«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2005-01-15 | #6, 2005-01-18 | #7, 2005-01-19


ԱՐՑԱԽՑԻ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Արցախցի քանդակագործ Ռոբերտ Ասկարյանը վերջերս մասնակցել է Բրազիլիայի Բրուսկվե քաղաքում կազմակերպված քանդակի միջազգային սիմպոզիումինՙ ընդգրկվելով 10 լավագույն քանդակագործների ցուցակում: Հատկանշական է, որ աշխարհի տասնյակ երկրներից այստեղ էին ժամանել 184 քանդակագործներ, եւ արցախցի արվեստագետի այս հաջողությունը կարելի է նշանակալից համարել:

«Հրեշտակների հանդիպումը». այսպես էր կոչվում Ռ. Ասկարյանի քանդակը: Մրցույթի արդյունքները ամփոփվելու են ամռանը, հատուկ հանձնաժողովի կողմից: Ռ. Ասկարյանի համար, սակայն, ամենամեծ հաջողությունն այն է, որ ինքը կարողացել է ճանաչված երկրների շարքում սիմպոզիումում ներկայացնել դեռեւս միջազգայնորեն չճանաչված Արցախը:

Առհասարակ, 2004 թվականը Ռ.Ասկարյանի համար ստեղծագործական նվաճումների տարի էր: Դեռեւս անցյալ տարվա սկզբներին Լիտվայի Կաունաս քաղաքում տեղադրվել էր նրա հեղինակածՙ Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի հազարամյակին նվիրված քանդակը, իսկ տարեվերջին քանդակագործն արժանացել էր ԼՂՀ Եղիշեի անվան ամենամյա մրցանակին:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է քանդակագործը, սիմպոզիումի մասնակիցների գնահատականը բարձր էր ոչ միայն իր ստեղծագործության, այլեւ, ընդհանրապես, հայ մշակույթի նկատմամբ, եւ դա նրա համար իրոք հպարտանալու առիթ էր:

Հուսանք, որ ամռանը Բրազիլիայում կայանալիք սիմպոզիումի արդյունքների ամփոփմանը բարձր գնահատականը կստանա նաեւ Ռոբերտ Ասկարյանի «Հրեշտակների հանդիպումը»:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4