«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2004-12-29 | #1, 2005-01-11 | #2, 2005-01-12


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆ ԱՂԵՏՅԱԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ

Հումանիտար օգնություն ուղարկում ենք աղետից 15-16 օր անց

Հարավ-արեւելյան Ասիայում տեղի ունեցած տարերային աղետի խլած զոհերի թիվն, ըստ վերջին տվյալների, գերազանցում է 160 հազարը: Դեռեւս բազում են անհայտ կորածները: Երկրաշարժի եւ փոթորկի պատճառած հսկայական նյութական վնասների հաղթահարումը դեռեւս երկար տարիներ կպահանջի: Միանգամից մի քանի երկրներին պատուհասած մարդկային սարսափելի ողբերգությունը ցավի եւ կարեկցանքի զգացումներ առաջացրեց ամբողջ աշխարհում:

Հատկապես մերՙ հայերիս հիշողության մեջ թարմ են 1988 թ. Սպիտակի երկրաշարժի ողբերգությունը, համաշխարհային աննախադեպ կարեկցանքն ու աջակցությունը ծանր վիճակում հայտնված Հայաստանին: Սակայն, որքան էլ տարօրինակ է, Ասիայի եւ Աֆրիկայի մի շարք երկրներին հարվածած տարերային աղետի նկատմամբ Հայաստանի մոտեցումն ուղղակի անհասկանալի էր: Օլիմպիական սառնասրտությամբ աչքի ընկան հատկապես մեր երկրի իշխանությունները: Նրանց վերաբերմունքն արտահայտվեց միայն տարերքից տուժած երկրների կառավարությունների ղեկավարներին հղած մեր վարչապետի ցավակցական հեռագրերով: Նման դեպքերի ժամանակ բոլոր երկրներում, այդ թվում Հայաստանում, աղետից տուժած վայր փրկարար ջոկատներ, դեղամիջոցներ, հումանիտար օգնություն ուղարկելու պարտավորություններն իրականացնում է արտակարգ իրավիճակների վարչությունը, որն այս անգամ ոչինչ չձեռնարկեց: Այդ հարցը կարող էր կառավարությունում կամ երկրի ղեկավարի առջեւ բարձրացնել նաեւ արտգործնախարարությունը: Սակայն հավանաբար վերոնշյալ կառույցների, ինչպես նաեւ կառավարության եւ երկրի ղեկավարները, տարված լինելով նախատոնական տրամադրություններով, հարկ չհամարեցին արձագանքել ուրիշի ցավին եւ մեր երկրի համեստ օժանդակությունն ուղարկել աջակցության կարիք ունեցողների թեկուզ մի չնչին մասին:

Հայաստանի իշխանությունները ահավոր աղետից միայն 15-16 օր հետո, հունվարի 10-ին հայտարարեցին, որ օգնություն են ուղարկելու աղետյալ երկրներին: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ վիճակում կլինեինք 1988 թ. արհավիրքի օրերին, եթե մեր նկատմամբ նույնպիսի վերաբերմունք ցուցաբերվեր: Վերաբերմունք, որն ուղղակի ամոթալի էր հիմնականում անտեղի այլասիրության օրինակներ ցուցաբերող մեր ժողովրդի համար եւ որի գլխավոր պատասխանատուն նախատոնական անգործության մատնված երկրի իշխանություններն էին:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4