Հայկական բարեգործական ընդհանուր միության տեղեկագիրը հաղորդում է, որ ՀԲԸՄ Փարիզի մասնաճյուղը քաղաքի համերգասրահներում շուտով կազմակերպելու է «Հայաստանի երիտասարդ տաղանդներ» անունը կրող համերգաշար: Միջոցառումների նպատակն է Հայաստանի եւ սփյուռքի շնորհաշատ պատանի երաժիշտներին հնարավորություն տալ հանդես գալու Փարիզի հայ եւ այլազգի երաժշտասերների, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ երաժիշտների, դասախոսների, երաժշտական հրատարակչությունների տնօրենների, լրագրողների առջեւ:
Այդ ելույթների շնորհիվ պատանի եւ երիտասարդ երաժիշտները կկարողանան դրսեւորել իրենց ձիրքը, ճանաչվել հանրության կողմից եւ հաջողությունների հասնել իրենց կարիերայում:
Հիշյալ համերգաշարի առաջին համերգը տեղի կունենա փետրվարի 7-ին, Փարիզի «Կորտո» դահլիճում: Ելույթ կունենա 20-ամյա ջութակահարուհի Սյուզի Երիցյանը, որը երիտասարդ ջութակահարների միջազգային մրցույթի դափնեկիր է, հանդես է գալիս մասնավորապես Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբում եւ համերգային շրջագայություններ է կատարել Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Չեխիայում:
Պ. Ք.