Հիմնավորումներն առայժմ չեն տրվում
Ինչպես հայտնի է, «Երեւանի ջրմուղ-կոյուղի» ընկերությունը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ջրամատակարարման եւ ջրահեռացման նոր սակագին հաստատելու հայտ էր ներկայացրել: Համաձայն այդ հայտի, ներկայիս 90 դրամի փոխարեն առաջարկվում էր ջրի սակագինը դարձնել 187 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակայն հայտը վերադարձվել էր ընթացակարգը չպահպանելու պատճառով: Ի պատասխան մեր այն հարցի, թե ինչպե՞ս է «Երեւանի ջրմուղ-կոյուղին» հիմնավորում սակագնի բարձրացման անհրաժեշտությունը, ընկերության մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանն ասաց, որ այդ հարցի վերաբերյալ պարզաբանումներն առկա են հանձնաժողովին ներկայացված փաթեթում: Դրանք հայտնի կդառնան, երբ փաթեթը բացվի եւ հանձնաժողովում սկսվեն քննարկումները: Առայժմ ընկերությունը չի ցանկանում ներկայացնել այդ հիմնավորումները: Միաժամանակ Մուրադ Սարգսյանը հավաստիացրեց, որ ընկերությունը կրկին կներկայացնի սակագնի բարձրացման հայտը: 75-80 տոկոս ջրակորուստների նվազեցման ուղղությամբ ընկերության ձեռնարկելիք քայլերի մասին նույնպես որոշակի տեղեկություն չստացանք: Մուրադ Սարգսյանը նշեց, որ հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովում այդ հարցը եւս քննարկման առարկա կդառնա:
Մայրաքաղաքի 80 տոկոսը 2005 թ. շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովելու ընթացքի վերաբերյալ մեր հաջորդ հարցի առնչությամբ «Երեւանի ջրմուղ-կոյուղու» մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ ներկայումս Երեւանի ավելի քան 70 տոկոսն ապահովված է 24-ժամյա ջրամատակարարմամբ: Այդուհանդերձ, նա առանձնացրեց շուրջօրյա ջրամատակարարումը կայուն շուրջօրյա ջրամատակարարումից: Առաջին դեպքում խոսքն այն մասին է, երբ ստեղծված են պայմանները եւ ցանցն ի վիճակի է շուրջօրյա ջուր մատակարարել, բայց վթարները, խողովակների մաշվածությունը եւ տեխնիկական այլ խնդիրներ դրա հնարավորությունը չեն տալիս: Այս խնդիրներն ընկերությունը մտադիր է լուծել երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում: Մուրադ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ այս տարվա ընթացքում մայրաքաղաքի 80 տոկոսը կունենա 24-ժամյա ջրամատակարարում: Նա տեղեկացրեց, որ, օրինակ, Սարի թաղի ջրամատակարարման բարելավման նպատակով նոր ջրավազան է կառուցվել, բայց ներքին ցանցի հետ կապված դեռեւս խնդիրներ կան (խողովակների մաշվածություն, թողունակության հզորացում եւ այլն): Սեպտեմբերին կշահագործվի նաեւ Քանաքեռի ջրավազանը, որը կայուն ջրամատակարարման հնարավորություն կստեղծի 10 հազար բնակչի համար:
Ամփոփելով վերոնշյալը, հարկ ենք համարում հիշեցնել, որ ջրի սակագնի փոփոխության ընկերության նախորդՙ 1 խմ 120 դրամ դարձնելու առաջարկը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարել էր մասամբ, հաստատելով ներկայիս 90 դրամ կազմող սակագինը: Նշենք նաեւ, որ ջրային տնտեսության կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Մարտիրոսյանը պարբերաբար կրկնում էր, որ կապիտալ ծախսերն այս ոլորտում, հետեւաբար ինքնարժեքի գերակշիռ մասը, պետությունը իր վրա է վերցնում: Հետեւաբար, սակագնի նման կտրուկ բարձրացման համար լուրջ հիմքերի առկայությունն անիրական է թվում: Ի վերջո, հանձնաժողովի կողմից նախորդ հայտի մասնակի բավարարման փաստը դրա լրացուցիչ վկայությունն է: Այստեղ, թերեւս, առավել նպատակահարմարը կորուստների նվազեցման եւ կառավարման արդյունավետության բարձրացման ճանապարհը նախընտրելն է: Հարկ է հաշվի առնել այն հանգամանքը, որ սակագնի բարձրացումը կարող է առաջացնել հակադարձ ազդեցությունՙ նվազեցնելով ջրավարձերի հավաքումը եւ ավելացնելով ջրագողության դեպքերը: Ինչեւէ: Այս առթիվ առաջիկայում կներկայացնենք նաեւ հանձնաժողովի մոտեցումները:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ