Հաշվետվությունների մեծ մասը վերադարձվում է
Այս օրերին աննախադեպ հերթեր են գոյացել հարկային ծառայության տարածքային ստորաբաժանումներում: Պատճառը հարկային ծառայությանը կենսաթոշակների հավաքման լիազորությունները հանձնելն էր: Հարկային ծառայության աշխատակիցները ստուգում են տնտեսվարողների ներկայացրածՙ ձեռնարկություններում աշխատակիցների թվի եւ նրանց աշխատավարձերի վերաբերյալ հաշվետվությունները:
Հիշեցնենք, որ այս ոլորտում տեղի ունեցող բարձիթողի վիճակի մասին Նոր տարվա նախօրեին գործարարների հետ հանդիպման ժամանակ իր դժգոհությունն էր հայտնել երկրի նախագահը: Խոսքը գործատուների կողմից աշխատակիցների թվի եւ նրանց աշխատավարձերի չափի վերաբերյալ ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելն էր, ինչի պատճառով կենսաթոշակային հիմնադրամը չէր ստանում լուրջ գումարներ: Իմիջիայլոց նշենք, որ, չգիտես ինչու, մամուլում եւ մասնավորապես մեր թերթում վերջին տարիներին բազմիցս բարձրացված այս ու ընդհանրապես տարբեր ոլորտներում ստվերային շրջանառության վերաբերյալ խնդիրը միայն նոր է արժանանում նախագահի ուշադրությանը: Սակայն այս պահին խնդիրն այլ է:
Նախ հերթերի մասին: Մի՞թե հնարավոր չէր հաշվետվությունների ընդունումն այնպես կազմակերպել, որպեսզի մարդիկ մի քանի ժամ հերթ չկանգնեն: Այնուհետեւ հարկատուները դժգոհում էին նախորդ տարվա վերջին եռամսյակում ներկայացրած հաշվետվությունների մեջ փոփոխություններ մտցնելու հարկային ծառայության աշխատակիցների պահանջից, ինչի պատճառով նրանց մեծ մասի հաշվետվությունները չէին ընդունվում: Հիմնական պահանջներից մեկն այն է, որ տնտեսվարողներն ավելացնեն իրենց գրանցած աշխատակիցների թիվը եւ աշխատավարձերի չափը: Եթե աշխատավարձերի ներկայացված թիվը 30-40 հազար դրամից պակաս էր լինում, ապա հաշվետվությունները վերադարձվում էին:
Հարկային ծառայության օպերատիվ վարչության աշխատակիցների այդ պահանջը կարելի է արդարացի համարել որոշակի պայմանների դեպքում միայն: Դրանցից հիմնականն այն էր, որ դարձյալ բացակայում է հավասար մոտեցումը բոլոր տնտեսվարողների նկատմամբ: Բացի այդ, սոցվճարումներ կատարելու պարտավորությունից եւ հաշվետվությունների ստուգումից այս դեպքում եւս դուրս են մնում տոնավաճառները, որտեղ հազարավոր չգրանցված աշխատողներ կան, որոնք բնականաբար կենսաթոշակային հիմնադրամին վճարումներ չեն կատարում: Փոքր առեւտրային օբյեկտների սեփականատերերը թերահավատություն էին հայտնում նաեւ այն հարցում, որ այսպես կոչված «տանիք» ունեցող ձեռներեցների խանութները կամ արտադրությունները նույնպես ենթարկվում են նման վարչարարության:
Անարդարացի պահանջների թվում ձեռներեցները նշում էին ձեռնարկության չաշխատած ժամանակաշրջանի համար, որը կարող է մի քանի տարվա վաղեմություն ունենալ, վճարումներ կատարելու պահանջը: Ճիշտ է, կան տարիներ շարունակ գործունեությունը դադարեցրած, բայց չլուծարված ձեռնարկություններ, բայց այս դեպքում նույնպես մեղքի բաժինն ավելի շուտ իշխանություններինն է, քան գործարարներինը: Բանն այն է, որ օրենքով նախատեսված լուծարման գործընթացը բավականին բարդ է եւ կարող է տեւել ամիսներ եւ անգամ տարիներ:
«Արդյոք հաշվետվություններում գործարարներն իրենց աշխատակիցների իրական թի՞վն էին մատնանշել» հարցին տարբեր պատասխաններ ստացանք: Ոմանք խոստովանեցին, որ ոչ, մյուսները նշեցին, որ իրենցից պահանջում են ավելին, քան աշխատակիցների իրական թիվն է եւ աշխատավարձերի իրական չափը: Մեծ էր դժգոհությունը նաեւ ստորացուցիչ հերթերից ու հարկային ծառայության օպերատիվ վարչության աշխատակիցների պարտադրող եւ վիրավորական գործողություններից:
Ի՞նչ կարելի է եզրակացնել վերոնշյալի առնչությամբ: Ուրախալի է, որ իշխանությունները սկսել են կենսաթոշակային հիմնադրամում մուտքերի ավելացման քայլեր ձեռնարկել: Չմոռանանք, որ այդ մուտքերից են գոյանում մեր ծերերի եւ նպաստառուների թոշակներն ու նպաստները, եւ որքան այդ մուտքերը շատ լինեն, այնքան ավելի բարձր կլինեն թոշակներն ու նպաստները: Հարկ է նաեւ, որ դա գիտակցեն նաեւ գործարարները եւ հնարավորինս պարտաճանաչ լինեն սոցվճարների վճարման հարցում:
Հարկային ծառայությունների աշխատակիցներն էլ իրենց հերթին, ի վերջո, պետք է սովորեն քաղաքակիրթ եւ մարդու արժանապատվությունը չոտնահարող ձեւով աշխատել: Սակայն այս կառույցի եւ ընդհանրապես կառավարության ու երկրի նախագահի գլխավոր խնդիրը պետք է լինի հավասար մրցակցային դաշտի ապահովումը բոլոր գործարարների համար: Այլապես, քանի դեռ կան իշխանական «տանիքի» միջոցով հարկերից ու սոցվճարներից խուսափողներ եւ «տեր չունեցողներ», որոնց նկատմամբ, ի տարբերություն առաջինների, մշտապես կիրառվում է հարկային վարչարարություն, անհնար է ակնկալել առողջ բիզնեսի զարգացում եւ արդյունավետ պայքար հարկային պարտավորություններից խուսափելու երեւույթի նկատմամբ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ