82-ամյա Աշխեն Սաֆարյանը Գետաշենում թողել է կյանքի 7 տասնամյակները, նորակառույց տունը, պտղատու այգին: Ասում է, որ եթե հնարավորություն լինի, այս ամռանը կգնա իրենց տունՙ կարոտն առնելու:
«1991 թ. մայիսի 6-ին թուրքերը մտան գյուղ եւ քշեցին գետաշենցիներին: Իմ երկհարկանի տանը թուրք է նստած: Ամեն ինչ թողել եմ, միայն մի պայուսակ եմ վերցրել: Այս ամռանն ուզում եմ գնալ մեր տուն: Ի՞նչ պիտի անի թուրքը», ասում է Աշխեն տատը:
Խորհրդային բանակը եւ ադրբեջանական ՕՄՕՆ-ը մի քանի օրվա ընթացքում ցիրուցան արեցին շուրջ 2000 տնտեսություն ունեցող միշտ հայաբնակ գյուղը: 67-ամյա Եղիշ Մարկոսյանն անտառներով, սարերով, ձորերով Գետաշենից դուրս է բերել ու փրկել ավելի քան 200 համագյուղացիների, երկու անգամ վիրավորվել է:
«Էն, որ գայլը մտնում է մի հազար ոչխարի մեջ եւ հինգը մի տեղ, տասը մի տեղ, քսանը մի տեղ են փախչում, էնպես էլ Գետաշենը ցիրուցան եղավ», ասում է Եղիշ քեռին: «Մեր գյուղի նմանը Ղարաբաղում չի եղել: Ոչ մի րոպե մտքիցս չի գնում»:
Խռպոտ ձայնով այս մարդը վերջին 13-14 տարիներին երեք անգամ բնահան է եղել: Հիմա նա իր տղաների ու 40 գետաշենցի ընտանիքների հետ ծառ է տնկում, նոր այգի գցում Քարվաճառում, ասում է, որ եկել է այստեղ սահման պահելու:
«Գետաշենից իմ երեք տղաների հետ դուրս ենք եկել, ութ տարի Կարմիրում ապրել, տեսա, որ այնտեղ չենք կարող մնալ: Սամվել Բաբայանը լսել էր, որ 40 ընտանիքով ուզում եմ Ղարաբաղ գալ, իմ հետեւից մարդ ուղարկեց: Եկանք, տեսանք, հավանեցինք: 10 ընտանիք էլ հետս բերի, Քարվաճառի մոտակա գյուղերից մեկում բնակեցրինք, գյուղն էլ անվանեցինք Նոր Գետաշեն», ասում է Եղիշ քեռին:
Քարվաճառի բնակիչները
Վասիլի Նալբանդյանը ԼՂՀ Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարն է: Ասում է, որ իր արմատները, տունը սարերիՙ Օմարի եւ Մռավի այն կողմում են: Քարվաճառ շրջկենտրոնում հարյուրից ավելի ընտանիքներ են հաստատվել, որոնց մեծ մասը տուն է կորցրել Ադրբեջանում, Լեռնային Ղարաբաղի հյուսիսում:
«Շահումյանի շրջանում բնակվում են հիմնականում նախկին շահումյանցիներ, գետաշենցիներ, Գարդմանում (Հյուսիսային Արցախ), Բաքվում, Սումգայիթում իրենց տները կորցրած հայ ընտանիքներ: Քարվաճառի շրջանը Շահումյան է կոչվել, որովհետեւ առաջինն այստեղ նախկին շահումյանցիներ են հաստատվել», ասում է Նալբանդյանը:
Երիտասարդ Տիգրան Գեւորգյանը տունը կորցրել է Բուզլուխում, այժմ ընտանիքի հետ բնակություն է հաստատել Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր գյուղում: «Մեր հայրենի գյուղըՙ Բուզլուխը, թողել եմ 8 տարեկանում: Շատ բան չեմ հիշում մեր գյուղից», ասում է Տիգրանը եւ ավելացնում, որ իրենց տանը ադրբեջանցին է բնակվում:
Բրաջուրը Խանլարի շրջանի տասնյակ հայկական գյուղերից մեկն է եղել: Նախկին բրաջուրցիները բռնի տեղահանվել են հայրենական օջախներից: Նրանցից մի քանի տասնյակ ընտանիքներ Շահումյանի կամ Քարվաճառի շրջանում հիմնել են Նոր Բրաջուրը: «Այստեղ եկանք հինգ հոգով: Հիմա ընտանիքի անդամների թիվը հասել է յոթի, եղբայրս է ամուսնացել, ունի այստեղ ծնված երեխա», ասում է Տիգրանը:
Քարվաճառի գրեթե բոլոր գյուղերը կրում են Շահումյանի, Խանլարի շրջանների, Գետաշենի ենթաշրջանի հայաթափված գյուղերի անուններըՙ Էրքեջ, Մանաշիդ, Գետաշեն, Կարաչինար, Վերին Շեն: Որոշ գյուղեր կրում են իրենց բուն հայկական անունըՙ Զուար, Ծար, Ջերմաջուր, Քարվաճառ: Չնայած դժվարություններին, այստեղ մարդիկ կամաց-կամաց հարմարվում են: 82-ամյա Աշխեն տատին, երիտասարդ Տիգրանին, Եղիշ քեռուն եւ մյուսներին մեկ ընդհանուր բան է միավորում. նրանց բոլորի տները զավթել են ադրբեջանցիները, նրանց բոլորի պտղատու այգիները սարերիՙ Մռավի եւ Օմարի այն կողմում են:
Հեյդար Ալիեւը հայերից զավթած տներում ադրբեջանցիների է բնակեցրել
ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների հարցերով (EOOSOC) հանձնաժողովը մտահոգություն է հայտնել «Ադրբեջանում փախստականների եւ ներքին վերաբնակների կողմից հայերին եւ էթնիկական այլ փոքրամասնություններին պատկանող գույքի յուրացման» փաստերի կապակցությամբ:
«Հանձնաժողովը խորհուրդ է տալիս Ադրբեջանին ձեռնարկել համապատասխան միջոցներ եւ ապահովել համարժեք փոխհատուցում կամ առաջարկել այլընտրանքային բնակավայրեր հայերին եւ այլ էթնիկական փոքրամասնություններին, որոնց գույքն ապօրինաբար յուրացրել են փախստականները եւ ներքին վերաբնակները», ասվում է ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների հարցերով հանձնաժողովի նոյեմբերի 26-ի եզրակացությունում:
Ադրբեջանը պետական մակարդակով վերաբնակեցնում է զավթած հայկական գյուղերը: Մասնավորապես 2002 թ. սեպտեմբերին Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիեւը մասնակցել է ԼՂՀ Շահումյան եւ Վերին Շեն հայկական գյուղերում հազար ադրբեջանական ընտանիքների բնակեցման պաշտոնական արարողությանը: Բնակեցումից հետո Շահումյանը եւ Վերին Շենը վերանվանվել են համապատասխանաբար Աշաղը Աղջաքենդ եւ Յոխարը Աղջաքենդ: Այս մասին ժամանակին գրել է Բաքվի «Էխո» թերթըՙ 2002 թ. սեպտեմբերի 10-ի եւ 14-ի համարներում:
Մինչ այդ, 2001 թ. օգոստոսի 22-ի հրամանագրով, ինչպես հաղորդել է պետական «Ազերթաջ» գործակալությունը, Հեյդար Ալիեւն Ադրբեջանի փախստականների եւ տեղահանվածների հարցերով պետական հանձնաժողովին պարտավորեցրել է «Գյուլիստանի տարածքի Գերանբոյի շրջանի Աշաղը Աղջաքենդ եւ Յոխարը Աղջաքենդ գյուղերում վերականգնել ավերված 1400 բնակելի տները», դրանցում վերաբնակեցնելով ադրբեջանցիներին: Նույն թվականի օգոստոսին Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը 18 մլն դոլար է տրամադրել Շահումյանում եւ Վերին Շենում ադրբեջանցիների բնակեցման համար:
ԼՂՀ իշխանությունները փորձում են վերահսկել
Քարվաճառը բնակեցվում է տարերայնորեն: Պաշտոնական Երեւանի եւ Ստեփանակերտի պնդումները, որ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում պետականորեն բնակեցում չի իրականացվում, ցավոք, համապատասխանում են իրականությանը: Եթե Ադրբեջանը պետական մակարդակով եւ պետական միջոցներով արդեն ադրբեջանցիներով է բնակեցրել 400 հազար բռնագաղթած հայերի շուրջ 80 հազար բնակարանները, ապա Հայաստանը եւ ԼՂՀ-ն չեն շտապում նույնն անել ու պետական մակարդակով բնակեցնել Քարվաճառը եւ մյուս շրջանները:
Այսպես, 1999 թ. հունվարի 1-ը Քարվաճառում Նոր տարին դիմավորեցին 8 տուն եւ 7 երեխա: Եթե անցնող 5 տարիներին շրջանում ընդամենը մի քանի հարյուր ընտանիքներ են բնավորվել, ապա Հեյդար Ալիեւը մեկ օրում միանգամից 1000 ընտանիքի է տեղավորել Գետաշենում եւ Շահումյանում:
Ասել, թե իշխանությունները Շահումյան անունով նոր շրջան են ձեւավորել, կնշանակի ավելորդ անգամ գովել նրանց: Պարզապես ԼՂՀ իշխանությունները «պոստ ֆակտում» վերահսկողություն են հաստատել տարերայնորեն բնակեցված Քարվաճառի շրջանումՙ հնարավոր անցանկալի իրավիճակից խուսափելու նպատակով:
Խաչքարերն ու վանքերը Քարվաճառում
Եղիշ Մարկոսյանը ոտքի տակ է տվել ամբողջ Քարվաճառը, գիտի ավերված, կիսաքանդ եկեղեցիների, վանքերի, տասնյակ դարերի հնության խաչքարերի տեղը:
«Սա եղել է հայի հող, ոչ թե թուրքի: Թուրքին որտեղի՞ց վանք ու եկեղեցի, թուրքին որտեղի՞ց խաչքար: Արի քեզ տանեմ մի տասը գյուղ ու հատ-հատ խաչքարերն ու եկեղեցիները ցույց տամ: մինչեւ 150 տարի առաջ սա եղել է հայի հող ու հային էլ մնալու է», ոգեւորված ու խռպոտ ձայնով պատմում էր Եղիշ քեռին:
Մինչեւ 1993 թ. ապրիլը, երբ ղարաբաղյան ուժերը լռեցրին ադրբեջանական կրակակետերը, ապա վերահսկողություն հաստատեցին Քարվաճառի շրջանում (այն ժամանակՙ Քելբաջար), քաղաքի պատմագավառագիտական թանգարանում պահվում էր 916 թվականի խաչքար, որն այցելուներին ներկայացվում էր որպես «աղվանական խաչդաշ», թեեւ խաչքարի վրա գրվածը միջին հայերենով է:
Քարվաճառում պահպանվել են տասնյակ եկեղեցիներ ու վանքեր (կիսավեր կամ գրեթե հողին հավասարված), որոնցից Դադիվանքը միջնադարյան հայ ճարտարապետության գոհարներից է: 13-րդ դարում կառուցված եկեղեցական այս համալիրն այսօր վերանորոգվում եւ վերականգնվում է:
Քարվաճառի բռնակցումը Կարմիր Քուրդիստանին
Քարվաճառի շրջանում խաշնարած քրդերը եւ կովկասյան թաթարները հաստատվել են 19-րդ դարի կեսերին: Հենց այդ ժամանակ էլ իրենց լեզվի առանձնահատկություններին հարմարեցնելով Քարվաճառը կոչեցին Քյարվաջար, ապաՙ Քելբաջար կամ Քյալբաջար:
Անանիա Շիրակացին իր «Աշխարհացույցում» Մեծ Հայքի 10-րդ նահանգ է հիշատակում Արցախը, որի 12 գավառներից երկրորդը նշվում է Վայկունիքը Ծար կենտրոնով: Մովսես Կաղանկատվացին եւս օգտագործում է Վայկունիք անունը: Հետագա դարերում այս քարաշատ շրջանն անվանվեց Ծար, Վերին Խաչեն եւ Քարվաճառ կամ Քարավաճառ անունով:
1920 թ., երբ ընդամենը երկու տարի առաջ գծված մուսավաթական Ադրբեջանում հաստատվեցին խորհրդային կարգեր, Քարվաճառը բռնակցվեց Ադրբեջանին: 1923 թ. ձեւավորվեց Կարմիր Քուրդիստանը, եւ Քարվաճառի շրջանը, որտեղ բնակվում էին մի քանի հազար քրդեր եւ ադրբեջանցիներ, միացվեց նորաստեղծ վարչական միավորմանը: 1930 թ. Կարմիր Քուրդիստանը վերացվեց, իսկ Քարվաճառը (Քյալբաջարը) իր 1936 քառ. կմ տարածքով դարձավ Ադրբեջանի 60 շրջաններից մեկը: Քյալբաջարի մի քանի հազար քուրդ բնակչությունը տարիների ընթացքում ձուլվեց նորաստեղծ ադրբեջանցի ժողովրդի մեջ:
Ադրբեջանի պատմագրությունը Քարվաճառում եւ հարակից շրջաններում, այդ թվում Ղարաբաղում պահպանված խաչքարերը համարում է «ալբանական խաչդաշներ», իսկ հայկական վանքերն ու եկեղեցիներըՙ «ալբանական» կամ աղվանական:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Քարվաճառ-Երեւան