«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2004-12-29 | #1, 2005-01-11 | #2, 2005-01-12


ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԵԼ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԵՐԸ

ԺԱՄ-ը եւ ՀՅԴ-ն սկսել են նախընտրական քարոզարշավը

Անցած տարվա դեկտեմբերի 29-ին ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեն (ԿԿ) տարածել էր հայտարարություն, որում մասնավորապես ԼՂՀ նախագահի կադրային փոփոխությունները որակել էր «նաեւ քաղաքական որոշում»: Դեկտեմբերի երրորդ տասնօրյակում Արկադի Ղուկասյանը իր մոտ էր հրավիրել ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար, դաշնակցական Արմեն Սարգսյանին, գոհունակություն էր հայտնել արդյունավետ գործունեության համար եւ տեղեկացրել զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշման մասինՙ առաջարկելով աշխատանքի անցնել որպես նախագահի խորհրդական:

«ԼՂՀ նախագահի այս քայլը բացատրվում է 2005-ին սպասվող խորհրդարանական ընտրություններովՙ աննպատակահարմար նկատելով ինքնուրույն հանդես եկող կուսակցության անդամի ներկայությունը կառավարության կազմում: Ղուկասյանին հանգիստ չի տվել տեղական ինքնակառավարման մարմիններիՙ անցած ընտրություններում Դաշնակցության եւ ժողովրդավարական այլ ուժերի ձեռք բերած համեմատական հաջողությունը: Նա լուրջ մտահոգություն է ապրում առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախօրյակին: Արմեն Սարգսյանին խորհրդական աշխատելու առաջարկը ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեն մերժել է», ասվում է հայտարարությունում:

Արցախի ԿԿ-ն ցավով արձանագրել է, որ «կարեւոր այս հանգրվանում ԼՂՀ ղեկը ստանձնած անձը չկարողացավ ըմբռնել իր առաքելության իմաստը եւ լինել համապատասխան բարձրության վրա»: «Նա չկարողացավ դառնալ միասնականության, համերաշխության խորհրդանիշ: Նախագահը Արցախի առաջատար քաղաքական ուժինՙ Դաշնակցությանը փաստորեն մղում է ընդդիմության: Չի գիտակցվում նաեւ Արցախի ազատ, օրինական եւ ժողովրդավար ընտրությունների ներքին եւ միջազգային արժեքը», ասվում է հայտարարությունում:

ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հետ է կանչել գործադիր իշխանության մեջ ՀՅԴ ներկայացուցիչներին: Մյուս կողմից նպատակահարմար չնկատելով հարաբերությունների խզումը Արկադի Ղուկասյանի հետ, ՀՅԴ-ն պահպանել է ԼՂՀ նախագահին կից անվտանգության խորհրդում ունեցած իր ներկայացուցչինՙ Արցախի գերագույն խորհրդի նախկին նախագահ Գեորգի Պետրոսյանին: Դաշնակցության տարածած հայտարարության վերջում ասվում է. «Հարաբերությունների հետագա հավելյալ անցանկալի զարգացման դեպքում պատասխանատվությունն ընկնում է ԼՂՀ նախագահ Ղուկասյանի վրա»:

2005 թ. մայիսին նախատեսված են ԼՂՀ խորհրդարանական ընտրություններ: Փաստորեն, Դաշնակցությունն իր այս հայտարարությամբ այդ ընտրությունների քարոզչության սկիզբը դրեց: ՀՅԴ-ից հետ չի մնում նաեւ Ղարաբաղի իշխանականՙ «Ժողովրդավարական Արցախ միությունը» (ԺԱՄ): Արդեն փետրվարի 5-ին հասարակական-քաղաքական այս կազմակերպությունն իր հիմնադիր համագումարում դառնալու է կուսակցություն: Ներկա խորհրդարանի 33 տեղերից 9-ը զբաղեցնում է Դաշնակցությունը, 19-ըՙ ԺԱՄ-ը, մյուս 5-ն անկախ է:

ՀՅԴ Արցախի ԿԿ-ի քարտուղար Ժիրայր Շահիդանյանը «Ազգի» հետ զրույցում ասաց, որ փաստորեն ՀՅԴ-ն Արցախում արդեն ընդդիմություն է, բայց «ոչ թե արմատական, այլ կառուցողական»: Ինչ վերաբերում է Դաշնակցության այն որոշմանը, համաձայն որի նրանք պահպանել են Անվտանգության խորհրդում իրենց ներկայացուցչին, ապա, Շահինդանյանի ասելով, «ՀՅԴ-ն իրավունք ունի այդ տեղը պահելու, որովհետեւ դա ոչ թե կուսակցական, այլ ազգային անվտանգության խնդիր է, վերաբերում է Արցախի անվտանգությանը»:

Շահիդանյանը կարծում է, որ Արմեն Սարգսյանին պաշտոնից ազատելով նախագահ Ղուկասյանը փորձում է խորհրդարանական ընտրություններում Դաշնակցությանը զրկել վարչական ռեսուրսներից օգտվելու հնարավորություններից:

ՀՅԴ-ն չնայած հայտարարության մեջ նշում է, որ հետ է կանչում կառավարությունից իր ներկայացուցիչներին, դա մասամբ է համապատասխանում իրականությանը: Իրոք հետ է կանչվել Սերժ Ամիրխանյանը, որն զբաղեցնում էր կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության պետի պաշտոնը: Միջին օղակներում պաշտոններ զբաղեցնող դաշնակցականները, սակայն, շարունակում են պաշտոնավարությունը: Մեզ հետ զրույցում Շահիդանյանն ընդունեց, որ այն դաշնակցականները, ովքեր քաղաքացիական ծառայողներ են, զբաղեցնում են նախարարություններում բաժնի վարիչների պաշտոններ կամ ընդգրկված են ԼՂՀ շրջանային վարչակազմերում, շարունակելու են իրենց գործունեությունը:

ԼՂՀ խորհրդարանի ԺԱՄ խմբակցության քարտուղար Վահրամ Աթանեսյանը «Ազգի» հետ զրույցում ասաց, որ Դաշնակցության հայտարարությունը 2005 թ. ԱԺ ընտրություններին ընդառաջ քայլ էր: «2002-ի նախագահական ընտրություններում ՀՅԴ-ն պաշտպանել է Արկադի Ղուկասյանի թեկնածությունը, իսկ 2004-ի ՏԻՄ ընտրություններում որդեգրել էր ընդդիմադիր կեցվածք: ՀՅԴ-ի այս հայտարարությունը ճամփաբաժանի նման բան էր, որով վերջնականապես հստակեցրեց իր դիրքորոշումը եւ 2005 թ. մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հանդես կգա որպես ակնհայտ ընդդիմություն», ասաց Աթանեսյանը:

ԺԱՄ խմբակցության քարտուղարը կարծում է, որ Արցախի ՀՅԴ-ն վարչական ռեսուրսների էր տիրապետում հանձին նախարար Արմեն Սարգսյանի, «այդ ռեսուրսից զրկվելուց հետո կորցնելու բան չունի», եւ հայտարարության այն հատվածը, որ ՀՅԴ-ն հետ է կանչում իր ներկայացուցիչներին կառավարությունից, «կարելի է համարել ձայն բարբառոյ յանապատի»:

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում դաշնակցության ներկայացուցիչ Էդուարդ Աղաբեկյանը հաղթել էր իշխանությունների պաշտպանած թեկնածուին: ԼՂՀ նախագահը դեկտեմբերի 16-ին իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչների ընդլայնված խորհրդակցությունում նկատել էր, որ այն կարծիքները, թե իբր ՏԻՄ «վերջին ընտրությունների արդյունքները ցուցադրեցին իշխանության թուլությունը, քանզի Ստեփանակերտի նրա պաշտպանած թեկնածուն անհաջողություն է կրել», չեն համապատասխանում իրականությանը:

«Ամեն ինչ հակառակն է. թույլ իշխանությունն ի զորու չէ ապահովել ազնիվ, ազատ ընտրությունների անցկացում: Եվ իշխանության ուժն ամենեւին էլ այն չէ, որ այս կամ այն ընտրովի մարմնում անպայման անցնի նրա պաշտպանած թեկնածուն: Իշխանության ուժը ժողովրդի վստահության մեջ է, ինչը ձեռք է բերվում ժողովրդի ընտրության նկատմամբ իշխանության ցուցաբերած անվերապահ հարգանքի միջոցով», ասել էր Ղուկասյանը:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Ստեփանակերտ-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4