Կլարա Ավետյանը 69 տարեկան է եւ ծերության օրերին վաստակած անդորրը վայելելու փոխարեն ստիպված է մտածել օրվա հացը հայթայթելու մասին եւ խնամել երեք անչափահաս, երկկողմանի ծնողազուրկ երեխաների: Տարիների եւ հոգսերի ներքո կքած այս կինը ստանում է 9200 դրամ թոշակ, 19.000 դրամ օգնություն տրվում է երեխաներին: 28.200 դրամ ընդհանուր գումարով նա ստիպված է կատարել կոմունալ վճարումները եւ միաժամանակ հոգալ երեխաների սննդի ծախսերը: «Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ թոռներիս համար հագուստ գնել: Եթե չլինեն բարի մարդիկ, որոնք օգնում են հագուստով, չեմ պատկերացնում, թե ինչ պետք է անեի: Անգամ հեռուստացույցը Ռուսաստան մեկնած հարեւանինն է: Ուրախանում ենք, երբ դրսում արեւոտ եղանակ է լինում եւ ստիպված չենք լինում էլեկտրական սալիկ միացնել: Սակայն դեկտեմբերին շատ ցուրտ էր, թոռներս ցրտից հիվանդացել էին», ասում է Կլարա Ավետյանը:
1993 թ. հիվանդությունից մահանում է ուկրաինուհի հարսը, իսկ որդին կնոջ մահից հետո մեկնում է Արցախ եւ մասնակցում պատերազմին: Մարտերից հետո գնում է Ուկրաինա` վաճառելու իր եւ կնոջ բնակարանը: «Որդուս այլեւս չտեսա: Ինձ միայն ասացին, որ նա այնտեղ սպանվել է: Նույնիսկ չկարողացա որդուս թաղմանը գնալ», արցունքն աչքերին պատմում է Կլարա Ավետյանը: Այդ ժամանակվանից ի վեր տիկին Կլարան խնամում է թոռներին եւ այժմ միայն մեկ ցանկություն ունիՙ վերջիններիս երջանիկ տեսնել, «հասցնել իրենց նպատակին»:
16-ամյա Ռոմանն իր տարիքին անհամեմատ լրջություն եւ խոհեմություն ունի, 13-ամյա Ֆելիքսն անչափ քնարական է, ցանկանում է նկարիչ դառնալ եւ հաճախում է նկարչական խմբակ: Իսկ կրտսերը` Պավելը 12 տարեկան է: Ասում է, որ զինվորական է դառնալու: Կլարա Ավետյանն ասում է, որ նախորդ տարի Ամանորի առթիվ որոշակի օգնություն է ցույց տվել մեծահարուստներից մեկը, սակայն 2005 թվականը դիմավորել են հարեւանների օգնությամբ: «Այս տարի միայն թաղապետարանն է տոնածառի տոմսեր տվել, այն էլ առանց նվերի», ասում է տիկին Կլարան:
Չնայած անասելի դժվարություններին` Նոր Նորքի երկրորդ զանգվածում գտնվող նրանց բնակարանում հաճախ է հնչում երեխաների զրնգուն ծիծաղը եւ տեսնելով թոռների չընկճվող դեմքերը` տիկին Կլարան եւս ժպտում է բարի եւ հույսով լեցուն ժպիտով:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ