ԼՂՀ առաջին ատյանի դատարանի նախագահ Սեյրան Ամիրյանի ներկայացրած տվյալներով, 2004 թ. դատարանի վարույթ է ընդունվել 305 քրեական գործ (2003 թ. եղել է 320-ը), որից քննվել եւ ավարտվել է 281-ը (2003 թ.ՙ 293-ը): Ընդ որումՙ 252-ով կայացվել են դատավճիռներ, 9 գործով անմեղսունակ ճանաչված անձանց նկատմամբ որոշումներով նշանակվել են բժշկական բնույթի հարկադրական միջոցներ, 15-ով վարույթը կարճվել է, եւ դադարեցվել է քրեական հետապնդումը, 2 գործ վերադարձվել է դատախազությունՙ լրացուցիչ նախաքննություն կատարելու համար, իսկ 3 գործ ուղարկվել է ըստ ընդդատության:
Դատավճիռներ կայացված 252 գործով դատապարտվել են 369 անձինք (2003 թ. դատապարտվել էր 320 հոգի), որիցՙ 40 անչափահասներ (2003 թ.ՙ 19): Դատապարտվածներից 92 հոգի ենթարկվել է ազատազրկման, 47 հոգիՙ տուգանքի, 169 հոգի դատապարտվել է պայմանական ազատազրկման, 55 հոգի ուղղիչ աշխատանքներիՙ աշխատավարձի որոշակի տոկոսի բռնագանձմամբ հօգուտ պետության, իսկ 6 հոգի ենթարկվել է պատժի այլ միջոցների: Քրեական գործով պետության օգտին բռնագանձված տուգանքի չափը կազմել է 4 մլն 909 հազար դրամ (2003 թ.ՙ 3,175 հազար դրամ):
Քրեական գործերի վերլուծությունը, ըստ Ս. Ամիրյանի, ցույց է տալիս, որ չնայած 15 գործով նվազել է վարույթ ընդունած գործերի քանակը, սակայն դատապարտված անձանց թիվն աճել է 49-ով: Այնուհետեւ, պակասել է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններով քրեական գործերի քանակը. հատկապեսՙ սպանություն, բռնաբարություն, ավազակային հարձակում եւ այլն, որը վկայում է հանրապետությունում քրեածին իրավիճակի կայունության մասին:
Քննված գործերով ԼՂՀ գերագույն դատարանին վերաքննության կարգով բողոքարկվել է 36 գործ, որոնցից 15-ը փոխվել է, ընդ որումՙ փոխվել են 1-ին ատյանի դատարանի նշանակած պատիժները խիստ լինելու պատճառաբանությամբ, եւ ազատազրկման ձեւով պատիժները մեղմացվել ենՙ դարձվելով պայմանական, կամ նշանակվել է այլ պատիժ, իսկ մեկ դատապարտյալի նկատմամբ փոխվել էՙ արարքի ոչ ճիշտ իրավաբանական որակման պատճառով, 2 որոշումՙ գործը լրացուցիչ նախաքննություն վերադարձնելու մասին, բեկանվել է եւ ուղարկվել նոր դատաքննության:
2004 թ. դատարանը քննել է նաեւ վարչական իրավախախտումների վերաբերյալ 121 գործ 135 հոգու նկատմամբ (2003 թ. եղել է 144 գործՙ 167 անձանց նկատմամբ), որոնցից 30 հոգի ենթարկվել է վարչական կալանքի, 101 հոգի տուգանվել է, եւ հօգուտ պետության նրանցից որոշվել է բռնագանձել 169800 դրամ, որից գանձվել է 164000 դրամը, երկու հոգի նախազգուշացվել են, իսկ 2-ըՙ ենթարկվել ուղղիչ աշխատանքների:
Նշված ժամանակաշրջանում դատարան մուտք են գործել նաեւ պատժի կատարումն իրականացնող մարմինների եւ այլ կարգի 51 միջնորդություն, որոնք բոլորն էլ քննարկվել եւ ընդունվել են համապատասխան որոշումներ, ընդ որումՙ 13-ով միջնորդությունը մերժվել է, 38-ովՙ բավարարվել:
Բացի վերը նշվածից, 2003 թ. օգոստոսի 1-ից ԼՂՀ նոր քրեական օրենսգիրքը ուժի մեջ մտնելու կապակցությամբ ԼՂՀ 1-ին ատյանի դատարանը շարունակել է դատապարտյալներից եւ քրեակատարողական հիմնարկներից ստանալ դիմումներ ու միջնորդություններ դատավճիռները վերանայելու եւ դրանք նոր քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու համար:
2004 թ. ընթացքում ստացվել է այդ կարգի 34 միջնորդություն, որոնք բոլորն էլ քննարկվել են, որից 28 դատավճիռ համապատասխանեցվել եւ թողնվել է անփոփոխ, իսկ 6-ը փոփոխվել է:
Անդրադառնալով քաղաքացիական գործերով վարույթներինՙ Ս. Ամիրյանը նշեց, որ դրանք, ընդհանուր առմամբ, ավելացել են: Այսպես, անցած ժամանակաշրջանում վարույթ է ընդունվել 1538 քաղաքացիական գործ (2003 թ.ՙ 1457), որոնցից 1429-ը քննվել եւ ավարտվել է (2003 թ.ՙ 1342), ընդ որումՙ 1380 գործերով կայացվել են վճիռներ, իսկ 45-ը թողնվել է առանց քննությանՙ հայցվորների չներկայանալու եւ այլ պատճառներով:
Ավարտված գործերով անմիջապես անդորրագրերով պետության օգտին բռնագանձվել է 4 մլն 243 հազար 68 դրամ պետական տուրք:
Քննված եւ վճիռ կայացված 1380 գործից 1074-ով հայցը բավարարվել է:
Նշված քանակով քաղաքացիական գործերով ԼՂՀ գերագույն դատարան բերվել են 109 վերաքննիչ եւ 2 վճռաբեկ բողոքներ: Վերաքննիչ բողոքների հիման վրա 26 գործերով վճիռները փոխվել եւ այլ վճիռներ են կայացվել, իսկ վճռաբեկ բողոքներով վճիռները չեն փոխվել:
Առաջին ատյանի դատարանի նախագահը «Ազգի» թղթակցի հետ ունեցած զրույցում նաեւ անդրադարձավ իրենց աշխատանքում տեղ գտած թերություններին ու բացթողումներին: Մասնավորապես, դեռեւս ձգձգվում են հատկապես քաղաքացիական գործերի քննության դատավարական ժամկետները: Երկամսյա ժամկետների խախտումներ են թույլ տվել գրեթե բոլոր դատավորները:
Չնայած երկրում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին, դեռեւս ոչ բոլոր դատավորներն են, որ դատական նիստերը վարում են դատավարության օրենսգրքերի պահանջներին համապատասխան: Ոմանք թույլ են տալիս գործերով կայացված դատավճիռները, վճիռները եւ որոշումները կողմերին ուղարկելու ժամկետների խախտումներՙ առաջացնելով օրինավոր բողոքներ ու դժգոհություններ: 2004 թ. ԼՂՀ արդարադատության նախարարության, գերագույն եւ առաջին ատյանի դատարանների համատեղ ստեղծած հանձաժողովը ստուգել եւ ընդհանրացրել է 2003 թ. քննված քրեական եւ քաղաքացիական գործերի դատական պրակտիկան, որի արդյունքում երեւան են հանվել մի շարք թերություններ եւ բացթողումներ, նյութական եւ դատավարական նորմերի խախտումներ, հատկապեսՙ դատական նիստերի վարման, դատավճիռները, վճիռները եւ որոշումները կողմերին ուղարկելու, դատական նիստերին պատասխանողներին պատշաճ ձեւով մասնակից դարձնելու, պետական տուրքի բռնագանձման բնագավառներում եւ այլն:
Որոշ չափով դժգոհություններ կան նաեւ առանձին դատավորներիցՙ քաղաքացիների հետ վերաբերմունքի, նրանց ընդունելության եւ այլ հարցերով:
Վերոհիշյալ թերությունների ու բացթողումների օբյեկտիվ պատճառներից մեկն էլ, ըստ Ս. Ամիրյանի, այն է, որ դատաիրավական բարեփոխումներից հետո դատավորների համար դեռեւս չեն ստեղծվել նորմալ աշխատանքային պայմաններ, ցածր է համակարգի տեխնիկական հագեցվածությունը:
Այդուհանդերձ, նշեց Ս. Ամիրյանը, ԼՂՀ 1-ին ատյանի դատարանը ձգտում է բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը, վերացնել տեղ գտած թերություններն ու բացթողումները եւ արդարադատության իրականացումը ԼՂՀ-ում հասցնել ժամանակակից պահանջներինՙ դարձնելով արդարացի, թափանցիկ եւ անկախ:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ