրամով, մյուսըՙ 5 հզ. դոլարով, մեկըՙ պաշտոն ստանալու, մյուսըՙ պաշտոնից չզրկվելու, մեկըՙ աշխատավարձ ստանալու բախտին արժանանալու, մյուսըՙ կաշառվելու հնարավորությունից չզրկվելու համար: Հայրենասիրություն ենք քարոզում ու հարմար առիթ ենք փնտրումՙ այդ հայրենիքը հեռվից կարոտել-սիրելու համար:

Լավագույն դեպքում ձեռք թափ տալով, վատագույն դեպքում հայհոյելով թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանը, ավարտած ենք համարում քաղաքականությամբ զբաղվելու մեր իրավունքը եւ կրկին նետվում մեկըՙ մի քանի հազար աշխատելու, մյուսըՙ մի քանի միլիոն թալանելու մրցավազքի մեջ, չհասցնելով հասկանալ, թե ինչպես եղավ, որ «Արմենտելին» «պարտադրվեց» նրա համար է՛լ ավելի շահեկան պայմանագիր, կամ որ բջջային հեռախոսակապի շուկան ազատականացնելու փոխարեն ստացանք մեկ օրում «եկած-տեսած (մրցույթին մասնակցած)-հաղթած» բջջային կապի երկրորդ օպերատոր միայն:

Ամեն ինչ խառնվել է իրար. ով պետք է քաղաքականությամբ զբաղվերՙ շուկայում առեւտուր է անում, իսկ «տալ-առնելու», «բազար անելու» հոգեբանություն ունեցողներըՙ քաղաքական որոշումներ են կայացնում: Արդյունքում ունենք աբսուրդի թատրոն, որը տիրել է մի ամբողջ երկրի, որտեղ ռեժիսոր կամ դերասան չդարձածները համալրում են հանդիսատեսների շարքերը: Շարքեր, որոնց անդամների մի մասը հույսը չի կորցնում հարմար առիթի դեպքում, իր ժամանակավոր բախտակիցների գլխի վրայով քայլելովՙ բեմ բարձրանալու, մյուս մասն իր նստած տեղից այն կողմ ոչինչ չի տեսնում ու վախենում է ցանկացած փոփոխությունից, երրորդ մասն էլՙ բեմի վրա գտնվողներին ծափահարելու համար առաջ քաշվելու ու «կերակրաբեմին» մոտենալու ակնկալիքներ է փայփայում: Նրանց բոլորին միավորում է չարացածությունը, իր նմանի վրա արդեն երրորդ բառից բղավելու, այդպիսով իր չարությունը գեթ մի քանի րոպեով պարպելու, դրանից չպայթելու ցանկությունը:

Մեզ հույս ենք տալիս, որ գեթ «Մի՛ սպանիր»-ն ենք պահում, չհասկանալով կամ չցանկանալով հասկանալ, որ օր չի լինում, որ մեզ շրջապատող մարդկանց (ընտանիքում, աշխատավայրում, փողոցում) հոգեկան մահացու վերքեր չհասցնենք նրանց անհիմն վիրավորելով, ստորացնելով, նրանց անարժան, մեզ արժանի համարելով կյանքի իբր թե բարիքներից օգտվելու...

Ո՞ւր ենք գնում:

ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4