Ինչպես երեւում է, շախմատային աշխարհի միավորումը, ինչը նախատեսվում էր 2002 թ. Պրահայում ձեռք բերված համաձայնագրով, տեղի չի ունենա: Աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը ՖԻԴԵ-ին հղած բաց նամակով վերջնականապես հրաժարվել է Ռուստամ Կասիմջանովի հետ մրցախաղից: Նամակում նա նշել է, որ ՖԻԴԵ-ի մեղքով չորս անգամ իր մրցախաղերը չեն կայացել, որի պատճառով ձախողվել են մրցաշարերի մասնակցության ծրագրերը: Կասպարովը հայտարարել է, որ հեռանում է շախմատում մղվող քաղաքական պայքարից, սակայն մնում է շախմատում եւ այսուհետեւ էլ շարունակելու է մասնակցել մրցաշարերին ու փորձել հաղթելՙ ապացուցելու, որ իրոք արժանիորեն է 20 տարի շարունակ գլխավորում ՖԻԴԵ-ի դասակարգման ցուցակը:
Հիշեցնենք, որ 2003 թ. Կասպարովն աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղ պետք է անցկացներ այն ժամանակվա ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովի հետ: Սակայն այդպես էլ մրցախաղը չկայացավ: Նախ Բուենոս Այրեսում կայանալիք մրցախաղի կազմակերպիչները չկարողացան ապահովել խոստացած մրցանակային հիմնադրամը: Ապա որոշվեց հանդիպումն անցկացնել Յալթայում, սակայն այս անգամ էլ ՖԻԴԵ-ն չկատարեց Պոնոմարյովի պահանջները եւ կրկին մրցախաղը տեղի չունեցավ: Իսկ այդ ընթացքում նախապատրաստվելով Պոնոմարյովի հետ հանդիպմանը, Կասպարովը ստիպված էր բաց թողնել մի շարք մրցաշարեր:
Գրեթե նույն պատմությունը կրկնվեց նաեւ Կասիմջանովի հետ մրցախաղի շուրջ: Այն պետք է տեղի ունենար Դուբայում: Մրցախաղի մրցանակային հիմնադրամը կազմելու է 1,2 մլն դոլար: Սակայն դեկտեմբերին հայտնի դարձավ, որ մրցախաղը չի կայանա: Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարար, շեյխ Մոհամեդ բեն Ռաշիդ ալ Մակտումը պաշտոնապես հայտարարել էր, որ ի վիճակի չեն ապահովելու մրցանակային հիմնադրամը: Հետո Իլյումժինովը հավաստիացրեց, որ մրցախաղը հնարավոր է անցկացվի Թուրքիայում, գարնանը: Սակայն մինչ օրս էլ այս ուղղությամբ ոչինչ չի արվել: Բնական է, որ այսքանից հետո Կասպարովի համբերության բաժակը պիտի լցվեր: Եվ հետեւեց ՖԻԴԵ-ին հղած բաց նամակը, որով նա վերջնականապես հրաժարվեց մասնակցել աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար մրցապայքարից: Կասիմջանովի հետ մրցախաղի պատճառով Կասպարովը հրաժարվել էր Վեյք Ան Զեեի մրցաշարից: Այժմ նրան այլեւս ոչինչ չի խանգարի դրանց մասնակցությունից: Արդեն հայտնի է, որ Կասպարովը մասնակցելու է Լինարեսի գերմրցաշարին: Հենց այդ մրցաշարի շրջանակներում էլ տեղի կունենա Կասպարովի եւ Կասիմջանովի հանդիպումը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ