«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2005-01-15 | #6, 2005-01-18 | #7, 2005-01-19


«ՕՐԵՐԻ» ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԵՄՔԵՐՆ ՈՒ ԴԵՊՔԵՐԸ

«Մաքրենք հուսահատության եւ թմբիրի ժանգը մեր հոգիների վրայից, շարունակենք ընդդիմանալ ազգակործան ուժերին եւ այն ամեն ինչով, ինչ մնացել է մեր մեջ մաքուր եւ կենսալի, սնենք, մեծացնենք մեր ճակատագիրը վարող միակ հերոսին, եւ թող նաՙ մեր վերազարթնած հոգին, օգնի մեզ նորից ապրելու, նորից հաղթելու»: Սիլվա Կապուտիկյանի այս խոսքերով է սկսվում «Օրեր» համաեվրոպական անկախ ամսագրի 2004 թվականի 8-10 համարի խմբագրականը: Այս համարը, կարելի է ասել, նվիրված է բանաստեղծուհու ծննդյան 85 եւ գրական գործունեության 70-ամյակներին, հենց այդ առիթով նրանում տեղ են գտել պարսից եւ չեխական պոեզիայից բանաստեղծուհու վերջին թարգմանություններից մի քանիսը, ինչպես նաեւ նրա «Խոսք իմ որդուն» եւ մի քանի այլ բանաստեղծությունների չեխերեն թարգմանությունը:

«Բացառիկ հարցազրույցներ» շարքն այս անգամ ընթերցողին է ներկայացնում Հայաստանի մշակույթի փոխնախարար, դրամատուրգ Կարինե Խոդիկյանին, Լյութեր եւ Աննա էսքիջյաններին, Չեխիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Կարել Բրյուկներին: Առաջին հարցազրույցում ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը Կարինե Խոդիկյանի հետ զրուցում է «Արմմոնո 2» միջազգային թատերական փառատոնում «Գրան պրի» մրցանակի արժանացած նրա «Երկրորդ կտակը» մոնոդրամայի, Հայաստանի մշակութային քաղաքականության, այսօրվա հայ կնոջ կերպարի եւ այլ հարցերի մասին: «Իմ կարծիքով, չկա համակարգային մոտեցում, թե այսօր մեր մշակույթի ո՞ր ոլորտը պետք է պահպանենք իբրեւ մերը, ի՞նչը աշխարհին չենք կարող ներկայացնել, առավել եւս վաճառել, ո՞ր ոլորտն այնպիսի հեռանկարներ ունի, որտեղ ներդրումներ անելով վաղը դուրս կգանք համաշխարհային ասպարեզ», ասում է տկն Խոդիկյանը: Նրա պատկերացմամբ, այսօրվա հայ կինը տղամարդուց ավելի խելացի է, կիրթ եւ ավելի պատրաստ կյանքի հարվածներին:

Արծվի Բախչինյանի «Հիշարժան հանդիպումներ Ամերիկայում» նյութը պատմում է «Արարատ Էսքիջյան» թանգարանի, ամերիկյան թատրոնի եւ կինոյի հայտնի բնութագրական դերասան Բաք Քարթալյանի, Իրանի շահի երբեմնի օպերատոր Պետրոս Պալյանի, արդիապաշտ երաժշտության մեծագույն երգչուհի Քեթի Բերբերյանի եւ երիտասարդ ամերիկյան կինոբեմադրիչ Քեւին Շահինյանի մասին:

«Սարոյանը Չեխիայում» հոդվածաշարը ներկայացնում է «Սարոյանը չեխական գրականության» մասին նյութըՙ քաղված «Գրական թերթի» 1978 թվականին անվանի գրողի հարցազրույցից, որտեղ խոսել է նաեւ «փոքր ազգեր» արտահայտության մասին: «Ամենեն գեշ թշնամին որ կաՙ մեր հասկացողությունն է: Ան կշարունակե մեր ատելություն, մեր իրար չհասկանալ: Բայց միեւնույն ատեն չպիտի զարմանանք, եթե թշնամությունները շարունակվին, որովհետեւ ժամանակ է պետք, անհամբեր չպիտի ըլլանք», ասել է Սարոյանը:

«Օրերի» հարցերին է պատասխանել Հունգարիայում, Չեխիայում եւ Սլովակիայում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ աբեղա Փիլավչյանը: Նա հայտնել է, որ Վեհափառ հայրապետի կարգադրությամբ Չեխիայում պետք է հիմնվի եւ գրանցվի Հայ առաքելական ուղղափառ եկեղեցին:

Գրականության ասպարեզում 2004 թվականին Նոբելյան մրցանակի արժանացած ավստրիացի կին գրող Էլֆրիդե Ելինեկին է նվիրված «Ավստրիական կառավարող ընտրանուն ուղղված քաղաքական սադրա՞նք, թե՞ գրողի վաստակի անկողմնակալ գնահատանք» հոդվածը:

«Օրերի» այս համարով ավարտվում է Միգրացիայի միջազգային կազմակերպության տրամադրած օրենսդրական հոդվածների թարգմանության շարքը, «Աջակցություն օտարերկրացիների ինտեգրմանը Չեխիայի Հանրապետությունում» ծրագրի շրջանակներում:

«Ռուսական համայնք» խորագիրը տեղեկացնում է, որ Ռուսաստանի հայկական կիրակնօրյա դպրոցների համար ռուսերենով կհրատարակվի «Հայոց պատմության» դասագիրք, իսկ Ռուսաստանի համայնքների միությունը հունվարից կունենա արբանյակային հեռուստաալիք: «Հայաստան-Եվրոմիություն» խորագրի տակ զետեղված է Հարություն վարդապետ Պզտիկյանի «Համագումար Եվրոպայի հայերու» նյութը, որը մանրամասներ է հաղորդում 2004 թվականի հոկտեմբերի 18-19-ը Բրյուսելում կայացած համագումարի մասին:

Իբրեւ կարեւոր իրադարձություն նշվում է նաեւ Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նոյեմբերի 30-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4